Տարածքն օգտագործման չի տա

05/04/2007

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, թե «Ադրբեջանը երբեք հնարավորություններ եւ պայմաններ չի ընձեռի իր տարածքը հարեւան պետությունների դեմ երրորդ երկրների կողմից օգտագործելու համար»: Ըստ day.az-ի, շաբաթ օրն Ադրբեջանի Պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությունում ասված է, թե հանդիսանալով միջազգային կոալիցիայի անդամ՝ պաշտոնական Բաքուն իր օդային տարածքը տրամադրել է հակաահաբեկչական գործողությանն աջակցելու համար: «Սակայն Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել հարեւանների դեմ ուղղված գործողությունների համար»,- ընդգծել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան անցած շաբաթավերջին Թբիլիսիում հայտարարել էր, «թե անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ը ակնկալում է ռազմական նպատակներով օգտագործել Ադրբեջանում գտնվող օդանավակայանը»: