ՀՅԴ-ն դժգոհում է Արկադի Ղուկասյանի գործունեությունից

05/04/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում նախընտրական շրջանը «տարօրինակ» զարգացումներ է ստանում: Օրերս ԼՂՀ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն արտահերթ շրջանային ժողով էր արել: Բոլորը սպասում էին, թե ՀՅԴ Արցախի կազմակերպությունն արդեն ԼՂՀ նախագահական ընտրություններում իր նախընտրելի թեկնածուի անունը կնշի, սակայն ապրիլի 2-ին նրանց հրավիրած ճեպազրույցից պարզ դարձավ, որ կուսակցությունը դեռ պետք է բանակցություններ վարի:

ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը ներկայացնելով ժողովի որոշումը՝ նշեց. «Ժողովը փաստել է, որ`

1. ԼՂՀ-ն արտաքին ճակատում հայտնվել է բարդ մարտահրավերների առջեւ` Արցախի անկախությունը փաստացի սահմաններով միջազգայնորեն ամրագրելու առումով:

2. Արցախում առկա են բազմաթիվ տնտեսական եւ սոցիալական խնդիրներ, առանձնապես` սոցիալական արդարության եւ օրինականության պահպանման առումով:

3. Արդեն իսկ նկատելի է դառնում բնակչության արտահոսքը, հատկապես` ռազմավարական կարեւորություն ունեցող շրջաններից, ինչը հարցականի տակ կարող է դնել ազգի լավագույն զավակների արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքները պահպանելու եւ ամրագրելու գործընթացում:

4. Արցախահայությունը գտնվում է անտարբերության, բարոյահոգեբանական ոչ համարժեք իրավիճակում, ինչը վտանգավոր է դարձնում ազատագրական պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացում:

5. Երկրում կայացող յուրաքանչյուր ընտրություններ պետք է ծառայեն թե՛ պետականության ամրապնդման, եւ թե՛ հասարակական համերաշխության հաստատմանը:

Ժողովն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը լուրջ վտանգի տակ է դրել մեր երկրի ապագա զարգացման գործընթացը, եւ դրանց շարունակությունը կարող է բերել անդառնալի հետեւանքների»:

Ա. Մոսիյանն ընդգծեց նաեւ, որ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը գտնում է, որ վերոհիշյալ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն տարբերակը երկրում քաղաքացիական համերաշխության մթնոլորտի վերականգնումն է: Առաջիկա նախագահական ընտրությունները պետք է ստեղծեն հնարավորություն` քաղաքական համախոհության, կոնսենսուսի հիման վրա ապահովելու երկրի կառավարման եւ զարգացման առաջխաղացումը, որակական նոր հիմքերով իշխանության ձեւավորումը, ինչպես նաեւ նպաստել քաղաքական դաշտի զարգացմանը:

«ՀՅԴ Արցախի կազմակերպության արտահերթ շրջանային ժողովը որոշել է հանձնարարել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեին` վերը նշված սկզբունքների լույսի ներքո երկրում գործող քաղաքական եւ հասարակական ուժերի հետ բանակցությունների միջոցով ճշտել համաձայնագրով ամրագրված ԼՂՀ նախագահի միասնական թեկնածուի առաջադրման հնարավորությունը: Շրջանային ժողովի կողմից Կենտրոնական կոմիտեն լիազորվել է միասնական քաղաքական համաձայնագրի ձախողման դեպքում վերոհիշյալ նպատակներն իրականացնելու համար հայտարարելու ԼՂՀ նախագահի սեփական թեկնածուի մասին կամ հրավիրելու արտահերթ շրջանային ժողովի հաջորդ նիստը»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

ԼՂՀ նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման վերաբերյալ Ղարաբաղի մյուս քաղաքական ուժերը դեռեւս չեն արտահայտել իրենց դիրքորոշումները: Ոմանք սպասում են՝ տեսնեն, թե ով առաջինը կհայտարարի իր նախընտրած թեկնածուի անունը: Իսկ մեծ հաշվով, բոլորը սպասում են Հայաստանից տրվող «սիգնալների»: