Օրերս Ստեփանակերտի Ալրաղացի աշխատողները գործադուլ էին հայտարարել եւ բողոքի ցույց կազմակերպել տնօրինության շենքի մոտ: Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ նշեցին Ալրաղացի աշխատողները, նրանք արդեն շուրջ 6 ամիս է, աշխատավարձ չեն ստանում: Հարցը բազմիցս բարձրացրել էին, «սակայն տնօրենն անընդհատ խաբում էր եւ հարցը ձգձգում»:
Գործադուլին անդրադարձ եղավ նաեւ երեկ՝ ապրիլի 4-ին` Ազգային ժողովի նիստում եւ հանրապետության գլխավոր դատախազի մամուլի ասուլիսի ընթացքում:
ԼՂՀ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ժաննա Գալստյանը բարձրացրեց Ալրաղացի աշխատողների աշխատավարձերի հարցը: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ զրուցել է Ալրաղացի ներկայիս ղեկավարի հետ, որն իր հերթին մեղադրում է նախկին տնօրինությանը: Վարչապետը տնօրենին տեղեկացրել է, որ, օրենսդրության համաձայն, աշխատողների աշխատավարձերը պետք է տրվեն, այլապես հարցը, հնարավոր է, լուծվի դատարանով: «Հիմնարկի ղեկավարն այսօր մեկնել է Երեւան, խոստացել է հարցը կարգավորել մեկ շաբաթվա ընթացքում եւ տեղեկացնել»,- ավելացրել է վարչապետը:
Գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը երեկ հրավիրած ասուլիսում նույնպես անդրադարձավ հարցին. «Առայսօր դատախազություն մուտք չի գործել որեւէ դիմում` կապված այդ աշխատավարձերի չտրման հետ: Եթե աշխատակիցների կողմից կլինի նման դիմում, որտեղ կբարձրացվեն իրենց մեջ հանցակազմի հատկանիշներ պարունակող հարցեր, բնականաբար, դատախազության կողմից քրեական գործ կհարուցվի, եւ գործը կքննվի,- ասաց նա: -Ալրաղացը եւ հացի գործարանը նախկինում կառավարվում էին միեւնույն սեփականատերերի կողմից: Հացի գործարանի սեփականատերը, որը նաեւ Ալրաղացի սեփականատերն է, դիմել է Գլխավոր դատախազություն: Հացի գործարանի տնօրինության կողմից նախկինում կատարած արարքներում իր ստուգումների արդյունքում հայտնաբերել էր հանցագործության հատկանիշներ` յուրացումների եւ հարկերից խուսափելու փաստեր: Ստուգումներն իրականացվել են, եւ քրեական գործերի հարուցման հիմքերն արդեն ունենք: Իսկ Ալրաղացի նկատմամբ, որը մասնավոր սեփականություն է, դատախազությունը կարող է հսկողություն իրականացնել այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պետական շահերին, որոնք կարող են դրսեւորվել հարկերից խուսափելու տեսքով, երկրորդ` եթե տվյալ տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցների կողմից կատարվել է հանցագործություն»,- եզրափակել է Արմեն Զալինյանը:
Ազատվել է աշխատանքից
Արդեն մեկ ամիս է, ինչ ԼՂՀ Գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացնում Կադաստրի պետական կոմիտեում: Ավարտվել են միայն Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման ստուգումները, որոնց արդյունքում հարուցվել է քրեական երկու գործ` տարածքային ստորաբաժանման ղեկավարի եւ գանձապահի նկատմամբ: ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանի տեղեկացմամբ` Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման ղեկավար Նոնա Ավագիմյանը դատախազության միջնորդության հիման վրա հեռացված է աշխատանքից:
«Քննությամբ պարզված փաստերի ընթացքում ի հայտ եկան այնպիսի հանգամանքներ, որոնք ուղղակիորեն անհնարին էին դարձնում նրա հետագա պաշտոնավարությունը, որովհետեւ նա իր գործողություններով փորձ էր կատարում խոչընդոտել քննությանը»:
Դատախազը փաստեց նաեւ, որ գանձապահի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրված` իշխանազանցության եւ պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով նյութական միջոցները հափշտակելու փաստով: Ըստ դատախազի ասածների, մի շարք քաղաքացիներից պաշտոնական փաստաթղթեր, մասնավորապես` մուտքի օրդերներ կեղծելու միջոցով բազմաթիվ հափշտակություններ են կատարվել: