«Կովկաս-Փոթի լաստանավն ապրիլի 9-ի երեկոյան կամ 10-ի առավոտյան կժամանի Փոթի»,- տեղեկացրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Հիշեցնենք, որ փետրվարին ՀՀ կառավարության եւ «Ռեզերվ կապիտալ» ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն՝ ընկերությունը պետք է լաստանավով շաբաթական երկու անգամ ուղերթեր իրականացներ Կովկաս-Փոթի երթուղով եւ տեղափոխեր միայն հայկական բեռներ: Նախապես պլանավորված էր, որ լաստանավը բեռնափոխադրումները կսկսի մարտի 15-ից, սակայն այդ օրը հետաձգվեց՝ պատճառաբանությամբ, թե կան չլուծված տեխնիկական հարցեր: Հայտարարվեց, թե լաստանավն իր աշխատանքները կսկսի ապրիլի 5-ին: Իսկ այս անգամվա հետաձգման պատճառն, ըստ Ա. Ղազարյանի՝ Վրաստանում Զատկի տոներն են, ուրբաթ օրվանից սկսած մեր հարեւան երկրում չեն աշխատում: Ա. Ղազարյանի խոսքերով՝ լաստանավը դիմավորելու համար Հայաստանից Փոթի կմեկնեն ինքը, ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությունից մի պաշտոնյա եւ մի քանի գործարարներ: