Գումար ծախսելու եմ օրենքի շրջանակներում

06/04/2007 Արտակ ՍԱՐԳՍՅԱՆ

Երեւանի թիվ 9 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրել եւ պաշտպանելու է Կենտրոն համայնքի ՀՀԿ կառույցի ղեկավար Ռուբեն Սադոյանի թեկնածությունը: Բացի նրանից, այս ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարի են դուրս եկել եւս 5 թեկնածուներ: Ստորեւ ներկայացվող հարցազրույցում Ռուբեն Սադոյանը ներկայացնում է իր տեսակետները եւ կանխատեսումներն առաջիկա ընտրական գործընթացների վերաբերյալ:

– Ձեր թեկնածությունն առաջադրված է Երեւանի կենտրոնը ներառող ընտրատարածքներից մեկում: Սովորաբար դրանք համարվում են ամենաբարդ ընտրատարածքները, քանի որ ձեւավորված ավանդույթի համաձայն՝ հենց այնտեղ են կենտրոնանում մեր, այսպես կոչված, իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: Այս անգամ էլ այդ օրինաչափությունները կարծես պահպանվել են: Ինչո՞ւ հենց այս ընտրատարածքն ընտրեցիք, ավելի հեշտ չէ՞ր հանրապետականների բավական հզոր վարչական ռեսուրսները գործի դնելով, միջազգային դիտորդների աչքից հեռու` մի այլ տեղում առաջադրվել եւ անցնել խորհրդարան:

– Չեմ կարծում, թե ավելի հեշտ կամ ավելի դժվար ընտրատարածքներ կան: Եթե ուշադիր ուսումնասիրենք բոլոր 41 ընտրատարածքները, ապա ամենուրեք էլ բազմաթիվ, իրար արժանի մրցակիցներ կան, որոնց մեջ կան ոչ միայն ամբողջ երկրում հայտնի գործիչներ, այլեւ, ինչպես նշեցիք, տեղական քաղաքական եւ տնտեսական էլիտայի ազդեցիկ ներկայացուցիչներ: Այս առումով, կարծում եմ, միշտ էլ շահեկան է, երբ պատգամավորության թեկնածուն առաջադրվում է այն ընտրատարածքում, որտեղ բնակվում կամ աշխատում է (իմ դեպքում դա համատեղվում է), որտեղ նրա կարողություններին ու հնարավորություններին ընտրողները ծանոթ են ոչ թե ընտրությունների նախօրերին բաժանվող նախընտրական բուկլետներից (եւ ոչ միայն), այլ մինչ այդ կատարած կոնկրետ աշխատանքներից: Իմ պարագայում, կարծում եմ, զարմանալի կլիներ, եթե մայրաքաղաքի կենտրոնում չառաջադրվեի, այլ մի որեւէ այլ տեղում փորձեի իմ ուժերը: Էլ որտե՞ղ պետք է առաջադրվեր Հանրապետական կուսակցության «Կենտրոն» համայնքի կառույցի ղեկավարը, եթե ոչ այնտեղ, որտեղ տարիների հետեւողական արդյունավետ աշխատանքի շնորհիվ հանրապետականների դիրքերը բավականին ամուր են, կայուն, ինչի վկայությունն է նաեւ այն, որ Կենտրոնի բնակիչները հենց Հանրապետական կուսակցության ներկայացուցչին են վստահում ղեկավարելու իրենց համայնքը:

– Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի վարչական ռեսուրսի հե՞տ եք, փաստորեն, հույսեր կապում: Ի դեպ, նա օրերս արդեն հրապարակավ հայտարարեց, որ այն, ինչ արվում է Կենտրոն թաղապետարանի կողմից (տվյալ դեպքում խոսքը կոնկրետ վերաբերում էր զինծառայողների ծնողներին զորամասեր տանելու պարբերաբար անցկացվող միջոցառումներին), դա նաեւ Ձեր աշխատանքի շնորհիվ է: Այսինքն, կարելի՞ է փաստել, որ թաղապետը Ձեր, ինչպես ասում են, «ռասկրուտկայով» է սկսել զբաղվել:

– Այն, որ Գագիկ Բեգլարյանը բացեիբաց, առանց որեւէ կեղծ «ժողովրդավարություն» խաղալու փորձում է աջակցություն ցուցաբերել իր կուսակցին, կարծում եմ, շատ հասկանալի եւ բնական վարքագիծ է: Ավելի զարմանալի կլիներ, եթե Հանրապետական կուսակցությանը հարող թաղապետն այլ կեցվածք դրսեւորեր եւ իմ մրցակիցների «ռասկրուտկայով» զբաղվեր: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, եւ թաքցնելու բան էլ չէ, որ Գագիկ Բեգլարյանը ոչ միայն իմ կուսակիցն է, այլեւ իմ ընկերը: Բայց համաձայն չեմ Ձեր հարցում հնչեցված ակնարկին, որ թաղապետի վարչական ռեսուրսները գործի են դրվելու իմ՝ հաղթանակի հասնելու համար: Բացի այդ, որոշակի հստակեցման կարիք ունի նաեւ, թե ի՞նչ է նշանակում վարչական ռեսուրսի օգտագործում հասկացությունը: Եթե, ասենք, նույն թաղապետարանի որեւէ բաժնի պետ կամ մի այլ աշխատակից իր անձնական քաղաքական հայացքներից եւ նախասիրություններից ելնելով՝ փորձի ինձ ընտրարշավի ընթացքում օգնել, դա կնշանակի՞ արդյոք, որ վարչական ռեսուրս է օգտագործվում: Կարծում եմ՝ քանի որ բոլորն էլ մեր երկրի քաղաքացիներն են, բոլորն էլ քաղաքացիական դիրքորոշումներ դրսեւորելու հավասար իրավունքներ ունեն: Եվ, ի վերջո, ինչպես հենց դուք նկատեցիք, սովորաբար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ընտրատարածքներում ընթացող ընտրարշավները միջազգային դիտորդների եւ քաղաքական ուժերի կողմից կարծես մանրադիտակի տակ են դիտվում: Եվ ոչ ոք այդ պայմաններում անիմաստ ռիսկի չի գնալու…

– Բայց ինչո՞ւ անիմաստ, լավ էլ իմաստ ունի, եթե հաշվի առնենք սպասվող պայքարի թեժությունը:

– Անիմաստ է այն պատճառով, որ առանց վարչական ռեսուրսի էլ հաղթանակի հասնելու լավ հնարավորություն ունեցող թեկնածուն չի ցանկանա իր տարիների աշխատանքի պտուղները, ինչպես ասում են՝ «ջուրը գցել»՝ միայն հանուն այն բանի, որպեսզի իր հաղթանակը մի 100 կամ 200 ձայնով ավելի համոզիչ լինի:

– Լավ, իսկ փո՞ղ էլ չեք ծախսելու:

– Բնականաբար ծախսելու եմ, բայց ոչ այն իմաստով, ինչի մասին որ ընտրարշավի ընթացքում, ցավոք, շատերը մտածում են: Չեմ էլ կարծում, որ նորմալ բանականության տեր որեւէ մարդ կարող է մտածել Երեւանի ամենակենտրոնում ընտրակաշառք բաժանելու մասին եւ համոզված լինել, որ դա հակառակ ռեակցիա չի առաջացնի երեւանցիների մոտ: Դա կնշանակի, որ այդ թեկնածուն պարզապես բացարձակապես չի ճանաչում իր ընտրատարածքի մարդկանց: Գումարներ, իհարկե, ծախսվելու են, բայց օրենքի տառին խիստ համապատասխան, օրենքով սահմանված չափով եւ օրենքով սահմանված նպատակների համար:

– Պարոն Սադոյան, թեպետ ընտրարշավը պաշտոնապես դեռ չի սկսվել, նախընտրական կոնկրետ ծրագրերի ժամանակը դեռ կգա, այնուամենայնիվ, որպես տնտեսագետ, ի՞նչ առաջնային նպատակ եք դնելու պատգամավոր ընտրվելուց հետո:

– Կարծում եմ, որ տնտեսական աճը մեր երկրում ակնհայտ եւ անվիճելի փաստ է: Սակայն փաստ է նաեւ այն, որ առայժմ, ցավոք, այդ աճը մարդիկ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «իրենց կաշվի վրա» դեռ չեն զգում: Այդ իսկ պատճառով իմ գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի այնպիսի օրենքների ընդունմանը նպաստելը, որոնք լավագույնս կպաշտպանեն կոնկրետ քաղաքացիների շահերը, այլ ոչ թե ինչ-որ վերացական բնույթ կկրեն: Մասնավորապես, նշածս նպատակին հասնելու համար խոչընդոտ են հանդիսանում կոռուպցիան, հովանավորչությունը եւ շուկայի առանձին հատվածներում մենաշնորհի գերիշխանությունը: Իսկ դա առաջին հերթին լուրջ հարված է հասցնում փոքր եւ միջին բիզնեսի ծավալմանը եւ զարգացմանը: Եվ դա՝ այն դեպքում, երբ մեր երկրի բնակչության մեծամասնությունը հենց փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում է ներգրավված:

– Այսինքն՝ հերթական՝ «կոճակ սեղմող» պատգամավորը չեք դառնալու…

– Ոչ, նաեւ այն պատճառով, որ ազգանունս է պարտավորեցնում ինձ լինել շատ խոսացող, բայց նաեւ աշխատող պատգամավոր (ծիծաղում է.-Ա.Ա.):