Նախօրեից Ռուսաստանում ուժի մեջ մտած օրենքն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է տոնավաճառներում, շուկաներում, կրպակներում առեւտրով զբաղվել: Միգրացիոն Դաշնային ծառայությունն արդեն կատարել է առաջին ստուգումները: Մոսկվայի շուկաներում երեկ զանգվածային ստուգումներ են սկսվել՝ առեւտրով զբաղվող ներգաղթյալներին հայտնաբերելու համար: Միգրացիոն Դաշնային ծառայությունը մտադիր է ստուգել մոտ 100 օբյեկտ: Օպերատիվ գործելու համար ծառայությունը նոր մեքենաներ է ստացել, որոնց վրա կարմիր տառերով գրված է՝ «Միգրացիոն Դաշնային ծառայություն»: Նախատեսվում են նաեւ համատեղ գործողություններ ոստիկանության հետ: Բացի այդ, Մոսկվայի «առավել զգոն» բնակիչները եւս կարող են «պայքարել» առեւտրով զբաղվող օտարերկրացիների դեմ. բացվելու են հեռախոսի «թեժ գծերի» համարներ, որոնցով քաղաքացիները կարող են զանգահարել ու հայտնել իրենց «կասկածելի» թվացող դեպքերի մասին՝ «այսինչ կրպակի վաճառողը կովկասցու նման է», եւ այլն: