Մինչ տարբեր ընդդիմադիր ուժեր ու քաղաքական գործիչներ խոսում են առաջիկա հեղափոխությունների մասին, պատրաստվում են ստեղծել զանազան դաշինքներ ու նոր ֆորմատներ, հիմնական ընդդիմություն համարվող «Արդարություն» դաշինքը դեռեւս գտնվում է այն վիճակում, ինչ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստեղծվեց ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի երեկվա ասուլիսից, որը հրավիրվել էր Մամուլի ազգային ակումբում: Մարտի 5-ին լրանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկրորդ տարին, եւ դրա վերաբերյալ Ստեփան Դեմիրճյանի գնահատականները չեն փոխվել: «Կեղծված ընտրությունները հետ շպրտեցին Հայաստանը եւ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, կեղծված ընտրությունների հետեւանքն է: Վստահության ճգնաժամը խորանում է, բարոյական անկումը նույնպես խորանում է, սոցիալական լարվածության աճ է նկատվում»,- ինչպես եւ այն ժամանակ, երեկ էլ հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս եւս մեկ անգամ հիշեցրեց 2003 թ. մարտի 5-ից հետո ընդդիմության անցած ճանապարհը՝ դիմում Սահմանադրական դատարան, վստահության հանրաքվեի պահանջ, «ինչը իշխանությունները որակեցին որպես իշխանափոխության փորձ, եւ ռեժիմն անցավ բացահայտ բռնությունների»: Ստեփան Դեմիրճանն այսօր էլ ասում է, որ իրենց պահանջները չեն փոխվել՝ վստահության հանրաքվեի անցկացում, 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կեղծիքներ իրականացնողներին պատասխանատվության ենթարկում, ինչը, նրա կարծիքով, արդար ընտրությունների անցկացման համար ավելի կարեւոր երաշխիք է, քան Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Իսկ ի՞նչ երաշխիք ունի Ստեփան Դեմիրճյանը, որ վստահության հանրաքվեն նույնպես չի կեղծվի: Ըստ նրա, երաշխիքն այն է, որ «հասարակությունը չի հանդուրժի, հասարակությունը պատրաստ է ժողովրդավարության»: Իսկ արդյոք այդ հասարակությունը երկրորդ անգամ իր ձայնը կվստահի՞ ընդդիմությանը, որը չիրականացրեց իշխանափոխություն անելու խոստումը: «Կլինի ընտրություն, ժողովուրդը ում կվստահի՝ նա էլ կգա իշխանության»,- ասում է Ստեփան Դեմիրճյանը, նշելով, որ «Արդարություն» դաշինքը պատրաստ է ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ ընտրությունների: Իսկ այդ ընտրություններում որեւէ ֆորմատով հանդես գալու մասին հարցերին ի պատասխան, Դեմիրճյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ՝ «առանց ինչ-որ պայմանական ֆորմատների»: Ճիշտ նույն կերպ է նա վերաբերվում նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի, Արամ Զ. Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ հնարավոր դաշինքի ստեղծմանը: «Գոյություն չունեցող բաների մասին անիմաստ եմ համարում խոսել»: Իսկ իշխանափոխությունը, բնականաբար, լինելու է սահմանադրական ճանապարհով, ասում է Ստեփան Դեմիրճյանը, այդ հարցում իրենց հեգնողներին հորդորելով` «եթե ոմանք ուրիշ ճանապարհ գիտեն՝ թող իրականացնեն»: Ուրիշ ճանապարհի՝ հեղափոխության մասին, ինչպես հայտնի է, վերջերս խոսում է Արամ Կարապետյանը: Արդյոք Դեմիրճյանը պատրա՞ստ է աջակցել նրան այդ հարցում: «Ինչ-որ գործողություններ թող սկսեն, նոր այդ ժամանակ կխոսենք»: Ինչ վերաբերում է հնարավոր իշխանափոխության ժամկետներին, ապա Դեմիրճյանը խուսափում է որեւէ ժամկետ նշելուց: «Ինձանից օր, ամիս չեք լսի»: Իսկ ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ընդդիմությունը պասիվ է, ուղղակի սխալվում են: «Ընդդիմությունը Հայաստանում հաղթել է 2003 թվականին, ուղղակի այդ հաղթանակը չի ամրագրվել»: Նկատենք, որ բարոյական հաղթանակներով հպարտանալու տեսանկյունից ընդդիմությունը իշխանություններից առանձնապես չի տարբերվում:
Գ. Գ.