Տիտանների կռիվը

06/04/2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ որոշել է ժամանակավորապես կասեցնել «ԱրմենՏելի» կողմից մարտի 1-ից կիրառվող «Ընտանիք եւ ընկերներ» ծառայության մատուցման 1 րոպեի համար սահմանված 27 դրամի կիրառումը: Որոշման հիմք է հանդիսացել «Ղ-Տելեկոմ» ընկերության դիմում-բողոքը: Ընկերությունը հանձնաժողովին բողոքել է, որ «ԱրմենՏելը» բջջային կապի ոլորտում կիրառել է դեմպինգային՝ ինքնարժեքից ցածր գներ: Հանձնաժողովն «ԱրմենՏելին» հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել ապացույցներ, հիմնավորումներ եւ ցանկացած այլ տեղեկություններ, որոնք կհիմնավորեն, թե 27 դրամն ինքնարժեքից ցածր չէ: Իսկ մինչ «ԱրմենՏելն» այդ տեղեկատվությունը կներկայացնի, հանձնաժողովը նրան արգելել է այդ ակցիան շարունակել: Հիշեցնենք, որ մարտի 6-ին «ԱրմենՏելն» էր դիմել արդեն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին (ՏՄՊՀ): «GSM» շարժական կապի շուկայում մեր մրցակից «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից կատարվում են որոշ գործողություններ, որոնցով խախտվում է ազատ եւ առողջ մրցակցությունը տվյալ շուկայում: Մասնավորապես՝ «Ղ-Տելեկոմի» կողմից որոշ կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաեւ՝ ֆիզիկական անձանց առաջարկվում են բաժանորդային զանգերի եւ վարձերի այնպիսի սակագներ, որոնք դուրս են այդ ընկերության կողմից պաշտոնապես հրապարակված սակագնային փաթեթներից»,- դիմումի մեջ գրել է «ԱրմենՏելի» տնօրեն Օլեգ Բլիզնյուկը:

Մի քանի օր հետո ՏՄՊՀ-ն ստացավ «Ղ-Տելեկոմ» ընկերության բողոքը, որտեղ էլ այդ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էր դժգոհում, թե «ԱրմենՏելն» է իր բաժանորդներին առաջարկում դեմպինգային սակագներ: Մի խոսքով, բջջային կապի երկու օպերատորները միմյանց մեղադրում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը խախտելու եւ դեմպինգային գներ կիրառելու մեջ: Իսկ այս երկու հանձնաժողովները մեղադրանքների հետ կապված վարչական վարույթներ են հարուցել: Պարզապես հիշեցնենք, որ «Ղ-Տելեկոմն» «ԱրմենՏելին» վարձ է վճարում նրա մանրաթելային կապն օգտագործելու համար: «ԱրմենՏելը» նման ծախսեր չունի, եւ, տրամաբանական է, որ նրա բջջային կապի ինքնարժեքն ավելի ցածր է:

ՀԾԿՀ-ն երեկ հանձնարարականներ է տվել նաեւ «Ղ-Տելեկոմին»՝ 1-օրյա ժամկետում ինտերնետ-կայքում տեղադրել կիրառվող սակագների վերաբերյալ տեղեկատվություն, սակագների յուրաքանչյուր ճշգրտման դեպքում նախապես տեղեկացնել թե՛ հանձնաժողովին, թե՛ բաժանորդներին: Դժվար է գուշակել, թե այս երկու ընկերությունների կռիվը ում օգտին կավարտվի: Իսկ մեզ մնում է միայն հուսալ, որ մրցակցության արդյունքում կշահեն բաժանորդները: