Ստուգումներ Արմավիրի անձնագրային բաժնում

01/04/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մարտի 25-ին Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները, որտեղ պետք է որոշվեր, թե իշխանական որ կուսակցությունն է, այնուամենայնիվ, ավելի հզոր, դուրս էին մնացել մամուլի ուշադրությունից` նույն օրը ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ողբերգական մահի պատճառով: Սակայն ի սկզբանե պարզ էր, որ պարտվող կողմը դժգոհելու էր արդյունքներից` հաղթող կողմին մեղադրելով ընտրակեղծիքներ անելու մեջ: Այդպես էլ եղավ:

Մարտի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պարտված թեկնածու Արայիկ Աղաբաբյանը դիմել է Արմավիրի առաջին ատյանի դատարան: Թե կոնկրետ ինչի՞ց է դժգոհ Արայիկ Աղաբաբյանը, մեզ երեկ այդպես էլ չհաջողվեց պարզել, որովհետեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվական բաժնի պատասխանատու Բաղդասար Մհերյանն ինքն էլ հստակ չգիտեր: Նա միայն հետեւյալն ասաց. «Այո, մեր թեկնածուն բողոքել է, եւ սպասում ենք դատարանի որոշմանը»: Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածու Ռուբեն Խլղաթյանն ընտրություններում ստացել է 8322 ձայն, իսկ Ա. Աղաբաբյանը` 6844: Ա. Աղաբաբյանը մամուլում հայտարարել էր, թե ինքը դիմել է դատարան, որովհետեւ ընտրությունների ժամանակ «ավանտյուրաներ են տեղի ունեցել», որի արդյունքում ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Խլղաթյանի օգտին գրանցվել է 4000 ապօրինի քվե: Սակայն երեկ ԿԸՀ-ից պարզեցինք, որ մարտի 25-ին Արմավիրում տեղի ունեցած ընտրությունների ոչ ընթացքի, ոչ ամփոփման փուլի վերաբերյալ ԿԸՀ-ն կամ թիվ 21 ընտրատարածքային կառույցը բողոք- դիմումներ չի ստացել: ԿԸՀ-ից մեզ փոխանցեցին, որ ստացվել է ընդամենը մեկ արձանագրություն այն մասին, որ ինչ-որ մեկը գնացել է ընտրության եւ պարզել է, որ իր փոխարեն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է: Որեւէ այլ դիմում-բողոք կամ արձանագրություն ԿԸՀ-ն չի ստացել: «Բարգավաճ Հայաստանում» չունեին նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ընտրատեղամասերում իրենց ներկայացուցիչներն արձանագրություններ չեն կատարել իրենց թեկնածու Արայիկ Աղաբաբյանի մատնանշած «ավանտյուրաների» մասին, եթե այդպիսիք եղել են: Ինչեւէ, այլ աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ա. Աղաբաբյանը դատարան է դիմել ընտրացուցակների անճշտությունների եւ կրկնակի քվեարկությունների մասին հայցով: Բայց մինչեւ երկուշաբթի օրվա դատական նիստը, արդեն երկու օր է, Արմավիրի անձնագրային բաժնում ինչ-որ ստուգումներ են անցկացվում: Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» մեղադրում է ՀՀԿ-ին Թալինի բնակիչներին «երկու օրով» Արմավիրում գրանցելու եւ ընտրություններին մասնակցելու մեջ, դրա համար ստուգումներ են անցկացնում Արմավիրի անձնագրային բաժնում: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, «Բարգավաճ Հայաստանին» չի հաջողվել նման գրանցումով գոնե մեկ հոգու հայտնաբերել Արմավիրի անձնագրային բաժնում: Ավելին, պարզվել է, որ Արմավիրի բնակիչների թիվը հունվարի 1-ից հետո ավելացել է ընդամենը 200-300 շնչով, որն էլ հիմնականում պայմանավորված է զինծառայությունից վերադարձողների քանակով: Իսկ ինչ վերաբերում է Արայիկ Աղաբաբյանի նշած «4000 ապօրինի քվեին», ապա, ինչպես մեզ հետ զրույցում նշեց թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի անդամներից մեկը, Ա. Աղաբաբյանն այն ստացել է մաթեմատիկական հետեւյալ հաշվարկից: «Քաղաքապետի նախորդ ընտրություններում Արմավիրում մասնակցել է 12.000 քաղաքացի, իսկ այս ընտրություններում մասնակիցների թիվը, կոպիտ հաշվարկով, դարձել է 16.000: Իսկ երբ 16.000-ից հանում ես 12.000՝ ստացվում է 4000: Հենց այ էս գումարում-հանումից է Արայիկ Աղաբաբյանը որոշել, որ 4000-ն «ավանտյուրա» ա: Տեսնում ե՞ք աբսուրդն ուր է հասել: Մարդը հիմա տենց ա հաշվում ուրիշի ձայները»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր տեղեկություններով, այս ամբողջ դատական գործընթացը չէր լինի, եթե Արայիկ Աղաբաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմին վստահեցրած չլիներ, որ իր թեկնածությունը պաշտպանելու դեպքում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն է կրելու: Այդ խոստումներին հավատալով էր «Բարգավաճ Հայաստանն» Արմավիրում մեծ գումարներ ծախսել, ռուսական փոփ աստղ Շուֆուտինսկուն մեծ գումարներով բերել-հասցրել Արմավիր` Արայիկ Աղաբաբյանի օգտին երգելու համար: Հակառակ դեպքում` եթե Ա. Աղաբաբյանը նման խոստումներ չտար կուսակցության պատասխանատուներին, դժվար թե «Բարգավաճ Հայաստանն» իշխանամետ իր գործընկեր ՀՀԿ-ի դեմ իր թեկնածուն դներ: Այն էլ՝ այն դեպքում, երբ ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ նախապես պայմանավորվածություն է եղել իրար դեմ թեկնածու չդնելու շուրջ: Ու հիմա պարզաբանումներ տալու Արայիկ Աղաբաբյանի հերթն է. «Բարգավաճ Հայաստանին» նա պետք է բացատրություններ տա իր եւ, որ ամենակարեւորն է, կուսակցության խայտառակ պարտության համար, որովհետեւ ակնհայտ է, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստանին» նման պարտությունն ամենեւին էլ ձեռք չի տալիս: Հենց սա է պատճառը, որ Արայիկ Աղաբաբյանը որոշել է դիմել դատարան եւ բողոքարկել ընտրությունների արդյունքները` հույս ունենալով, թե ձգձգելով ժամանակը՝ կմեղմվի նաեւ «Բարգավաճ Հայաստանի» դժգոհությունն իր նկատմամբ: Սակայն «Բարգավաճ Հայաստանում», թերեւս, հասկանում են, թե որն է դատարան դիմելու Արայիկ Աղաբաբյանի իրական նպատակը, սակայն, այդուհանդերձ, սպասում են նաեւ երկուշաբթի օրվա դատական նիստին:

Հ.Գ.
ՀՀԿ-ում վստահեցնում են, որ իրենց թեկնածուն շատ ավելի մեծ ձայների տարբերությամբ կհաղթեր «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին, եթե տեղի չունենար իրենց նախագահի ողբերգական մահը: Սակայն դա տեղի չունեցավ, որովհետեւ, լսելով իրենց ղեկավար Անդրանիկ Մարգարյանի հանկարծակի մահը, բոլորը` մոռանալով ընտրությունները, հավաքվել էին Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում: