Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երկու ամսով հետաձգեց Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների նախաձեռնության» համակարգող Ժիրայր Սէֆիլյանի եւ «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ Ժ. Սէֆիլյանը եւ Վ. Մալխասյանը սահմանադրական կարգը տապալելու կոչերի մեղադրանքով ԱԱԾ մեկուսարանում են 2006թ. դեկտեմբերից: Երեկ Թեքեյան կենտրոնում նրանց ընկերներն ու բարեկամները, հասարակական, քաղաքական եւ մշակութային որոշ գործիչներ հավաքվել էին դիտելու նրա մասին պատրաստված տեսաֆիլմը: ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, որը ներկա էր հավաքին, ասել է. «Այն կռիվը, որ Ժիրայրը տվել է իրպեսների նման, իրպեսների հետ, իր դեմ շարունակվում է ավելի դաժան, ավելի քողարկված, այնպիսի մեթոդներով, որ երբեմն մեզ հասու չէ: Զգուշավորությունը լուծում, ճանապարհ չէ, ավելի խիզախ, բայց ավելի բանականորեն պետք է մոտենալ»: Ելույթներից հետո ներկաներն «Ազատություն Ժիրայր Սէֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին» ցուցապաստառներով շարժվեցին դեպի դատարան: Դատն ավարտին էր մոտեցել, դատավորն արդեն խորհրդակցական սենյակում էր: Դատարանի շենքի շուրջ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված: «Ամոթ» գոչելով՝ ցույցի մասնակիցները ձվեր նետեցին դատարանի շենքի վրա, որոնց այդ պահին ոստիկանները չարձագանքեցին: Քիչ անց պարզվել է, որ ցույցի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն եւ հարցաքննելուց հետո խոստացել են բաց թողնել: