2007թ. մարտ ամսին գների մակարդակը, թեկուզ աննշան՝ 0.6%-ով, բայց իջել է։ Այս մասին փաստում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։ 2007թ. առաջին եռամսյակի տվյալներով, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 2%։ Մարտ ամսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների նվազմամբ՝ 1.4%-ով։ 2007թ. մարտին փետրվարի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի գներն իջել են 7.8%-ով։ Մասնավորապես, կանաչ սոխն էժանացել է 23.9%-ով, լոլիկը՝ 15.6%-ով, վարունգը՝ 14.3%-ով, գազարը՝ 8.1%-ով։ Ճակնդեղի, գլուխ սոխի, կարտոֆիլի, կաղամբի, սխտորի գները նշված ժամանակահատվածում նվազել են 5.8-1.0%-ով: Ձվի միջին գինը 2007թ. հունվար-մարտ ամիսներին նվազել է 8.7%-ով։ 2007թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաեւ շաքարավազի 1.7% գնանկում: Մսամթերքն էժանացել է 0.4%-ով, ինչը մեր վիճակագիրները բացատրում են հիմնականում խոզի եւ ոչխարի մսի` համապատասխանաբար 4.3% եւ 4.1% գնանկմամբ։ Իսկ այ, ձկնամթերքը թանկացել է։ 2007թ. հունվար-մարտ ամիսներին ձկնամթերքի ընդհանուր գնաճը կազմել է 27.1%: Մարտին փետրվարի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 7.6%-ով։ Վիճակագիրների կարծիքով, դա հիմնականում «Սիգ» տեսակի թարմ ձկան 8.7% գնաճի արդյունք է: Թանկացել է նաեւ միրգը. 2007թ. մարտին 2006թ. մարտի համեմատ գրանցվել է 31.3% գնաճ: Խաղողի գնաճը կազմել է 1.5%, նռանը՝ 7.6%, խնձորինը՝ 13.3%, տանձինը՝ 26.9%։ Աննշան չափով՝ 0.2%-ով թանկացել է նաեւ կաթնամթերքը։ Իսկ հրուշակեղենի, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքի, ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: