Հայկական եկեղեցի՝ թուրքական ձեւավորմամբ

05/04/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Առաջին անգամ

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը մեկնեց Թուրքիա մի քանի օր առաջ՝ Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։
Պաշտոնական Անկարան չէր կարող թույլ տալ, որ վերանորոգված հայկական եկեղեցու բացումը կատարվեր առանց հայերի մասնակցության, քանի որ բացումը հանդուրժողականության եւ բարի կամքի հնչեղ ակցիայի պետք է նմանվեր։ Հայաստանը, որը չէր ցանկանում իր հարեւանի՝ երկխոսություն սկսելու փորձերը տապալելու մեջ նախատինքներ լսել աշխարհի տարբեր երկրների կողմից, այս օրերին պաշտոնյաներից, ճարտարապետներից, հնէաբաններից բաղկացած սակավաթիվ պատվիրակություն ուղարկեց Թուրքիա։ Երեկ հայկական պատվիրակությունը՝ ՀՀ Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլխավորությամբ, ասուլիս էր հրավիրել եւ պատմում էր իրենց ճամփորդության մասին։ Գ. Գյուրջյանն իրենց այցը շատ կարեւոր է համարում, քանի որ այն կարող է «մշակութային շփումների» սկիզբ դնել։ Պաշտոնյան երեկ պատմում էր, որ եկեղեցին լավ է վերանորոգված՝ «բավականին որակով», որ եկեղեցու որմնանկարները ամրակայվել են, որ վերանորոգման աշխատանքներին մասնակցել է նաեւ հայկական կողմը, բայց ոչ պաշտոնապես (հիմնականում հեռախոսազրույցների միջոցով), որ իրենց Թուրքիայում լավ են ընդունել եւ լավ են ապահովել հսկողությունը։ «Նվազագույնը հինգ մեքենա, զինվորներ եւ զրահատեխնիկա էր մեզ անընդհատ ուղեկցում»,- ասաց նա։ Նաեւ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ նշեց եղանակի մասին, պատմեց, որ մի օր եղանակը մառախլապատ է եղել, մյուս օրը ձյուն է տեղացել, իսկ եկեղեցու բացման օրն արեւ է շողշողացել։

Սուրբ Խաչի բացման արարողության ժամանակ հայկական պատվիրակության ելույթ նախատեսված չի եղել, եւ այդ մասին դեռ Երեւանում ՀՀ Արտգործնախարարությունը տեղեկացրել էր հայկական պատվիրակությանը, բայց փոխնախարարը պատրաստ է եղել արարողությունից հետո փոքր-ինչ ելույթ ունենալ եւ հայերին հուզող հարցեր բարձրացնել։ Ըստ Գ. Գյուրջյանի՝ իր ելույթի կարիքը չի եղել, քանի որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ասել է այն, ինչ պետք էր ասել եւ փոխնախարարի միջամտությունն անիմաստ է եղել։ Հիմնական խնդիրն Աղթամարի սխալ անվանումն էր (որը Մութաֆյանը շտկել է իր ելույթում) եւ խաչի բացակայությունը, որը մոտ օրերս կտեղադրվի գմբեթին, քանի որ այն արդեն պատրիարքարանում է։ Հայկական կողմը Թուրքիայի հետ քննարկել է խաչի «նյութի, չափերի հարցերը»։

Մեզ շատերիս հուզող՝ Սուրբ Խաչի վրա Թուրքիայի դրոշի եւ Աթաթուրքի դիմանկարի տեղադրումը Գ. Գյուրջյանը բացատրեց Թուրքիայի օրենքներով, որոնք պարտադրում են երկրի սահմաններում գտնվող յուրաքանչյուր պատմական հուշարձանի վրա դրոշ ծածանել։ Փոխնախարարը մանրամասն զուգահեռներ անցկացրեց Թուրքիայի եւ Իրանի նույնանման օրենքների միջեւ եւ կոչ արեց թուրքական դրոշի առկայությունն ու խաչի բացակայությունը ցավագին չընդունել։ Նա համոզմունք հայտնեց, որ խաչը եկեղեցու վրա անպայման կտեղադրվի, քանի որ շուտով Թուրքիայում, ինչպես եւ Հայաստանում ընտրություններ են սպասվում, իսկ խաչը գովազդային լավ քայլ կարող է լինել։

Հարկ է նշել, որ մինչ Եղեռնը Թուրքիայում 7 հազարից ավելի հայկական եկեղեցիներ կային: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Եղեռնից հետո պահպանվել էին 913 եկեղեցիներ, որոնցից 464-ն ամբողջովին ոչնչացվել են, 252-ը մասնակի են քանդվել, իսկ 197-ն անհապաղ վերանորոգման կարիք ունեն։ Գ. Գյուրջյանը նշեց, որ հիմա Թուրքիան Անի քաղաքի եկեղեցիների վերանորոգման հնգամյա ծրագիր ունի, որն ըստ փոխնախարարի՝ «շահերի համընկնման» ծրագիր կարելի է անվանել։ Նա համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջեւ սահմանի բացումը միայն օգուտ կտա եւ՛ հայերին, եւ՛ թուրքերին։ «Մենք փոխադարձ վստահության կարիք ունենք»,- ասաց փոխնախարարը։ «Եթե նրանք չվերականգնեն Անին, մենք այն հավերժ կկորցնենք,- ասացին պատվիրակության անդամները։ Իսկ փոխնախարարն ավելացրեց, որ երբ ինքը զրուցում էր Թուրքիայի մշակույթի նախարարի հետ ու ասում, որ Անին պետք է «մշակութային միջանցք» դառնա եւ երկու պետությունների համատեղ ուժերով վերանորոգվի, Թուրքիայի նախարարը պատասխանեց, որ այդ զրույցն ինքը պատրաստ է սկսել փոխնախարարից աստիճանով բարձր պաշտոնյայի հետ, այսինքն՝ նախարարի մակարդակով։

Հարյուրտոկոսանոց վանեցի լուսանկարիչը

Հայաստանի պատվիրակության կազմում Թուրքիա էր այցելել նաեւ «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը, ում համար Վանը, Սիփան սարն ու Աղթամարն իր պապենական Հայրենիքի խորհրդանիշն են, Հայաստանի շատ թանկ ու անվերադարձ կորսված այն վայրը, որտեղ ծնվել եւ իրենց կյանքի մի մասն են ապրել իր պապն ու տատը։ Մինչեւ Եղեռնը Մ. Բաղդասարյանի պապը՝ նկարիչ Հովհաննես Բաղդասարյանն աշխատել է Վանի հայկական դպրոցում՝ երեխաներին նկարչության դասեր է տվել։ Ընտանիքով Հայաստան տեղափոխվելուց հետո էլ նա միշտ երազել է իր Վանի մասին։ «Նա իր էությամբ շատ խաղաղ ու հանգիստ մարդ էր, պայքարող չէր»,- պատմում է Մ. Բաղդասարյանը, ով ինքն իրեն հպարտորեն վանեցի է անվանում, թեեւ Վանում առաջին անգամ եղավ մեկ շաբաթ առաջ։ «Զարմանալի բան չկա, իմ երեխաներն էլ են իրենք իրենց հարյուրտոկոսանոց վանեցի զգում»,- առանց ավելորդ էմոցիոնալ երանգների՝ ասում է նա։ Ու պատմում է, որ Թուրքիայում բոլորը շատ հստակ գիտակցում ու նշում էին, որ եկեղեցին մերն է, բայց իրենց երկրի տարածքում է գտնվում։ Ժամանակին Սուրբ Խաչը պայթեցնելու որոշում ընդունած Թուրքիան այժմ վերանորոգում է այն, զարգացնում է զբոսաշրջության ոլորտը եւ մեծ ճանապարհաշինական ծրագրեր է իրականացնում։ Կարսը, Իգդիրը, Բայազետը, Վանը կապող լայն մայրուղին պետք է տուրիստների մեծ հոսք ապահովեն Թուրքիայի համար։ Վան քաղաքը նույնպես վերակառուցվում ու փոփոխվում է, քանի որ նոր, ավելի ժամանակակից հյուրանոցներ են ավելանում: Դրանց թվում է նաեւ նորակառույց «Ուրարտու» հյուրանոցը, որը թուրքերն իրենց պատմական ակունքն են համարում եւ իրենց պատմությանն են վերագրում։ Ներքին բողոքի կամ պատմական անարդարության մասին խոսելիս՝ Մ. Բաղդասարյանը շատ զուսպ է։ «Ախր, այդ հողերը կարող էին մերը մնալ, եթե այդքան պատմական սխալներ տեղի չունենային»,- ասում է նա։

Թուրքիա գնալ կամ չգնալու հարցը լուսանկարիչ Մ. Բաղդասարյանի համար գոյություն ունենալ չէր կարող, քանի որ նա վստահ է, որ եկեղեցու բացմանը չգնալով՝ մենք ոչինչ չէինք շահի. «Ես համոզված եմ, որ Վան պետք է գնար ոչ թե տասը հայ, այլ՝ երեք հարյուր հայ, որպեսզի կարողանայինք ավելի լավ ցույց տալ, որ այս ամենը մերն է»,- ասում է նա։ Նա նշեց, որ սեփական նախաձեռնությամբ ընդամենը ութ հայ էր գնացել արարողությանը մասնակցելու: Լուսանկարիչը նրանց «ուխտավորներ» անվանեց։ Մինչդեռ Վան հասնելու համար հարկավոր էր ընդամենը մոտ 350 ամերիկյան դոլար, իսկ այդ գումարը կարող էին հավաքել ու ճամփորդական այցն ապահովել մեր երկրում գրանցված բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կամ պարզապես անհատներ։ «Թուրքիան իր հստակ եւ բավականին ավանտյուրիստական քաղաքականությունն ունի, կարծում եմ՝ մենք էլ պետք է մեր սեփական քաղաքականությունն ունենանք»,- համոզված է Մ. Բաղդասարյանը։

Նա պատմում է, որ Աղթամարը «Աքդամար», այսինքն՝ սպիտակ գիծ կամ երակ, անվանելով, Թուրքիան նկատի ունի Վանա լճի վրա պարբերաբար հայտնվող սպիտակ գծերը։ «Թուրքերն ինչ ուզում են՝ թող կոչեն, կղզին, միեւնույն է, մեզ համար Աղթամար է։ Մենք նրանց ստիպել չենք կարող, թեեւ շատ ծանր ու տհաճ էր տեսնել՝ ինչպես են թուրքական դրոշները զարդարում մեր եկեղեցին, եւ ինչպես են բոլոր հյուրերին դիմավորում թուրքական տարազներով եւ հյուրասիրում թուրքական քաղցրավենիքով»,- ասում է նա։ Իսկ Աթաթուրքի նկարն անընդհատ աչք էր ծակում, նրա դիմանկարները նույնիսկ հանդիսության ժամանակ օդ բաց թողնված փուչիկների վրա էին պատկերված։

Վանում ամեն քայլափոխի գովազդվում են «Աղթամար» եւ «Վան» բրենդ դարձած բառերը։ Ամենուրեք վաճառվում են Աղթամարի, Սուրբ Խաչի պատկերներով շապիկներ, բացիկներ, քանդակներ ու գավաթներ։ Հուշանվերները եկամտի լավ աղբյուր են։ Մեծ եկամուտ են բերում Թուրքիային նաեւ վանա կատուները, որոնք թուրքական ազգային հարստություն են համարվում ու բազմացվում են պետության հատուկ հսկողության տակ։

Լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը Վանից իր հետ «սուրբ մասունք»՝ Վանա լճի ջուրն ու Աղթամարի հողն է բերել։ «Պապիս գերեզմանի վրա եմ լցնելու»,- ասում է նա։ Ու ավելացնում է. «Մյուս անգամ անպայման երեխաներիս հետ եմ Վան գնալու։ Նրանք պետք է իրենց Հայրենիքը տեսնեն»։