ՀԺԿ-ն խաղեր է տալիս

01/04/2007

Երեկ Շավարշ Քոչարյանի ղեկավարած ԱԺԿ-ն հայտարարություն է տարածել, թե ՀԺԿ-ն զրկել է իրենց ընտրական հանձնաժողովներում ունեցած 36 տեղերից: Բանն այն է, որ 2003թ. ձեռք բերված եւ «Արդարություն» դաշինքի 9 կուսակցությունների կնիքներով հաստատված քաղաքական համաձայնությամբ` թիվ 3 ԸԸՀ-ի անդամ էր նշանակված ԱԺԿ ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը: Քանի որ Ա. Ավետիսյանն ընդգրկվել է ԱԺԿ համամասնական ցուցակում` վերջինս իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դիմում է ներկայացրել ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանին` առաջարկելով պահպանել քաղաքական պայմանավորվածությունը եւ հանձնաժողովի անդամ նշանակել ԱԺԿ այլ ներկայացուցչի: «Սակայն ԿԸՀ անդամը նշանակել է ՀԺԿ ներկայացուցչի` դրանով իսկ կանխորոշելով 35 տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամների նշանակում ՀԺԿ-ի կողմից»,- ասված է հայտարարության մեջ: «ԱԺԿ-ի համար չկա այլ նպատակ, քան ընտրությունների ընթացքում կուսակցությունը ներկայացնող անդամների անկողմնակալ աշխատանքը եւ արդարության վերահսկողությունը: Մինչ այսօր թիվ 3 ընտրատարածքում այդ խնդիրը լուծված էր: ԱԺԿ-ն ուշի ուշով հետեւելու է եւ կոչ է անում արդար ընտրությունների անցկացումով շահագրգիռ բոլոր կազմակերպություններին ու անհատներին եւս հետեւել, թե ինչպիսին է լինելու ՀԺԿ-ի կողմից նշանակված թիվ 3 ընտրատարածքի հանձնաժողովների անդամների պահվածքը»,- ընդգծում է ԱԺԿ-ն: