Գործարար տղամարդու հագուստը

06/04/2007

Վերնազգեստը գույնով եւ կտորի բաղադրությամբ պետք է համապատասխան լինի կոստյումին, որպեսզի երբ տղամարդը հանում է վերարկուն կամ անձրեւանոցը, աններդաշնակություն չլինի: Անձրեւանոցը կամ վերարկուն կարող են նորաձեւությանը համապատասխան լինել, սակայն դրանք չպետք է լինեն խիստ ընդգծված նորաձեւ: Նախընտրելի են դասական վերարկուները՝ մոխրագույն, սեւ կամ կապույտ:

Գլխարկը պետք է նորաձեւությանը համապատասխանի, սակայն չափավոր: Գործարար մարդու համար անթույլատրելի է բերետը:

Շարֆը հագուստի այն տարրն է, որը կարող է վառ լինել (ճերմակ, կարմիր), սակայն այն պետք է ներդաշնակ լինի ամբողջ հագուստի՝ կոստյումի, վերարկուի հետ: Այն կարող է նաեւ համեստ, աչքի չընկնող գույների լինել: Հովանոցը պետք է միայն սեւ լինի:

Պայուսակը, դրամապանակը, քեյսը, ակնոցի տուփը եւ այլ աքսեսուարներ պետք է բնական կաշվից լինեն, սակայն ոչ կոկորդիլոսի կամ օձի: Ինչ վերաբերում է զարդերին, ապա գործնական հագուստի մեջ պետք է լինի մի թանկարժեք մատանի, այն կարող է լինել թանկարժեք քարով, սակայն քարի գույնը պիտի լինի մոխրագույն, սեւ, անգույն (ադամանդ): Եթե թանկարժեք մատանի գնելու հնարավորություն չունեք, ավելի լավ է մատանի չդնել ընդհանրապես: Նկատենք, որ ամուսնական մատանին զարդ չի համարվում, դա ընտանեկան դրության խորհրդանիշն է: Ճարմանդները եւ փողկապի քորոցը զարդ չեն համարվում, սակայն եթե դրանք գեղեցիկ են, միաժամանակ կարող են իբրեւ զարդ ծառայել: Դրանք չպետք է շատ խոշոր լինեն, անթույլատրելի են պլաստմասսայե կամ կեղծ քարերով քորոցներն ու ճարմանդները: Դրանք պետք է լինեն բնական նյութերից՝ ոսկի, արծաթ, թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր:

Օծանելիքն ու հարդարանքի պարագաները պետք է նույն սերիայից լինեն: Օծանելիքի բույրը շատ թույլ պետք է լինի, այստեղ կարեւոր է չափի զգացումը:

Գործարար տղամարդու սանրվածքը պետք է նորաձեւ լինի, սակայն ծայրահեղության չհասնի: Բացարձակապես անթույլատրելի է ականջին օղ կրելը: Ժամանակակից էթիկետը բացասական է վերաբերվում նաեւ բեղերին եւ մորուքին:

Գործնական ընդունելությունների ժամանակ հագուստը եւս պետք է պահպանողական լինի: Մինչեւ երեկոյան 7-ը տեղի ունեցող ընդունելությունների ժամանակ (նախաճաշ, կոկտեյլ եւն) խորհուրդ է տրվում միատոն, ոչ վառ գույնի կոստյում: Երեկոյան ընդունելությունների ժամանակ ընդունված է մուգ, օրինակ՝ սեւ գույնի կոստյում: Ավելի տոնական է համարվում սմոքինգը. սովորաբար հրավիրատոմսի մեջ այդ մասին հատուկ նշվում է: Վերնաշապիկը պետք է ճերմակ լինի, փողկապը՝ աչքի չընկնող գույնի կամ թիթեռնիկ-փողկապ: Սմոքինգի հետ պետք է հագնել սեւ լաքե կոշիկներ:

Գործարար տղամարդու արտաքին տեսքի մեջ անթույլատրելի են.

* կարճ գուլպաները, որոնք մերկացնում են ոտքը, երբ մարդը ոտքը ոտքին գցած է նստում

* կեղտոտ թաշկինակը

* պոկված կոճակները

* ճմրթված կոստյումը

* ծուռ կապված փողկապը

* կեղտոտ կոշիկները

* հագուստի մեջ վառ, ճչացող գույները, եւն: