Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտք չէ

05/04/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Ռուսաստանի Արտգործնախարարությունը Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների համար չափազանց հետաքրքիր հանդիպում էր կազմակերպել: Հենց ամենասկզբում բոլորին ասացին, որ ԱԳՆ-ի՝ մեզ հետ հանդիպած ներկայացուցչի անունը մամուլում չնշվի, այլ պարզապես ասվի, որ նա «Արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ է»: Հանդիպման ժամանակ խոսքը Ռուսաստանի նոր արտաքին քաղաքական դոկտրինայի նկատմամբ խիստ հետաքրքրության մասին էր, որ օրերս հրապարակել էր գերատեսչությունը:

Զրուցակիցը ժխտեց կարծիքն այն մասին, որ Մոսկվան, չընդունելով ԱՄՆ-ի` Իրանի վրա հարձակվելու իրավունքը, փորձում է օգուտ քաղել Ամերիկայի կողմից Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության էլեմենտներ տեղադրելու հարցից: «Վերջին ժամանակների փորձը մեզ բավականին պարզորոշ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հետ նման դեպքերում հնարավոր չէ համաձայնության գալ»,- ասաց նա: Նրա խոսքերով` Իրանի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ավելի քան հստակ է. Թեհրանը խաղաղ ատոմ ունենալու իրավունք ունի: Եվ Բուշերում ատոմակայանի կառուցումն ապացուցում է այդ դիրքորոշումը: Իսկ ամերիկացիների հետ վերջին ժամանակներս շատ դժվար է դարձել համաձայնության գալ: «Ավելի քան 20 տարի առաջ ես համակուրսեցիներիս հետ հիանում էի ամերիկյան իշխանություններով, նրանով, որ այնտեղ պատահական մարդիկ չէին հայտնվում, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, որի կառավարության կազմում երբեմն աշխատում էին առանց համապատասխան կրթության եւ ինտելեկտի մարդիկ: Հիմա ժամանակները փոխվել են, եւ մենք ստիպված ենք աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնք ժամանակին ԱՄՆ-ի իշխող շրջանակի մեջ չէին էլ կարող մտնել»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը բացարձակապես վստահ է, որ ի վիճակի է ուժի դիրքերից լուծել ցանկացած իրավիճակ` հօգուտ իրեն, եւ, ցավոք, նույնիսկ սեփական սխալները նրան ոչինչ չեն սովորեցրել: Իսկ դրանք ապացուցեցին, որ միաբեւեռ աշխարհ ստեղծելու փորձերը ձախողման են դատապարտված:

Աշխարհի նման սահմանափակ ընկալման շարքին կարելի է դասել ՆԱՏՕ-ն դեպի արեւելք ընդլայնելու ԱՄՆ-ի համառությունը: ՆԱՏՕ-ն Վարշավայի բլոկի հակակշիռն էր եւ հակառակը: Հիմա իրավիճակն այլ է: Բլոկը գոյություն չունի, իսկ ՆԱՏՕ-ն կա: Ինչի՞ համար, ո՞ւմ դեմ: Այս հարցերը համոզիչ պատասխան չեն ստանում: «Հիմա միանգամայն այլ ժամանակներ են: Այլեւս չկա այն վտանգը, որից պաշտպանվելու համար ստեղծվել էր դաշինքը: Ժամանակակից վտանգների` ահաբեկչության, զենքի ապօրինի վաճառքի, թմրատրաֆիկի եւ այլ խնդիրների դեմ ներկայիս ՆԱՏՕ-ն անզոր է: Եվ դաշինքի ղեկավարները պետք է շնորհակալ լինեն Ռուսաստանից, որը, համաձայնելով համագործակցել նրա հետ, յուրովի լեգիտիմացրել է դաշինքը: Սակայն համագործակցե՞լ, թե՞ ոչ` դա մեր գործն է: Մենք ընտրության հնարավորություն ունենք, եւ եթե համոզիչ պատասխան չստանանք ՆԱՏՕ-ի` դեպի արեւելք ընդլայնվելու, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների` նրան անդամակցելու հետ կապված հարցերին, ապա կարող ենք վերջ դնել մեր համագործակցությանը, եւ այդ ժամանակ դաշինքի գոյության իմաստը հարցեր կառաջացնի միջազգային հանրության շատ անդամների մոտ»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի` Ռուսաստանը Եվրամիության հետ համագործակցելուց բացի, այլընտրանք չունի: Այստեղ ամեն ինչ պարզ է. պետք է համագործակցել, ամրացնել կապերը: Դա թելադրված է եւ՛ պատմական անցյալով, եւ՛ ժամանակի իրողությամբ: «Այլ բան է, թե կարո՞ղ է միացյալ Եվրոպան ընդլայնված կազմով պահպանել իր գոյությունը 70 տարի, ինչպես ԽՍՀՄ-ը: Չէ՞ որ հիմա արդեն նրանք բավականին ներքին հակասություններ ունեն, իսկ որոշ դեպքերում ԵՄ-ն իրեն ցուցաբերել է որպես հսկա անհեթեթ կառույց»,- հայտարարեց ԱԳՆ ներկայացուցիչը: Ռուսաստանի եւ ԵՄ հարաբերությունները որոշող գործոններից մեկը նա համարում է էներգետիկան: Եվրոպան ձգտում է դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները: Եվ Ռուսաստանը… պատրաստ է օգնել նրան: Այն իմաստով, որ կարող է առաջարկել գազա- եւ նավթամուղները: Ճիշտ է, դիվերսիֆիկացիան «եվրոպական ձեւով» նշանակում է՝ ոչ ռուսական աղբյուրներ գտնել, սակայն Մոսկվան, երեւում է, իր դերն է խաղալու այս խաղում:

Պատասխանելով բազմաթիվ հարցերին` ներկայացուցիչը ժխտեց այն փաստը, թե Ռուսաստանը պոտենցիալ վտանգ է ներկայացնում որեւէ մեկի համար` առաջարկելով պարզապես հրաժարվել հնացած կարծրատիպերից: «Ռուսաստանը փոխվել է, աշխարհն է փոխվել, մենք ոչ մեկին չենք սպառնում եւ չենք էլ ուզում: Մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք: Մենք բավականին երկար ժամանակ պահում էինք տարբեր պետություններին՝ գաղափարախոսական կամ այլ պատճառներից ելնելով, սակայն հիմա այլեւս դա չի կրկնվելու»: Նա միաժամանակ ընդգծեց, որ «Ռուսաստանը կարող է ամեն ինչ, նրա համար անհնարին բան չկա, եւ այդ պատճառով պետք է հարգանքով վերաբերվել նրան»: Սա ասվեց այն համատեքստում, թե Ռուսաստանը կարող է օգնել ցանկացած պետության ցանկացած հարցում, սակայն ասվածն ավելի մեծ տպավորություն գործեց, եւ բոլորովին այլ իմաստով ընկալվեց, քան նկատի ուներ ԱԳՆ ներկայացուցիչը:

Այն, որ «անհնարին ոչինչ չկա», ակնհայտորեն իր մեջ ներառում է նաեւ Ռուսաստանի կողմից բարձրաձայնված արտաքին քաղաքական գիծը` հետխորհրդային ողջ տարածքում հակամարտությունները կարգավորելու խնդրում «կոսովյան նախադեպը» կիրառելու մտադրությունը: «Չգիտես ինչու՝ այն, ինչ թույլատրելի է կոսովցիներին, չի կարելի մյուսներին: Սա չի նշանակում, որ Ռուսաստանն անմիջապես կճանաչի Աբխազիայի կամ Մերձդնեստրի անկախությունը: Սա նշանակում է, որ մենք պնդելու ենք այդ տարածքներում եւս Կոսովոյի տարբերակը կիրառելու մասին միտքը: Այդ տարածքներում ապրող մարդիկ իրենք թող վճռեն իրենց ճակատագիրը»,- «168 Ժամի» թղթակցի հարցին պատասխանեց ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան:

Հանդիպումը տեւեց նախատեսվածից 40 րոպե ավելի: Մոսկվայի պայմաններում սա աննախադեպ շատ է: