«Հաջորդ ընտրություններին շատ ակտիվ եմ մասնակցելու»

10/05/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Այս անգամ ձեր այցի նպատակը ո՞րն է, Ծաղկաձորի հետ կապված նախագի՞ծն է:

– Այս այցս իմ անձնական հարցերով է պայմանավորված: Եվ քանի որ երկար ժամանակ այստեղ չեմ եղել, առիթից օգտվելով ասուլիս հրավիրեցի՝ Ռուսաստանի հայ համայնքի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ծրագրերը ժողովրդին ներկայացնելու համար: Մենք 15 հատ Ծաղկաձոր չունենք, պետք է առողջարանային միջազգային կենտրոն դառնա: Հայաստանի համար Ծաղկաձորը շատ կարեւոր է:

– ՀՀ ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ խոսեցիք: Արդյոք լռելու պատճառն այն չէ՞ր, որ ԱԺ ընտրություններում ձեր պաշտպանյալ կուսակցությունը ՀՌԱԿ-ն էր, որն էլ խորհրդարանում տեղ չզբաղեցրեց:

– Պատճառը իմ զբաղվածությունն էր թե՛ համայնքում, թե՛ Կոնգրեսի հարցերով եւ թե՛ իմ անձնական բիզնեսով: Եթե նկատել եք, ես ոչ միայն մեկ, այլ շատ կուսակցությունների եմ նյութապես աջակցել, իսկ այդ կուսակցությանը ամենաքիչն եմ օգնել: Ով դիմել է՝ օգնել եմ: Դաշնակցությունը միայն չէր դիմել, մի քանի օր առաջ դիմեցին՝ օգնեցինք:

– Ինչո՞վ օգնեցիք:

– Դե՛, ես ինչո՞վ պիտի օգնեմ: Գումարով: Փարիզում Ցեղասպանության հիշատակին նվիրված ճաշ էին կազմակերպել, ես չկարողացա գնալ:

– Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծման շուրջ այստեղ իշխանությունների հետ տարաձայնություններ ունեցաք: Այժմ ի՞նչ արդյունքների եք հասել, գնացիք Հռոմի պապի մոտ…:

– Արդյունքներ կան, բայց դեռ անբավարար եմ համարում: Մեր պոտենցիալն ավելի շատ է, քան մենք անում ենք: Ի՞նչ է Համաշխարհային հայկական կոնգրեսը. դա բարձր բեմ է, որտեղից մենք ավելի շատ մասսաների լսելի կլինենք: Ցավոք, պասիվություն կա, ոչ ոք չի ուզում որեւէ գործ անել, բոլորը սպասում են՝ մենք ինչ անենք՝ անենք: Բոլորը մեզ դիմում են միայն օգնության համար: Արդեն երկու տարի է լրանում Կոնգրեսի ստեղծումից եւ չկա Հայաստանից կամ Սփյուռքից որեւէ մի մարդ կամ կուսակցություն, որ հետաքրքրվի Կոնգրեսի ծրագրերով կամ իր օգնությունն առաջարկի: Աշխարհի բոլոր հայ համայնքներից էլ միայն նյութական օգնության համար են դիմում՝ ԱՄՆ հայ համայնքին 100.000 դոլար, Ֆրանսիայի եւ այլն: Պետք է Սփյուռքը եւ Հայաստանը միավորվեն: Հայաստանը առանց Սփյուռքի այլ ուժ է, Սփյուռքն առանց Հայաստանի՝ այլ:

– ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ ձեւակերպման վերաբերյալ:

– Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում պետք է տնտեսական լծակներ գործի դրվեն, ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ ներդրումներ արվեն, ժողովրդի վիճակը լավանա: Շատ լավ է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը քաղաքական այդպիսի բարձր ռազմավարական գործընկերներ են: Բայց դա չի նշանակում, որ մենք Ամերիկայի կամ որեւէ այլ պետության ու միջազգային կառույցի հետ չպետք է աշխատենք: Հայաստանը շատ փոքր եւ սահմանափակ հնարավորություններով պետություն է: Պետք է այնպես անենք, որ ոչ մեկը մեզնից չնեղանա: Գրիզլովի ասածը մի էպիզոդ է: Հայաստանը պետք է գործընկերներ ունենա, իսկ այսօր, բացի Ռուսաստանից, հստակ գործընկեր չունի: Դա շատ վատ է, մենք պետք է գործընկերներ ունենանք Ամերիկայում: Բոլորի հետ պետք է աշխատենք, սերտ կապեր ստեղծենք, բայց ոչ` ի հաշիվ Ռուսաստանի: Ռուսաստանը այդպիսի խնդիր չի դնում, որ միայն իրենց հետ աշխատենք:

– Դուք ինչպե՞ս եք գնահատում «Գույք` պարտքի դիմաց» գործարքը:

– Ամենալավ գործարքներից մեկն էր, որի արդյունքը շատ վատ եղավ: Մենք չպետք է միշտ կարիքավորի եւ ուզողի դերում լինենք, ընկնենք երկրե երկիր՝ փող հավաքենք: Պետք է լինենք դեմոկրատական քաղաքակիրթ երկիր, եթե պարտք ունենք՝ պետք է վերադարձնենք: Գույքով պարտքը մարելը ամենալավ մեխանիզմներից էր: Գույքը տվեցինք Ռուսաստանին՝ առանց պայմաններ առաջադրելու: Ռուսաստանն էլ ոչինչ չի անում, իրեն դա պետք չի: Ոչ ոք հերթ չէր կանգնել այդ գործարանները գնելու համար, որ մրցույթ հայտարարվեր: Դա շատ լավ առիթ էր մեզ համար՝ փոխարենը ինչ-որ բան ձեռք բերելու, դրանց գործարկմանն ուղղված պայմաններ առաջադրելու համար: Կարող էինք այդ առիթն այնպես օգտագործել, որ ռուսներն այստեղ հետաքրքրություններ ունենային: Ամեն երկիր իր շահերով է առաջնորդվում: Վաղը կարող է Ռուսաստանի շահերը համընկնեն Ադրբեջանի շահերի հետ, եւ մեզ ասի՝ վերցրեք ձեր գործարանները, մեզ պետք չեն: Մեր նպատակը միայն դրանց տալը չէր, այլ` դրանց վերագործարկելը: Պետք է մեր շահերից ելնելով այնպիսի պայմաններ առաջադրեինք, որ նրանք ներդրումներ կատարեին ի շահ իրենց: Այդ ժամանակ նրանք Հայաստանում հետաքրքրություններ կունենային:

– Ռուսաստանի համար, որպես գործընկեր պետություն, Հայաստանն ի՞նչ տեղ ունի:

– Ոչ մի տեղ, տնտեսական առումով զրո միավորի տեղ ունենք: Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 140-150 մլն դոլար է կազմում, դա ծիծաղելի թիվ է մեր հնարավորությունների համեմատ: Բայց քաղաքական առումով կարծես ամենամոտ գործընկերներն ենք: Մենք պետք է մեր հարաբերությունները քաղաքականից վերածենք տնտեսական, նյութական արժեքների:

– 2004թ. Պուտին-Քոչարյան մի հանդիպման ժամանակ Պուտինն իր դժգոհությունը հայտնեց Հայաստանում մշակվող ռուսական ադամանդի ծավալների հետ կապված:

– Ասում են, իբր թե Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 100-150%-ով աճել է: Բայց դա ոչինչ չասող ցուցանիշ է, դրանով մարդու փոր չի լցվում: Այսօր երկու նախագահներն էլ լավ հարաբերությունների մեջ են, բայց դա լիարժեք չի օգտագործվում: Ցավոք, երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրները պայմանավորում են անձնական գործոններով: Ինչ վերաբերում է ադամանդի ծավալների նվազմանը, ապա պատճառը քաղաքական թույլ հարաբերություններն են. ռուսները վաճառում են Բելգիային, փող են աշխատում, Հայաստանին չեն վաճառում: Միջպետական պայմանագրի համաձայն` Ռուսաստանը պարտավոր է Հայաստանին ադամանդ վաճառել, բայց չի վաճառում: Սա ուղղակի աբսուրդ է: Մարտի 25-ին Պուտինն այցելելու է Հայաստան, եւ ես ուզում եմ առաջարկել Ռոբերտ Քոչարյանին այդ հարցի կարգավորման նոր մեխանիզմ: Այն է՝ հանձնարարել միջազգային որեւէ ընկերության` միջազգային օրենքներին համապատասխան տնտեսական պայմանագիր կնքել՝ միջպետական պայմանագրերի հիման վրա, ընկերությունը ընկերության հետ, որպեսզի պայմանագրի խախտման կամ չկատարման դեպքում հարցը լուծվի դատական կարգով:

– Գունավոր հեղափոխությունների մասին է հիմա մեզանում շատ խոսվում՝ ուկրաինական եւ վրացական մոդելներով:

– Այդ գունավոր հեղափոխություններին պետք է վերջ տանք, սա Ուկրաինա ու Վրաստան չէ: Մինչեւ մենք մեր խնդիրները չլուծենք, ոչ մի այլ պետություն չի լուծելու: Այլապես մենք միշտ չքավորի, ուզողի դերում կլինենք, նրանք էլ՝ տվողի: Լավ քնեցին՝ կտան, վատ քնեցին՝ չեն տա: Մենք դեռ չգիտենք, թե այդ հեղափոխություններն ինչի կբերեն Ուկրաինան, Վրաստանը: Եթե լավ արդյունքներ ունենան՝ այդ ժամանակ հետեւություններ կանենք: Այն, որ երկրում այսօր ճգնաժամ կա՝ բոլորս ենք տեսնում, որը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների ոչ հստակ աշխատանքով: Օրինակ, Սփյուռքի հետ կապված հարցերում: Կա Հայերի համաշխարհային կոնգրես, դա, իհարկե, լավ է, բայց չկա միասնաբար աշխատելու ցանկություն:

– Այդ հարցո՞վ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմներ ունեիք:

– Ես նախագահի հետ երբեք պրոբլեմ չեմ ունեցել, կարող է ինքն իմ հետ պրոբլեմ ունի, բայց ես իր հետ ընդհանրապես պրոբլեմ չունեմ: Ուղղակի Հայերի համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայ համայնքի համար ոչինչ չի անում:

– Այնուամենայնիվ, իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Ժամանակից շուտ իշխանափոխություն ճիշտ չէ անել, պետք է սպասել ընտրություններին, ստեղծել մի հզոր ուժ եւ թույլ չտալ, որ ավելորդ բաներ լինեն:

– Տեսնո՞ւմ եք այդ ուժը:

– Ոչ:

– Արաբական Էմիրություններում դուք հանդիպել եք ԱԺ եւ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանին: Աջակցո՞ւմ եք նրան:

– Ես գտնում եմ, որ Արթուր Բաղդասարյանը շատ տաղանդավոր, լավ տղա է, ճիշտ, համապատասխան իր տեղում է գտնվում, մեծ ապագա ունի, եւ ուրախությամբ օգնում եմ նրան: Նրա առաջարկած մի ծրագրով 400 համակարգիչ ենք հատկացրել:

– Իսկ եթե մի օր Արթուր Բաղդասարյանն ասի, որ ուզում է Հայաստանի պրեզիդենտ դառնալ, կօգնե՞ք:

– Ուզո՞ւմ է դառնալ: Ինձ չի ասել: Ես չգիտեմ` հետագայում ինքն ի՞նչ է ուզում դառնալ: Եթե լինի մեկը, որը ծրագիր կունենա եւ համապատասխան թիմ՝ ով ուզում է լինի՝ կաջակցեմ, որ նախագահ դառնա: Որ կուսակցությունից ուզում է լինի: Բայց այն, որ ես շատ ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, թող ոչ ոք չկասկածի, ուժեր եմ հավաքում: Բոլորի հետ ես հանդիպում եմ, տեսնեմ՝ ով ինչ կառաջարկի:

– Իսկ ումի՞ց եք լավ առաջարկ ստացել:

– Առայժմ ոչ մեկից: «Կիկոսի մահը» հեքիաթն անցնելու օրը ես դասի չեմ գնացել: Ու այդտեղ իմ բախտը բերել է: Կգա ժամանակը` բոլորս կիմանանք: Դա ո՞վ կլինի՝ ես չգիտեմ: Իմ համար Հայաստանի շահն ավելի բարձր է, քան իմ եղբոր, ընկերոջ կամ որեւէ կուսակցության: Երկրի նախագահը բոլորի համար է նախագահ, ոչ թե առանձին կուսակցության կամ մի ընտանիքի: Կարեւորը հիմա ճիշտ պատրաստվելն է: Ես սիրում եմ իմ տնային աշխատանքը լավ կատարել:

– Տեղյա՞կ եք Պուտին-Ալիեւ այս վերջին հանդիպման արդյունքներից:

– Ադրբեջանի համար հանդիպման արդյունքները շատ դրական են: Իրենց կապերն ավելի են ամրապնդվելու, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասնելու է մինչեւ 10 մլրդ դոլարի:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք Պուտին-Քոչարյան այս սպասվելիք հանդիպումից:

– Հայաստանում հանդիպումները միշտ ջերմ են անցնում, բայց խնդիրները մնում են չլուծված: