Երեկ Արմավիր քաղաքում ամեն ինչ հանգիստ էր մինչեւ այն պահը, երբ հաշված րոպեներ էին մնացել Արմավիրի քաղաքապետի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի հայցի քննարկումն Արմավիրի առաջին ատյանի դատարանում:
Դատական նիստից 30 րոպե առաջ այլեւս դատարանի շենքի դիմաց ասեղ գցելու տեղ չկար: Իսկ ջիփերն ու արտասահմանյան մակնիշի մյուս մեքենաները պարզապես անանցանելի էին դարձրել փողոցը: Հիշեցնենք, որ իրար դեմ պայքարում էին ՀՀԿ թեկնածու Ռուբեն Խլղաթյանն ու ԲՀԿ թեկնածու Արայիկ Աղաբաբյանը:
Մինչեւ դատական նիստը
Քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում որոշել էին գաղտնի պահել իրենց թեկնածուի ներկայացրած հայցադիմումի պահանջները, երեկ առավոտյան մինչեւ դատական նիստի մեկնարկը, որոշեցինք այցելել թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողով` այնտեղից տեղեկանալու, թե թեկնածու Արայիկ Աղաբաբյանն ընտրությունների հատկապես որ մասից է դժգոհ: ԸԸՀ նախագահ Գայանե Սուքիասյանից տեղեկացանք, որ Ա. Աղաբաբյանը դժգոհ է ընտրացուցակներից եւ կրկնակի քվեարկություններից: Որպես պատասխանող կողմ՝ դատարանում պետք է հանդես գար թիվ 21 ԸԸՀ-ն, իսկ որպես երրորդ` շահագրգիռ կողմ դատարան էր հրավիրվել նաեւ ընտրություններում հաղթած, գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Գ. Սուքիասյանը դատարանում հայտարարեց, որ ինքը որեւէ հիմք չի տեսնում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար, որովհետեւ ընտրությունների ընթացքում ԸԸՀ-ն ոչ մի դիմում-բողոք, հատուկ կարծիք` արձանագրության տեսքով չի ստացել: «Եթե նրանք գտնում են, որ ընտրացուցակներում տեղ են գտել թերությունները, ապա 40 օր ցուցակներն իրենց ձեռքին են եղել, եւ իրենք կարող էին այդ բոլոր թերությունները ներկայացնել Արմավիրի անձնագրային բաժին եւ ճշտումներն անել»,- ասում էր Գ. Սուքիասյանը` վստահեցնելով, որ ԸԸՀ-ն ընտրացուցակների հետ որեւէ առնչություն ունենալ չի կարող: «Իրենք նույնիսկ չգիտեն, որ ընտրացուցակները բողոքարկում են ոչ թե ԸԸՀ-ի դեմ, այլ՝ համապատասխան մարմնի: Դա մեր որոշման հետ որեւէ կապ չունի»,- ասում էր թիվ 21 ԸԸՀ նախագահը:
Մինչ դատական նիստը եղանք նաեւ Արայիկ Աղաբաբյանի նախընտրական շտաբում: Ա. Աղաբաբյանը շարունակում էր նորից գաղտնի պահել, թե ի՞նչ հիմքեր ունեն դատարանում ապացուցելու, որ ընտրացուցակներում տեղ են գտել Արմավիրի գրանցում չունեցող կամ մահացած մարդկանց տվյալներ: Ա. Աղաբաբյանը մամուլում հայտարարել էր, թե մրցակից կողմն իր հաղթանակն ապահովելու համար «ավանտյուրաների» էր գնացել, ուստի հետաքրքրվեցինք, թե խոսքն ի՞նչ «ավանտյուրաների» մասին է: Ի պատասխան՝ Ա. Աղաբաբյանն ասաց. «Ես նկատի եմ ունեցել կեղծիքների շարքը: Կեղծիքներն այնքան բազմաթիվ են: Կեղծիքների այնպիսի ձեւ, ուղղություն կա, որ իմ շրջապատն էլ չգիտի: Ես չեմ ուզում հիմա ասել, դատարանում կասենք»: Նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ընտրացուցակները մանրակրկիտ ստուգելու համար չեն օգտագործել այն 40 օրը, երբ ընտրացուցակները հրապարակվել էին: «40 օրից հետո վերջնական ցուցակ էլ են սարքում: Ես որ ասում եմ` շատ բան չեմ ուզում ասել, դրա համար եմ ասում: Կեղծիքների նոր ձեւեր են հորինել»,- ասաց նա: Մեր հարցին, թե` անձնագրային բաժնի ներկայացրած ընտրացուցակներից հետո մրցակից թեւն այլ ցուցա՞կ է կազմել, նա պատասխանեց. «Ընտրություններից հետո շատ բաներ բացահայտվեցին: Մարզի բոլոր գյուղերից մարդիկ են մասնակցել ընտրություններին: Եկել քվեարկել-գնացել են»: Իսկ թե ինչո՞ւ իրենց ներկայացուցիչներն ընտրությունների ընթացքում համապատասխան արձանագրություններ չեն կազմել, դա մինչեւ վերջ էլ մնաց անհասկանալի: Ա. Աղաբաբյանը, ով մինչեւ դատական նիստը հրաժարվում էր «բացել գաղտնիքը», այն առանց պարզաբանման թողեց նաեւ դատարանում:
Ա. Աղաբաբյանը մինչ այս ընտրություններն արդեն 3 անգամ փորձել է դառնալ Արմավիրի քաղաքապետ, 2 անգամ էլ` ԱԺ պատգամավոր, սակայն ոչ մի անգամ նրան չի հաջողվել ո՛չ քաղաքապետ դառնալ, ո՛չ էլ պատգամավոր: Առաջին անգամ նա որպես քաղաքապետի թեկնածու՝ ընտրություններին մասնակցել է 1999թ., այնուհետեւ` 2002-ին, 2004-ին: Պատգամավոր դառնալու փորձ արել է 1999 եւ 2003թթ.: Դարձյալ անհաջող: Արմավիրում ասում են, որ նա տարբեր կուսակցություններ է փոխել` նայած, թե այդ ընտրական տարում որ քաղաքական ուժն է դասվել հզորների շարքին: Ասում են` նա եղել է ՀՀՇ-ական, Դաշնակցական, Հրանտ Վարդանյանի «Աշխատանք եւ միավորում» կուսակցության անդամ, 2001-ին` ՀՀԿ անդամ, նախորդ քաղաքապետի ընտրություններում նա ներկայանում էր որպես ՄԱԿ անդամ, որն էլ ընտրությունների ժամանակ պաշտպանում էր նրա թեկնածությունը: Իսկ այժմ էլ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Ա. Աղաբաբյանը, սակայն, հերքում է, թե բացի ՀՀՇ-ից ու հիմա էլ՝ ԲՀԿ-ից, ինքն այլ կուսակցության անդամ է եղել: «1988-ից այս կողմ ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Ես եղել եմ շարժման մեջ, եղել եմ ՀՀՇ անդամ: Մի քանի անգամ առաջադրվելիս ինձ պաշտպանել են բազմաթիվ կուսակցություններ, բաց դա չի նշանակում, որ եղել եմ այդքան կուսակցությունների մեջ: Իմ մրցակից կողմը, ավելի շուտ` հակառակորդ կողմը, որովհետեւ նրանք չգիտեն, թե ինչ է քաղաքակիրթ մրցապայքարը, եթե բամբասել է, թե ես եղել եմ բազմաթիվ կուսակցությունների մեջ, ապա ես կարող եմ ասել, որ չեմ եղել որեւէ կուսակցության մեջ: Ես եղել եմ ՀՀՇ-ում, այսօր էլ՝ «Բարգավաճ Հայաստանում»: 1988-ից ես անկուսակցական եմ եղել: Հերյուրանքներ են դրանք, միայն բամբասանքների վրա են: Ես ժողովրդին եմ ներկայանում, իսկ իրենք իրենց բան ու գործը թողած՝ միայն բամբասանքներով են զբաղված»,- ասում է Աղաբաբյանը: Մեզ սակայն հաջողվեց պարզել, որ Ա. Աղաբաբյանը 04.12.2001թ. իր դիմումի համաձայն՝ անդամագրվել է ՀՀԿ շարքերը, եւ իր դիմումը ներկայացրել է Արմավիրի ՀՀԿ տարածքային կազմակերպությանը: Սակայն շատ չանցած նրան հեռացրել են ՀՀԿ-ից: Թե ինչո՞ւ է հիմա նա հրաժարվում իր պատմական արխիվից, դժվար է ասել:
Աղաբաբյանը երեկ նաեւ վստահեցնում էր, որ բոլոր ընտրություններն իր համար միեւնույն վերջաբանն են ունեցել: Ամեն անգամ ընտրություններից հետո հայց է ներկայացրել դատարան, բողոքարկել է, բայց ոչ մի անգամ իր դիմումը չեն բավարարել: «Ամեն անգամ ա՛յ էս կարգի ավանտյուրաների զոհ եմ դարձել: Ոնց ասեմ` հատուկ ուղղվածություն կա: 1999-ին կրել եմ, դրսի մարդկանց բերել-խցկել են քվեարկության: Ի՞նչ ասեմ»,- իր ճակատագրից դժգոհում էր Աղաբաբյանը: Վերջինիս ասելով, անցած մեկ շաբաթվա ընթացքում «մարդահամարի նման բան ենք անցկացրել Արմավիրում»: «Մի 30-40 տոկոսի ստուգում ենք արել, արդեն 5000 հոգի պակասել են: Տնետուն ենք ընկել: Գիտեինք ի՞նչ է, բայց փորձեցինք մենք էլ անցկացնել»,- պարզաբանում էր նա: Ա. Աղաբաբյանն իր բացատրությունն ուներ, թե ինչո՞ւ է ինքն իր հայցը ներկայացրել ոչ թե ընդդեմ անձնագրային բաժնի, որը լիազորված է կազմել ընտրացուցակները, այլ` թիվ 21 ԸԸՀ-ի: «Մենք որոշումն ենքպահանջում անվավեր ճանաչել: Իրենք են որոշում ընդունել, իրենց դեմ ենք ներկայացրել»,- ասաց նա:
Դատարանում
Դատական նիստի ընթացքում Ա. Աղաբաբյանի լիազոր-ներկայացուցիչն ասաց, որ իրենք ընտրատեղամասերի 30 տոկոսի դեմ կասկածներ ունեն, որոնք, իրենց կարծիքով, ազդել են ընտրությունների արդյունքի վրա: Վերջինս հայտարարեց, թե Արմավիրի բնակիչների թիվը 28.000 է, իսկ ընտրացուցակներով ընտրողների թիվը` 26.000, ինչն իրականությանը չի համապատասխանում: Արմավիրում մինչեւ 18 տարեկան 10.000 բնակիչ կա: «Արմավիրում ընտրողների թիվը կարող է կազմել 18.000»,- ասաց Ա. Աղաբաբյանի լիազոր-ներկայացուցիչը: Մարտի 30-ին Ա. Աղաբաբյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին` թիվ 21 ԸԸՀ-ից պահանջելու ընտրացուցակներն ու քվեարկության գրանցամատյանները: Երեկ դատարանը հայցը, որը բաղկացած էր 5 կետից, բավարարեց մասնակի` որոշելով բացել պատահական 3 ընտրատեղամասերի կնքված ծրարներն ու ուսումնասիրել, թե որքանով են հավաստի հայցվոր կողմի փաստարկները: Որոշվեց բացել թիվ 5, 9 եւ 12 տեղամասերի ծրարները: Եվ երբ դատավորի որոշմամբ, դատարանի նիստերի դահլիճ բերվեց ամբողջ` 15 տեղամասերի քվեաթերթիկների, արձանագրությունների արկղը, դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ով դրա իրավունքը չուներ, իր ենթակա դատավոր Մանվել Սիմոնյանին հրահանգեց «լուծել լրագրողների հարցը»: Այսինքն` ընտրությունների ամփոփիչ ծրարները բացել առանց մեր ներկայության: Մեր տեղեկություններով, սակայն, երեկ հասցրել են ուսումնասիրել ընդամենը 1 տեղամասի արդյունքները, որտեղ, նույն աղբյուրի հավաստմամբ, էական խախտումներ չեն արձանագրվել:
Երեկվա նիստին հրավիրված էր նաեւ Արմավիրի Ոստիկանապետ Աշոտ Գեւորգյանը: Վերջինս զարմացել էր, թե ինչպես կարող են ուրիշ մարզերից մարդկանց գրանցել Արմավիրում. «Ես զարմանում եմ, ո՞նց կարող է ուրիշ տեղից մեկ կամ թեկուզ երկու մարդ գրանցված չլինի Արմավիրում, մենք օդից վերցնենք-բերենք գրանցենք: Մարդը գրանցված է Արմավիրում, բայց եթե հիմա նա, օրինակ, Երեւանում է ապրում թե Թալինում, Ոստիկանության գործը չի: Մենք ֆիքսել ենք գրանցված մարդկանց»,- ասաց ոստիկանապետը: Մահացած 100-ից ավելի քաղաքացիների ցուցակում գտնվելու մասին թեկնածուի բողոքին ի պատասխան էլ նա ասաց, թե նման բան հնարավոր չէ, որովհետեւ իրենք «ընտրացուցակներից հանում են մահանալուն պես»: Իսկ ինչ վերաբերում է զինծառայության մեջ գտնվողների փոխարեն քվեարկելուն, ապա ոստիկանապետը դա նույնպես բացառեց` ասելով. «Եթե նման բան կա, պատասխան տվողն, իհարկե, պատասխան կտա: Բայց նման բան չի կարող լինել»։ Այնուհետեւ ավելացրեց, թե նրանց բոլորի անձնագրերը Ոստիկանությունում են, եւ ոչ ոք չի կարող նրանց փոխարեն քվեարկել: Դատարանում ելույթ ունեցավ նաեւ Ռուբեն Խլղաթյանը: Նա էլ պահանջում էր մերժել Արայիկ Աղաբաբյանի հայցը` հայտարարելով, թե նրա կողմից ներկայացված որեւէ փաստարկ հիմնավորված չէ: «Եղել է հանձնաժողով, որ ձեւավորված է եղել 4/5-ի հարաբերակցությամբ, եղել է հանձնաժողովը` 6/3-ի հարաբերակցությամբ` հօգուտ իրենց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղամասերում եղել են վստահված անձինք եւ որեւէ դիմում-բողոք չի եղել, խնդրում եմ մերժել հայցադիմումը,- ասաց Խլղաթյանը,- Դուք ի՞նչ է, կասկածի տա՞կ եք դնում հանրապետության մարդահամարի տվյալները: Ի՞նչ է` Արմավիրն իրավունք չունե՞ր ծաղկելու, եւ ովքեր 14-15 տարեկան էին` դառնային 18: Եթե ունենք 28.000 ընտրող, ընտրություններին մասնակցել է մոտավորապես 15.900 մարդ, ի՞նչ է եղել, որ` 62 տոկոս մարդ է եկել ընտրությանը: Պարոն Աղաբաբյան, ի՞նչ տարբերություն` 2004-ի ընտրացուցակների եւ այս ընտրացուցակների միջեւ: Ինչո՞ւ ձեր թիմը 40 օրվա ընթացքում չկատարեց այդ ցուցակների այդ աշխատանքը: Որտեղի՞ց եք վերցրել զինծառայողների «ցիֆռները», ձեզ ՀՀ օդանավակայանից կամ սահմաններից եթե ներկայացրել են նման տվյալներ, թող ներկայացնեն նաեւ տվյալներ, թե ովքեր են Արմավիրից դուրս գտնվում: Իսկ եթե դա մի խումբ թիմակիցների ցանկություն է, արդեն 4 օր է՝ Արմավիրում մարդկանց գիշերները հանգիստ չեն տալիս… Անօրինական ձեւով մտնում են մարդկանց տներն ու հարցնում են` ովքե՞ր են գրանցված ձեր տանը»: Քանի որ նրա հարցադրումները հռետորական բնույթ ունեին` մնացին անպատասխան: Դատական նիստը կշարունակվի այսօր, որտեղ էլ պարզ կդառնա, թե մայիսի 12-ի ընտրություններում որ ուժին` ՀՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին կտրվի «կանաչ լույսի» առավելությունը: Համենայնդեպս, ասում են, որ այս դատը հենց այդ նշանակությունն ունի այս երկու ուժերի համար:
Հ.Գ. Մեր տեղեկություններով, Արմավիրում երկու օր շարունակ ստուգումներ է անցկացրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությունը, Բաղրամյանի դատախազությունը: Թե ինչ են հայտնաբերել ստուգումների արդյունքում, մեզ պարզել չհաջողվեց: Մեկ նկատառում եւս. երեկ կողմերը միմյանց դեմ որեւէ բողոք չներկայացրին ընտրակաշառքներ բաժանելու մասին, սակայն Արմավիրում ասում էին, որ ընտրությունների օրը տեղամասերի առջեւ էին թեկնածուները փողեր բաժանում: Փաստորեն, ընտրակաշառքն Արմավիրում այլեւս անօրինական չի համարվում: Ի դեպ, երեկ դատական նիստի ընդմիջմանը լուրեր տարածվեցին, թե դատավորը նիստի է ներկայացել ընտրություններն անվավեր ճանաչելու որոշումն ընդունած, եւ դրանով էին բացատրում նաեւ դատարանի նախագահ Հ. Սարգսյանի շահագրգռվածությունը դատական պրոցեսին: