Ձուն արհեստականորեն են թանկացրել

06/04/2007

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ ձվի շուկայում հայտնաբերվել է հակամրցակցային համաձայնության փաստ: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա վերջին հրավիրած նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտարարեց, թե պարզել են, որ ձվի ինքնարժեքը կազմում է 30-35 դրամ, մինչդեռ խանութներում վաճառվում է 65-71 դրամով: Ճիշտ է, ամանորյա տոներից հետո ձուն մի քիչ՝ 5-10 դրամով էժանացավ, բայց ենթադրվում է, որ ներկայիս 60-65 դրամն էլ արտադրողներին գերշահույթ է ապահովում: Եվ ահա հանձնաժողովի մասնագետները անցած մի քանի ամիսներին մոնիտորինգ են անցկացրել եւ պարզել են, որ ձու արտադրողները գին սահմանելու հարցում ունեցել են հակամրցակցային համաձայնություն: Իհարկե, սա դեռ վերջնական որոշումը չէ, հանձնաժողովն առաջիկայում պետք է դեռ նիստ հրավիրի, հրավիրի նաեւ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք էլ կփորձեն արդարանալ, փաստեր ներկայացնել, թե այդպիսի համաձայնություն չկա, ձվի ինքնարժեքը ոչ թե 30-35 դրամ է, այլ, ասենք, 50-55 դրամ: Միգուցե հանձնաժողովն էլ ընդունի նրանց բերած փաստարկները եւ չհաստատի նախնական որոշումը: Բայց դժվար թե այդպիսի փոփոխություն տեղի ունենա, հանձնաժողովը կարծես թե համոզված է իր ուսումնասիրությունների մեջ եւ հաստատուն է իր կարծիքում, հակառակ դեպքում՝ նման հայտարարություն չէր անի:

Հիշեցնենք, որ ՏՄՊՀ-ն անցյալ տարվա վերջին ուսումնասիրություն էր անցկացրել լայն սպառման այլ ապրանքների՝ կարագի, գարեջրի, ցեմենտի, բենզինի, շինարարական եւ այլ նյութերի շուկաներում եւ գտել էր, որ վաճառքի գներն արտադրողներին գերշահույթ են ապահովում: Հանձնաժողովը քննարկել էր նաեւ տվյալ ապրանքային շուկաներում գործող գնային քաղաքականությունը: Սրանք այն շուկաներն են, որտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ եւ որտեղ, ըստ հանձնաժողովի, «առկա է չհիմնավորված գների կիրառման կամ հակամրցակցային համաձայնությունների հավանականություն»: Մոնիտորինգի ընթացքում 14 ապրանքային շուկաներում գործող 17 ընկերություններ իրենց գործունեության մասին հանձնաժողովին տեղեկատվություն են ներկայացրել: Եվ ահա մոնիտորինգն անցկացնող աշխատանքային խումբը պարզել է, որ ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի մեջ կան նաեւ ոչ հավաստի տեղեկատվություն, չհիմնավորված գին կիրառելու դեպքեր, եւ այլն: Հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այդ շուկաների եւ ընկերությունների մասին ավելի մանրամասն տեղեկություն կստանանք, երբ հաջորդ շաբաթ նիստ հրավիրվի: