Դե քեզ տեսնենք, Մանուկ

01/04/2007

Հայաստանյան ընտրողների 30%-ն է կողմնորոշվել, մի 30%-ն էլ ԱԺ առաջիկա ընտրությանը չի մասնակցելու, իսկ մնացածը դեռ «խմորումների մեջ են»: Երեկ նման տվյալներ հրապարակեց սոցիոլոգ Ահարոն Ադրիբեկյանը: Վերջինիս խոսքերով՝ «սենց բան» դեռ չէր եղել:

Ըստ Ադիբեկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) իր կողմն է տարել ընդդիմության ձայների մի մասը, բայց մինչեւ ընտրությունները ԲՀԿ-ի ընտրողների մի մասը կվերադառնա իր ակունքներին: Նա նշեց նաեւ, որ կան կուսակցություններ, ինչպես օրինակ՝ «Ժառանգությունը», որի լիդերի վարկանիշն ավելի բարձր է, քան կուսակցության, սակայն կան նաեւ հակառակ օրինակներ, օրինակ՝ ՀՅԴ-ն: Ա. Ադիբեկյանը երեկ նաեւ նշեց, թե ԲՀԿ-ականներից ոմանք չգիտեն, որ ԲՀԿ ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի մասով էլ սոցիոլոգը նշեց, թե նրա «ուժը խելքից պակաս է»: Հիշեցնենք, որ Ա. Ադիբեկյանին շատերը համարում են «ծախված» սոցիոլոգ, հիմնվելով այն փաստի վրա, որ նրա «կանխատեսումների» արդյունքները միշտ իշխանությունների սրտով են լինում: Վերջերս «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար Մանուկ Գասպարյանն էլ էր բողոքել Ա. Ադիբեկյանից, ասելով, թե նա իր կուսակցությանը քիչ թվեր է «գրում»: Մ. Գասպարյանը նաեւ ասել էր, թե եթե իր կուսակցությունն առաջիկա ընտրություններում 8% ձայն հավաքի, ապա Ա. Ադիբեկյանն այլեւս սոցիոլոգիայով զբաղվելու բարոյական իրավունք չպետք է ունենա: Այս կապակցությամբ երեկ Ա. Ադիբեկյանը հրապարակավ հայտարարեց, որ եթե «Մանուկը 0,8% ձայն էլ ստանա», ինքը սոցիոլոգիայով չի զբաղվի: Պատասխանելով հարցին, թե արդյոք այն փաստը, որ զանազան սոցիոլոգներ հայտարարում են, թե այս կամ այն ուժն է առաջատարը, եւս ընտրողների վրա ազդելու ձեւ չէ՞՝ հօգուտ այդ ուժերի: Ա. Ադիբեկյանը նշեց, թե կան մարդիկ, ովքեր չունեն սեփական կարծիք ու ուզում են տեսնել, թե ով է հաղթում, որ նրա օգտին քվեարկեն: «Ձիարշավարանում ուզում են իմանալ, թե որ ձին է կրելու, որ դրա վրա դնեն»,- պատկերավոր բացատրեց նա: Եվրոպական զանազան դիտորդական կառույցներ միշտ արձանագրել են, որ մեր երկրում ընտրությունների արդյունքները կեղծվում են (չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին), բայց այդ կեղծված ընտրությունների արդյունքները միշտ համընկնում են մինչ ընտրությունները Ա. Ադիբեկյանի արած սոցհարցման արդյունքների հետ: Այդ հարցումների արդյունքներն է՞լ են կեղծվում, թե՞ Ա. Ադիբեկյանը հարցումներն անելիս կեղծիքներն էլ է կանխատեսում ու նոր վերջնական թիվ հրապարակում: Այս հարցին երեկ սոցիոլոգն ըստ էության չպատասխանեց: Նա երեկ սոցհարցման կոնկրետ թվային պատկեր չներկայացրեց, հրաժարվեց ասել, թե ովքեր են պատվիրել այդ սոցհարցումները: Այդ դեպքում ինչո՞ւ էր ասուլիս հրավիրել: «Ես չեմ հրավիրել»,- հարցին այսպես արձագանքեց Ա. Ադիբեկյանը: Այնուամենայնիվ նա նշեց, որ համամասնական ընտրակարգով այսօր առաջատարը ԲՀԿ-ն է, ԱԺ կանցնեն մոտ 8 կուսակցություններ, որոնց թվում հաստատ կլինեն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Արտաշես Գեղամյանի կուսակցությունը: Կարապետիչի կուսակցությունը, ՕԵԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀԺԿ-ն, ըստ Ադիբեկյանի՝ «պրոբլեմ ունեն»: Լրագրողները նկատեցին, որ այս անգամ էլ Ադիբեկյանի «կանխատեսումները» գրեթե համընկան Ռոբերտ Քոչարյանի ցանկություն-կանխատեսումների հետ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Ռ. Քոչարյանը հայտնի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու ՄԱԿ-ին պատգամել էր լինել խորհրդարանում: Ուրա՞խ է Ա. Ադիբեկյանը, որ այս անգամ էլ իր «կանխատեսումները» համընկան Ռ. Քոչարյանի ցանկության հետ: Ի պատասխան այս հարցի, երեկ սոցիոլոգը նշեց, թե իրեն չի հետաքրքրում, թե ինչ է ասում նախագահը, եւ ինքն «ուրիշ խնդիր» է լուծում: