Մանրամասն կուսումնասիրվեն

05/04/2007

ՀՀ ԿԸՀ-ն երեկ սկսել է խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման գործընթացը, որը կավարտվի ապրիլի 7-ին: Մեծամասնական թեկնածուների գրանցումը կկատարվի Ընտրատարածքային հանձնաժողովներում: ԿԸ եւ ԸԸ հանձնաժողովները առաջիկա 5 օրերի ընթացքում կուսումնասիրեն կուսակցությունների եւ պատգամավորության մեծամասնական թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը: Եթե որեւէ կուսակցության կամ թեկնածուի փաստաթղթերում անճշտություն լինի, ԿԸՀ-ն 48 ժամ կտրամադրի դրա հարթման համար: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 10-ը: Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգով առաջադրված 28 քաղաքական ուժերից գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 25-ը, մեծամասնական ընրտրատարածքներում առաջադրված 173 թեկնածուներից` 141-ը: Թեկնածուներն՝ իրենց թեկնածությունը, կուսակցությունները, դաշինքներն՝ իրենց ցուցակներն իրավունք ունեն հանել մինչեւ մայիսի 2-ը: Թեկնածուների, կուսակցությունների եւ դաշինքների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակումն արգելվում է մայիսի 5-12-ը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները կձեւավորվեն ապրիլի 23-26-ը, առաջին նիստը կհրավիրեն ապրիլի 27-ին` ժամը 12:00-ին: Քվեաթերթիկները կթողարկվեն մայիսի 3-9-ը: