«Հոլիվուդն Իրանին պատերազմ է հայտարարել»

05/04/2007 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ամերիկյան էկրաններին այս օրերին հաջողությամբ ցուցադրվում է «300 սպարտացիները» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է Սպարտայի եւ Պարսկաստանի միջեւ պատերազմի եւ մասնավորապես Թերմոպոլիսի ճակատամարտի մասին, երբ 300 սպարտացիները կենաց-մահու պայքար էին մղում պարսկական մի քանի հազարանոց բանակի դեմ:

«Մշակութային ներխուժումը թշնամիների անընդհատ օգտագործված մարտավարություններից է»,- ասել է կառավարության խոսնակը, նշելով, թե «որեւէ ազգի եւ կառավարության կողմից սանձազերծված մշակութային այսպիսի զեղծարարությունն եւ վիրավորանքն անընդունելի է, եւ մենք սա գնահատում ենք որպես թշնամական վերաբերմունք»: Իրանական մամուլում արդեն լույս են տեսել հոդվածներ «Հոլիվուդն իրանցիներին պատերազմ է հայտարարել» վերնագրերով: Ավելին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մշակութային հարցերի խորհրդական Ջավադ Շանգարին քննադատելով ֆիլմը՝ հայտարարել է, թե «այն Իրանի մշակույթին ուղղված ԱՄՆ-ի հոգեբանական պատերազմի մի մասն է»:

Թեհրանում աշխատող պրոդյուսերներից մեկը «Daily Variety» պարբերականին ասել է, թե բողոքի հզոր ալիք է սկսվել: DVD-ով ֆիլմը հասանելի է բոլորին, եւ մարդիկ իսկապես զայրացած են: Ըստ իրանցի պրոդյուսերի, ֆիլմն, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում չի ցուցադրվի, բայց ծովահենային պատճենները Միջին Արեւելքի մայրաքաղաքներում վաղուց արդեն վաճառվում են: Իրանցիներն անգամ ինտերնետային պահանջ են նախաձեռնել ֆիլմն արտադրող «Warner Brotherrs» ընկերությանը, ըստ որի՝ ֆիլմը որակելով «անպատասխանատու, հակաէսթետիկ եւ ոչ գիտական», հեղինակները հայտարարել են իրենց զզվանքն ու ատելությունը ֆիլմի նկատմամբ եւ պահանջել են «անհապաղ պատմական վերանայում եւ շատ շտապ ներողություն համապատասխան պատասխանատու անձանց կողմից»: Իրանցիներին հատկապես դուր չի եկել, որ իրենց նախնի պարսիկներին ֆիլմում պատկերել են որպես չարիք, հեգնել են միապետ Խերխեսին, այն դեպքում՝ երբ վերջինը hայտնի էր նրանով, որ գրել է մարդու իրավունքների առաջին հռչակագիրը: Ավելին, ծնունդով Կիպրոսից Խերխեսին ֆիլմում մարմնավորել է թուխ մաշկով, ավելի շուտ, սեւամորթ եգիպտացի դերասանը, մինչդեռ Խերխեսը սպիտակամաշկ էր:

Իրականում սակայն իրանցիների ո՛չ զայրույթը, ո՛չ էլ դժգոհությունը ոչ մի քննադատության չի դիմանում: Նախ, ֆիլմը նկարահանվել է ոչ թե ըստ պատմական դեպքերի, այլ՝ հայտնի նկարիչ Ֆրանկ Միլլերի էսքիզների: Այն պատրաստվել է ճիշտ նույն տեխնոլոգիայով, ինչ «Մեղքերի քաղաքը»: Ինքը՝ ռեժիսորը, դա չի էլ թաքցնում: Օրինակ, եթե Ռիդլի Սկոտը «Գլադիատոր» ֆիլմի համար նկարահանումներ էր կատարել Իտալիայում, Մալթայում, Մարոկկոյում եւ Բրիտանիայում, ապա «300»-ի ռեժիսոր Զակ Սնայդերը ֆիլմի նկարահանումների համար անգամ դուրս չի եկել Մոնրեալում տեղակայված վիրտուալ ստուդիայից: Բացի այդ, պարսկական բանակում կան միագլխանի, ձկան թեւերով ցիկլոպներ ու կիկլոպներ, որոնք դժվար թե պատմական դեմքեր լինեին: Իհարկե, «300»-ն արյունոտ տեսարաններով հագեցած ֆիլմ է, սակայն, ի տարբերություն «Գլադիատորի», այստեղ դաժանությունը, ինչպես նաեւ՝ դերասանների ցավն անիրական է թվում: Ավելի շատ անիմացիոն, քան իրական ֆիլմ է: Երկրորդը` ֆիլմի նկարահանումը սկսվել է երեք տարի առաջ, երբ Իրանի միջուկային հարցը այդքան հրատապ չէր, իսկ Ահմադինեջադն Իրանի նախագահ չէր: Երրորդը` պատմական ճշտապահություն է պահանջում մի երկիր, որն ուղիղ երեք ամիս առաջ՝ դեկտեմբերին, կազմակերպել էր հատուկ կոնֆերանս Հոլոքոստը մերժելու մասին, եւ որին հրավիրել էր ամերիկյան հայտնի Կու Կլուկս կլանի նախկին ազգայնական ղեկավարներին: Եվ, իհարկե, վերջինը` Հոլիվուդը, եթե անգամ ծաղրում է, ապա ծաղրում է բոլորին: Ջոն Ստյուարտը, որի թոք-շոուն նայում է ամբողջ Ամերիկան եւ հայտնի է իր խիստ քննադատությամբ, այս շաբաթ խիստ տեղին նկատեց, որ այսօր էլ Հոլիվուդում վատ գույներով են ներկայացնում իտալացիներին` որպես մաֆիա, իռլանդացիներին` որպես տաք գլուխներ, եւ այլն: Ո՞վ օգտվեց այս աղմուկից: Իհարկե, ֆիլմի պրոդյուսերները: Խնդիրն այն է, որ գարնանը մարդկանց՝ կինոթատրոններ հաճախելիությունը նվազում է: Ձմռանից հետո մարդիկ հակված են ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում, քան կինոթատրոններում: Սակայն, ըստ «Մեդիան` թվերով» բոքս-օֆիսի նախագահ Փոլ Տեր-Կարապետյանի, այս ֆիլմը ֆանտաստիկ գործ է կատարել` «ամառային բլոկբաստերների համար մարաթոնը բացելով արդեն գարնանից»: «300»-ը կոտրել է կանոնները եւ երկու շաբաթվա ընթացքում հավաքել է արդեն մոտ 130 մլն դոլար: