Հերքումների ճեպազրույց
«Կրթօջախները քաղաքականացնել չի կարելի: Կրթությունն ազգային ծրագիր է, որեւէ կուսակցության ծրագիր չի կարող հանդիսանալ կրթական ծրագիր»,- դպրոցներում նախընտրական խարդավանքների մասին խոսակցություններին անդրադառնալով, երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը: Միաժամանակ հերքելով ԶԼՄ-ներով տարածվող նմանատիպ լուրերը, նա բացառեց նախընտրական ժամանակահատվածում քաղաքական ուժերի, համայնքների կողմից դպրոցների տնօրենների վրա ճնշումների գործադրումը: «Ես դա բացառում եմ, որովհետեւ դպրոցները պատկանում են քաղաքապետարանի ենթակայությանը: Բացառում եմ նաեւ, որ որեւէ թաղապետ կարող է ճնշում գործադրել որեւէ դպրոցի տնօրենի վրա: Կրթության ոլորտից որեւէ մեկն իրավունք չունի երեխաների միջոցով պարտադրել նրանց ծնողներին. դասղեկը կամ ուսուցիչը չունի այն լծակը, որ կարողանա ծնողին պարտադրել` ձայն տալ սրան կամ նրան: Ինչ վերաբերում է անձնագրեր հավաքելուն, ապա դա բացարձակ անընդունելի է»,- հայտարարեց Օ. Վաթյանը: Իսկ լրագրողների այն հարցին, որ մամուլում արդեն հրապարակվել են կրթօջախներում անձնագրահավաքները հաստատող բազմաթիվ փաստեր. Օ. Վաթյանն իր «համոզմունքներով» եւ փաստարկներով նորից հակադրվեց լրագրողներին. «Խոսակցություններ եղան այն մասին, թե թիվ 119 դպրոցի տնօրենը հանրապետական լինելով՝ բոլորին հանրապետականացնում է, հետո պարզվեց, որ այն ապատեղեկատվություն է: Հանրապետական լինելու մեջ մեղադրվող տնօրեններից մեկն էլ նույնպես հերքել է` հայտարարելով, որ ինքը հարում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը»: Կրթության վարչության պետը հերքեց նաեւ այն լուրերը, թե Հայաստանի սոցիալական ներդրումների (ՀՍՆ) հիմնադրամի միջոցներով վերանորոգվում են միայն Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) անդամակցող տնօրենների դպրոցները, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՍՆ-ում ընդգրկված 21 դպրոցներից 17-ի տնօրեններն անկուսակցական են, իսկ մնացածը ներկայացնում են տարբեր կուսակցություններ:
Դպրոցների մեծ մասը չեն ջեռուցվում
Օ. Վաթյանը երեկ ներկայացրեց նաեւ եզրափակված 2007թ. առաջին եռամսյակին վերաբերող որոշակի վիճակագրություն: Հաշվետվության պատկերը, ընդհանուր առմամբ, «խոստումնալից» էր. նախորդ ուսումնական տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 2007թ. աշակերտների առաջադիմությունը բարձրացել է 0,6%-ով, որակական ցուցանիշները` 1%-ով, բացակայությունները նվազել են 12%-ով, առարկայական օլիմպիադաներում նկատվել է աշխուժացում, 32%-ով ավելացել է նրանց մասնակիցների թիվը: «Այս ժամանակահատվածում առանձնահատուկ ուշադրության է արժանի դպրոցական համայնքային, հանրապետական, քաղաքային շախմատի օլիմպիադաների կազմակերպումը: Առաջին անգամ կազմակերպված լայնամասշտաբ դպրոցական օլիմպիադայի փուլին մասնակցել են շուրջ 2800 երեխաներ, համայնքային եւ քաղաքային օլիմպիադաների 12 հաղթողներն արժանացել են տարբեր պարգեւների»,- ասաց Օ. Վաթյանը: Համակարգի ձեռքբերումների կողքին արձանագրված բացթողումներից եւ թերություններից նա ընդգծեց ուսումնական պլանի փոփոխությունները` մասնավորապես ցրտաշունչ ձմռան պատճառով ձմեռային արձակուրդների երկարաձգումը: «Պետք է խոստովանենք, որ դեռեւս մայրաքաղաքի, ինչո՞ւ չէ՝ նաեւ հանրապետության մեծ թվով դպրոցներ հնարավորություն չունեն ձմռան ամիսներին ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ, որը բերում է որոշակի դժվարություններ: Այդ պատճառով քաղաքային իշխանություններն ուսումնական բնականոն ընթացքը կարգավորելու նպատակով 2006թ. շահագործման են հանձնել 31 դպրոցների անհատական կաթսայատներ: Ընդհանուր առմամբ, այս տարի մայրաքաղաքում գործել են 54 անհատական կաթսայատներ»,- ասաց բանախոսը: Ըստ նրա, 2007թ. նախատեսված է 44 դպրոցներում իրականացնել շինարարական աշխատանքներ, որի համար պետբյուջեից կհատկացվի 300%-ով ավելի գումար` 3 մլրդ 700 մլն դրամ: Օ. Վաթյանը տեղեկացրեց նաեւ, որ «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրերի շրջանակներում այս տարի ընդգրկված են 5 դպրոցներ, որոնք հիմնականում ծայրամասային դպրոցներ են: