Ապրիլի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովը որոշում է ընդունել նախագահական ընտրությունների օրը 2007թ. հուլիսի 19-ին նշանակելու մասին:
Գործող օրենքի համաձայն, թեկնածուների առաջադրումը պետք է սկսվի ընտրություններից 90 օր առաջ եւ վերջանա 75 օր առաջ:
Նիստի ընթացքում քննության դրվեց նաեւ «ԼՂՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Փոփոխություններ կատարելը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի, առաջին հերթին կապված է օրենսգիրքը` ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացի հետ, ինչպես նաեւ՝ այն պատճառով, որ նախորդ ընտրություններից հետո երկրի քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից ընտրությունների անցկացման հետ կապված առաջարկություններ են արվել:
Օրենքի նախագիծը ԱԺ կողմից ընդունվեց առաջին ընթերցմամբ, եւ մինչեւ երկրորդ ընթերցում փոփոխությունների հետ կապված առաջարկները դեռ կքննարկվեն: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի նախագիծը:
Մեր հաշվարկներով, թեկնածուների առաջադրումը մոտավորապես կմեկնարկի ապրիլի 20-ից, սակայն մինչեւ հիմա ոչ ոք չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հստակ դիրքորոշում չեն արտահայտել նաեւ քաղաքական ուժերը, որոնցից ոմանց խոսքերով, դեռ բանակցություններ են վարում այլ քաղաքական ուժերի հետ: ԱԺ-ում մեծամասնություն կազմող Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նույնպես իր դիրքորոշումը չի արտահայտել: Կուսակցության ղեկավար, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հավաստմամբ, ԱԺԿ-ն դիրքորոշումը կարտահայտի թեկնածուների առաջադրման պահին:
«Մենք նախապես խոսել ենք այն մասին, որ կուսակցությունը սկսում է քաղաքական խորհրդատվությունները, որոնք այս պահին էլ շարունակվում են: Մենք արդեն մի քանի տարբեր ձեւաչափերով` եւ՛ խմբակցության, եւ՛ կենտրոնական խորհրդի նիստում քննարկել ենք այդ հարցերը: Բայց նպատակահարմար ենք գտել չսահմանափակվել դրանցով եւ նման կարգի խորհրդատվություններ անցկացնել նաեւ շրջանային եւ քաղաքային կառույցների հետ»,- նշել է Աշոտ Ղուլյանը` ավելացնելով, որ իրենց համար ամենաճիշտ եւ ամենաօպտիմալ տարբերակը խորհրդատվությունների ավարտից հետո դիրքորոշում արտահայտելն է: