Զավեշտական է, բայց փաստ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը կոչված մարմիններն ամենաշատն են խախտում մարդու իրավունքները: Այս համոզմունքը երեկ ասուլիսի ընթացքում հաստատեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Վերջինս ներկայացնելով 2006թ. ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը, բավականին ուշագրավ պատկեր ներկայացրեց. «2006թ. 10 ամսվա կտրվածքով դատարանների կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ստացվել է 159 դիմում-բողոք, դատարանների նկատմամբ անվստահություն կա, հետեւաբար՝ դատարանները պետք է անկախանան: Ինչքան դատարաններն անկախ լինեն` այնքան մարդու պաշտպանության դաշնակիցը կլինեն»,- նշեց Ա. Հարությունյանը` հավելելով, որ դատարանների անկախ կարգավիճակը թույլ կտա առավել օբյեկտիվ վճիռներ կայացնել: Ի դեպ, պետական գերատեսչություններից մարդկանց բողոքների հոսքն ամենաշատն ուղղված է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից իրականացված խախտումներին` 88 դիմում-բողոքներ, որը գերազանցում է անգամ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ ուղղված բողոքներին:
ՀՀ Ոստիկանության դեմ ուղղված դիմում, բողոքները 114-ն են: Այսպիսով, քաղաքացիների հիմնական դիմում-բողոքներն ուղղված են դատարանների, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Ոստիկանության գործունեությանը: «Հանրային մարմինների վերաբերյալ իմ մոտեցումը հետեւյալն է. կարծես թե Հայաստանի Հանրապետությունում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այդ ինստիտուցիոնալ` պետական մարմինների համակարգը ոչ այնքան ուղղված է դեմքով դեպի քաղաքացիները եւ նրանց իրավունքները, որքան իրենք դեպի իրենց: Այսինքն` օրինակները ցույց են տալիս, որ ավտոնոմ մի համակարգ է դարձել, եւ քաղաքացին իրավունքով դուրս է մնացել: Ոչ թե համակարգն է իրավունքների երաշխավորության պաշտպանության ուղղությամբ աշխատում, այլ համակարգի մեջ որոշ անձինք»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը` որպես ապացույց նշելով մի քանի օրինակներ: Այն է` Երեւանի քաղաքապետարանը թույլ է տալիս մի որեւէ հասցեում շինարարություն իրականացնել, բայց կատարվում է բոլորովին այլ տեղում, ընդ որում` մարդու բնակարանից 70սմ հեռավորության վրա եւ, երբ վերոնշյալ հարցով դիմում ես` ոչ մի լուծում չի տրվում: «Դատարանը որոշում է, որ քաղաքապետը որտեղ ցանկանա` այնտեղ էլ շինարարություն իրականացնելու թույլտվություն կտա: Այստեղ խախտվում է քաղաքացու իրավունքը, որովհետեւ 70սմ հեռավորության վրա շինարարություն չի կարելի կատարել: Բացի դա, անթույլատրելի վայրում է կատարվում: Մենք որոշ մարմինների հետ խնդիրներ ունենք: Այդ մարմինները կարծես մի ավտոնոմ համակարգ լինեն: Քաղաքապեը ԾԻԳ-ի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) կառավարման խորհրդի նախագահ է, բայց որոշումներ է ընդունում դատարանի որոշումը չկատարելու մասին»,- հայտարարեց Ա. Հարությունյանը: Մարդու իրավունքների պաշտպանի համար, օրինակ, անհասկանալի է այն հանգամանքը, որ 4-5 տարվա ընթացքում սեփականության օտարման գործընթացի ժամանակահատվածում որեւէ քաղաքացի դատարաններում չի շահել: «Մենք այդպիսի դեպք չունենք, որ քաղաքացին դատարանում շահի: Քրեակատարողական հիմնարկներում էլ չի եղել մի դեպք, որ բողոքից հետո Դատախազությունը գործ հարուցի եւ մեղավոր ճանաչի ադմինիստրացիայից ինչ-որ մեկին: Դժվար է հավատալ, որ դատապարտյալները միշտ մեղավոր են լինում եւ անհիմն բողոքներ են ներկայացնում: Շատ ծայրահեղ իրավիճակում ենք»,- նշեց Ա. Հարությունյանը` հավելելով, որ, այդուհանդերձ, իրենց համար թիվ մեկ խնդիրը Երեւանի քաղաքապետարանի գործունեությունն է: Եվ սա՝ այն դեպքում, երբ արդեն մեկ տարի է, ինչ քաղաքապետարանը թմբկահարում է մեկ պատուհանի սկզբունքը կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության («ԷԼՓԱՍ») համակարգը: Այս համակարգը ներդնելիս քաղաքապետարանի ներկայացուցիչները վստահեցնում էին, որ «ԷԼՓԱՍ»-ն ամբողջ աշխարհում համարվում է քաղաքացիների դիմում-բողոքներին լուծում տալու համար կիրառվող ամենաարդյունավետ համակարգը: Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ քաղաքապետարանի գործունեության հետ կապված 2006թ. աղաղակող գործերն ուղղակի պարտավորեցնում են այսուհետ քաղաքապետարանի գործունեությունը հատուկ վերահսկողության տակ վերցնել: Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում նշվում է, որ 10 ամսվա ընթացքում 120 դիմում-բողոք է եղել՝ կապված քաղաքապետարանի գործունեության հետ: Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ Ա. Հարությունյանը քաղաքապետ Ե. Զախարյանին պաշտոնազրկելու առաջարկ չի ներկայացնում` վերջինս պատասխանեց. «Օմբուդսմենն այդպիսի իրավունք չունի: Երբ ասում եմ՝ համակարգը չի աշխատում, այլ համակարգի մեջ որոշ անձինք են աշխատում` նշանակում է, որ համակարգային խնդիրներ ունենք: Իսկ եզրահանգումները պետք է համապատասխան մարմիններն անեն: Օմբուդսմենի մոտեցումն ու զեկույցը պետք է ընդամենը փաստի կոնստատացիա լինի, իսկ եզրահանգումը պետք է հասարակությունը եւ համապատասխան մարմիններն անեն»:
Ինչեւէ, ըստ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի` 2006թ. ընթացքում քաղաքացիների կողմից ստացվել է 2687 դիմում-բողոք:
Ա. Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանը լինելով անցումային շրջանում գտնվող երկիր, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից համակարգային լուրջ փոփոխությունների կարիք ունի, քանի որ մարդու իրավունքները պաշտպանելու համար իրենք մշտապես բախվում են համակարգի հետ: «Մենք համակարգի հետ խնդիր ունենք, եւ այդ հարցը պետք է լուծվի: Երեք ամսվա ընթացքում մենք ունեցել ենք ընդամենը 7 դրական լուծում»,- ասաց Ա. Հարությունյանը: Մարդու իրավունքների պաշտպանի 2006թ. տարեկան զեկույցը բավական ծավալուն փաստաթուղթ է: Ի տարբերություն նախորդ տարիների՝ քաղաքացիները սկսել են վստահել մարդու իրավունքների պաշտպանի համակարգին եւ այլեւս ամոթ չեն համարում դիմում-բողոք ներկայացնելը: Այլ հարց է, թե որքանով են նրանց դիմումները վիճարկվում, կամ դրանց լուծումներ տրվում: