Դարբինյանը պատրաստ է դատի տալ «Շպիգելին»

01/04/2007

Գերմանական «Der Spiegel» շաբաթաթերթի 2007թ. մարտի 5-ի 10-րդ համարում հրապարակվել է Ռուսաստանի միջազգային քաղաքականության վրա «Գազպրոմի» ազդեցության վերաբերյալ մի հոդված, որում ներկայացված են կարծիքներ նաեւ Հայաստանի մասին` հղում անելով ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: «Ես գնահատում եմ «Der Spiegel»-ի հեղինակությունը, սակայն իմ սեփական հեղինակությունն ինձ համար ավելի թանկ է: Հենց այդ պատճառով ուզում եմ հայտարարել, որ այն ամենը, ինչ տպագրված է՝ հղում անելով ինձ, բացահայտ հերյուրանք է կամ կեղծիք»,- ասել է Ա. Դարբինյանը: Նախկին վարչապետի խոսքերով, հեղինակները նույնիսկ հարկ չեն համարել ճշտել, թե ում հետ են հանդիպել ու զրուցել, եւ իրեն ներկայացրել են որպես ինչ-որ գոյություն չունեցող ռուս-հայկական տնտեսագիտական ինստիտուտի տնօրեն: «Եվ միայն այս փաստը բավարար է բացահայտելու համար նրանց ոչ արհեստավարժ եւ անազնիվ լինելը»,- ասել է Ա. Դարբինյանը՝ ավելացնելով, որ ինքն արդեն դիմել է «Der Spiegel» ամսագրի պարոններին` պահանջելով հերքել իր անունից ներկայացված տեղեկատվությունը եւ պատրաստ է պաշտպանել իր իրավունքները դատական կարգով, այդ թվում նաեւ` գերմանական դատարանում: