Չի բացառվում նաեւ հայերի մասնակցությունը

05/04/2007

Հաջորդ տարվանից Թուրքիայի կառավարությունը կսկսի Անիի վերականգնման 5-ամյա ծրագրի իրականացումը: Ինչպես երեկվա ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Սբ. Խաչ եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով Վան մեկնած հայկական պատվիրակությանը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներին չի բացառվում նաեւ հայ մասնագետների մասնակցությունը: Գ.Գյուրջյանի փոխանցմամբ, Սբ. Խաչին կհետեւեն հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները նաեւ Տիգրանակերտում, Վան քաղաքի տարածքում եւ Դիարբեքիրում: «Ականատես լինելով Անիի Մայր եկեղեցու, Առաքելոց վանքի եւ մի շարք այլ եկեղեցիների քարուքանդ վիճակին` վերստին համոզվեցինք, որ հայ ճարտարապետների մասնակցությունը դրանց վերանորոգման աշխատանքներին խիստ անհրաժեշտ է»,- ավելացրեց նա: Նախատեսվող հետազոտությունների ժամանակը կրճատելու համար Գ. Գյուրջյանը նպատակահարմար է գտնում թուրքական կողմին առաջարկելու օգտագործել Ն.Մառի եւ Թ.Թորամանյանի` տարածքում կատարված ուսումնասիրություններից` դրանով ուղղակիորեն աջակցելով հայկական մշակույթի կոթողների արագ վերանորոգմանը: