ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան նախօրեին Թբիլիսում հայտարարել է, թե Վաշինգտոնում գոհ են «սառեցված» հակամարտությունների, մասնավորապես, Հարավային Օսիայի հարցում պաշտոնական Թբիլիսիի ցուցաբերած դիրքորոշումից: «Մենք ողջունում ենք Վրաստանի կառավարության կառուցողական դիրքորոշումը: Կարծում ենք, ժամանակն է, որ կողմերը կրկին քննարկեն ստեղծված իրավիճակը, չէր խանգարի նաեւ, որ նրանք բանակցություններում առաջընթաց ապահովելու ուղիներ առաջարկեին»,- ասել է Բրայզան: Վերջինս հատուկ նշել է այն դերը, որ Հարավային Օսիայում կարող է խաղալ ԵԱՀԿ-ն: «Ավելի լուրջ դերակատարություն ենք ակնկալում այս կազմակերպությունից»,- ասել է նա: Վրացի պաշտոնյաներն Օսիայում նոր միակողմանի նախաձեռնությունների են դիմում: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մասնավորապես, առաջարկել է Հարավային Օսիայում ստեղծել վարչական մարմիններ, որոնցում ներկայացված կլինեն Թբիլիսիին հավատարիմ օս գործիչները. խոսքը, նախեւառաջ, Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահ Դմիտրի Սանակոեւի մասին է: Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին չի բացառել, որ մոտ ապագայում Հարավային Օսիայի այն շրջանները, որոնք գտնվում են Թբիլիսիի վերահսկողության տակ, կսկսի կառավարել ժամանակավոր վարչակազմը: Մեկ այլ «սառեցված» հակամարտության գոտու՝ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հանդես է եկել բավական անսպասելի հայտարարությամբ, որում միանշանակորեն կողմ է արտահայտվել Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: «Որքան շուտ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, այնքան արագ միջազգայնորեն կճանաչվի Աբխազիայի անկախությունը»,- ասել է Բագապշը: