«Երեւան ջուր» ընկերությունը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խմելու ջրի 1 խորանարդ մետրի համար գործող 172,8 դրամ սակագինը 181,9 դրամ դարձնելու համար: «Երեւան ջուրը» խմելու ջուր է մատակարարում Երեւանին եւ հարակից մոտ 30 գյուղերին: Մայրաքաղաքի եւ այդ գյուղերի խմելու ջրի սակագինը վերջին մի քանի տարիներին գրեթե յուրաքանչյուր գարուն թանկացել է:
Վերջին անգամ թանկացավ անցյալ տարվա հունիսին, երբ 125 դրամի փոխարեն սահմանվեց 172,8 դրամ: Ընթերցողին հիշեցնենք, որ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը հիմա շահագործում է ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությունը, որը Հայաստան է եկել 2005թ. վերջին եւ փոխարինել է իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությանը: 2005թ. վերջին «Ժեներալ դեզ Օ»-ի, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Համաշխարհային բանկի միջեւ կնքվեց եռակողմ պայմանագիր, համաձայն որի՝ «Երեւանի ջրմուղ-կոյուղին» վարձակալած նոր օպերատորը 10 տարի պետք է շահագործի համակարգը եւ ներդրումներ կատարի: Այդ 10 տարիների ընթացքում ջրամատակարարման ծառայության որակը բարելավելու համար Համաշխարհային բանկը (ՀԲ) տրամադրել է 20 մլն դոլար վարկ: Բացի այդ, ընկերությունը ներդրումներ պետք է անի նաեւ իր սեփական միջոցներով: Եռակողմ պայմանագրով ՀՀ կառավարությունը հաստատել էր նաեւ վարձակալ ընկերության՝ ջրի սակագինը բարձրացնելու մտադրությունը: Թույլատրված էր, որ առաջիկա 3 տարիներին 1 խմ ջրի գինն առանց ավելացված արժեքի հարկի՝ դառնա 144 դրամ, վերջնական արժեքով՝ 172,8 դրամ: Ֆրանսիական ընկերությունը վարձակալության պարտականությունը ստանձնելուց անմիջապես հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտ ներկայացրեց եւ դրական պատասխան ստացավ: 1 խմ ջրի համար 172,8 դրամ արժեքը պետք է գործեր մինչեւ 2009թ. վերջը: Դա նաեւ ջրի գինը բարձրացնելու վերջին սահմանը պետք է լիներ, որից հետո նախատեսված էր սակագնի աստիճանական նվազեցում: Վարձակալության 10-րդ տարում այն կկազմեր 93 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Սակայն դեռ 1 տարին չավարտված՝ «Երեւան ջուրը» սակագնային հանձնաժողովին ջրի գինը բարձրացնելու մասին նոր առաջարկ է ներկայացրել:
Տեղեկացնենք, որ եռակողմ պայմանագիրը «Երեւան ջուրը» ընկերությանը պայմանագրային պարտավորությունը խախտելու եւ ջրի նոր սակագին առաջարկելու հնարավորություն էլ է տվել. նրանք ջրի նոր սակագին կարող են առաջարկել, եթե դրամն արժեզրկվի, էլեկտրաէներգիայի գինը բարձրանա, կամ եթե ջրամատակարարման քանակը կրճատվի: Ինչպես հայտնի է՝ պայմանագրի կնքումից հետո՝ 2005թ. վերջից, դրամը ոչ թե արժեզրկվել է, այլ արժեւորվել է 25-30 տոկոսով: Տրամաբանությունը հուշում է, որ հակառակ պրոցեսի դեպքում պետք է սակագները նվազեին: Բացի այդ, բազմիցս են կարծիքներ հնչել, որ դրամի արժեւորումը պետք է առիթ հանդիսանար բնական մենաշնորհների ոլորտի ծառայությունների սակագներն իջեցնելու համար: Սակայն, ինչպես ոլորտի մյուս ապրանքների՝ գազի, էլեկտրաէներգիայի, այդպես էլ ջրի սակագների իջեցում տեղի չի ունեցել: Էլեկտրաէներգիայի գինն էլ է նույնը մնացել, եւ դա չէր կարող պատճառ հանդիսանալ ջրի թանկացման համար: Մնում է վերջին՝ ջրամատակարարման ծավալների նվազման տարբերակը: Եվ «Երեւան ջուր» ընկերությունն իր հայտը հենց այս պատճառաբանությամբ էլ հիմնավորել է, ասելով, թե անցած 1 տարվա ընթացքում խմելու ջրի մատակարարման ծավալները նվազել են: Պարզ է, որ եթե որեւէ ապրանք շատ է արտադրվում եւ իրացվում, ինքնարժեքը ցածր է լինում, իսկ եթե ծավալները կրճատվում են, ապա ինքնարժեքն ավելանում է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտն ընդունել է քննարկման եւ մարտի 19-ից համակարգում մոնիտորինգ է սկսել՝ ստուգելու համար, թե բաժանորդների հաշվիչների ցուցանիշները համապատասխանո՞ւմ են արդյոք «Երեւան ջուր» ընկերության տվյալների հետ: Հանձնաժողովի մասնագետներից բացի, մոնիտորինգին մասնակցում են նաեւ «Երեւան ջուր» ընկերության, Ջրային պետական կոմիտեի, Համայնքների զարգացման ծրագրերի գրասենյակի ներկայացուցիչները: Նշված գերատեսչություններից ոչ մեկից չկարողացանք տեղեկանալ, թե մոնիտորինգն իրականացնող խումբը նախնական ի՞նչ արդյունքներ է գրանցել, եւ, ի վերջո, կա՞ արդյոք տվյալների համապատասխանություն կամ տարբերություն: Համայնքների զարգացման ծրագրերի գրասենյակի մամուլի պատասխանատուն մեզ փոխանցեց, թե իրենց ներկայացուցիչները միայն հաշվիչի տվյալներն են գրանցում եւ արդյունքների մասին դեռ ոչինչ չեն կարող ասել: Ի դեպ, «Երեւան ջուր» ընկերությունն այս օրերին լրագրողներից եւ մասնագետներից կազմված մի խումբ է տարել Ֆրանսիա՝ ծանոթացնելու, թե որքան լավ է աշխատում իրենց գլխամասային ընկերությունն այդ երկրում: Այնուամենայնիվ, հանձնաժողովից մեր հարցին պատասխանեցին, թե մոնիտորինգը դեռ ընթացքի մեջ է՝ խոստանալով բոլոր հարցերին պատասխանել 1-2 օրից:
Անկախ բոլոր թվային տվյալներից՝ մատակարարված ջրի ծավալների կրճատմանը լիարժեք չի հավատում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ճիշտ է, նա չի մասնակցում մոնիտորինգին, բայց կասկածներ ունի, որ բաժանորդների հաշվիչների տվյալները չեն համապատասխանի «Երեւան ջուր» ընկերության տվյալներին: Պարոն Պողոսյանը դրա համար իր ծանրակշիռ պատճառներն ունի: «Նման մի մոնիտորինգ իրականացվել է անցյալ տարի եւ պարզվել էր, որ հաշվիչների եւ «Երեւան ջուր» ընկերության տվյալներն իրարից մեծապես տարբերվում են,- ասում է պարոն Պողոսյանը: -Ընկերությունն իր մատակարարած ջրի քանակը մոտ 31 տոկոսով քիչ էր ներկայացրել: Եվ չի բացառվում, որ նման տարբերություն լինի նաեւ այս անգամ»:
Մոնիտորինգն ընթացքի մեջ է, եւ շուտով պարզ կդառնա, թե «Երեւան ջուր» ընկերության հիմնավորումը որքանով է համապատասխանում իրականությանը: Մեկ-մեկուկես ամիս հետո էլ պարզ կլինի՝ կբարձրացնի՞ արդյոք հանձնաժողովը ջրի գինը: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ եթե 2006թ. հանձնաժողովը ստիպված էր բավարարել «Երեւան ջուր» ընկերության հայտը, քանի որ դա նախատեսված էր պայմանագրով, ապա այս տարի նման պարտավորվածություն չկա: Այս տարի հանձնաժողովն իրավունք ունի նաեւ սեփական նախաձեռնությամբ նվազեցնել սակագինը, եթե, իհարկե, կարողանա տեղին հիմնավորումներ գտնել, ինչպես, օրինակ՝ դրամի արժեւորումը: