Հայրենակցական կուսակցություն

10/05/2005

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարեց, որ «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, որն առանձնակի վերաբերմունք ուներ Արտաշես Գեղամյան քաղաքական գործչի նկատմամբ ու միայն նրան էր համարում երկրի «փրկիչ», խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել իրեն: Վերջինս խուսափեց որեւէ մեկնաբանություն տալ, իսկ Արտաշես Գեղամյանն էլ ընդամենն ասել էր, որ իրենք նախապես պայմանավորվածություն են ունեցել, եւ որ Ն. Ազիզյանը շարունակելու է մնալ կուսակցության շարքերում: Ի դեպ, խոսակցություններ կան, որ գործուղումից վերադառնալուն պես նման դիմում է ներկայացնելու նաեւ նույն խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանը: Հիշեցնենք, որ թե՛ Ն. Ազիզյանը, թե՛ Ա. Արշակյանը ապարանցիներ են ու «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամներ, որի պատվավոր նախագահը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Երեկ նաեւ խոսակցություններ կային, թե Ազիզյանի որոշումը պայմանավորված է նրանով, որ առաջիկայում ստեղծվելու է նոր կուսակցություն, որտեղ պետք է անդամագրվեն բացառապես ծնունդով ապարանցիները: