Մեր օրերում դժվար գտնվի իրեն հարգող վերլուծաբան, որն, անկախ տեղի ունեցած իրադարձության կարեւորությունից, այն չհամարի ինչ-որ ուժերի դավադրություն եւ չփորձի փրփուրը բերանին ներկայացնել իր կասկածները հիմնավորող անհրաժեշտ փաստերը: Ինչպես ցույց է տալիս մարդկության պատմությունը, երբ ինչ-որ մեկի գլխին աղյուս է ընկնում, մարդիկ իրադարձությունն առավել հեշտ ու առավել հաճույքով են ընկալում, եթե այն ներկայացվում է որպես մութ, անդրկուլիսային ուժերի ձեռքի գործ: Դավադրության գործոնն ավելի տպավորիչ ու համոզիչ է դառնում, երբ պատմությունը ներկայացվում է դետալներով, հանգամանալի: Այսպես, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահից հետո հաճախ լսում ես. «Ասում են, որ վարչապետին…»: Ու կարծելով, որ նախադասությունն անսպասելի ընդհատելով` արդեն իսկ փոխանցված է ողջ չարագուշակ ինֆորմացիան, զրուցակիցդ լռում է: «Վարչապետին` ի՞նչ»: Լրագրողների ինֆորմացվածության պատրանքը ցնդում է. «Հաբ են տվել ու…»:
Եթե նկատել եք, մեր ազգային ենթագիտակցության մեջ հայ ժողովրդի պատմության ողջ կսկիծն ու ցավը, հատկապես՝ վերջին տարիներին, ամբողջացնում են հիմնականում Հերբերտ ֆոն Կարայանն` իր նվագախմբով, ու Շառլ Ազնավուրը` սեւ վերնաշապիկով երգելիս: Իսկ երբ անսպասելիորեն նրանց է միանում նաեւ «Ձորի Միրո» կինոնկարը, հեռուստաընկերությունների ղեկավարները կարծում են, որ այս համադրությամբ հաջողացրել են ենթատեքստով ներկայացնել տեղի ունեցած ողջ ինֆորմացիան` իր նյուանսներով, հեռուստադիտողը, տվյալ դեպքում` հայ ժողովուրդը, ընկնում է հիստերիայի մեջ: Եվ երբ ժամեր անց հայտնված լուրի ծանրությունը զիջում է մեկուկես միլիոն հայի հնարավոր կոտորածի լուրի սպասմանը, հաղորդված ինֆորմացիայի ուշացմանը զուգահեռ՝ մեծանում է պաշտոնական տեղեկատվության անճշտության վարկածը: Եվ հասարակությունը, հատկապես, եթե նույնքան հիվանդ է, որքան մեր հասարակությունը, սկսում է հավատալ առասպելաբանությանը, քանի որ առասպելն իրական պատմությունից առավել հետաքրքրաշարժ է:
Թե ինչու է մեր հասարակությունն առավել հակված յուրաքանչյուր իրադարձության ակունքներում տեսնել դավադրության տեսությունը, ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը բացատրում է այսպես. «Ինչո՞ւ են մարդիկ սկսում քննարկել դավադրության տեսությունները, որովհետեւ մանրամասները շատ քիչ են հայտնի եւ ինֆորմացիայի պակաս կա: Եվ եթե խոսքը հայտնի քաղաքական, տնտեսական գործչի մասին է, որի լինել-չլինելը, որի գործունեությունն ինչ-որ մարդկանց խանգարում է, ոմանց` օգնում, հասկանալի է, որ շահերի բախման դեպքում մարդիկ փորձում են վերլուծել` ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Եվ երբ կա նշածս ինֆորմացիայի պակասը, ապա մարդիկ փորձում են, հիմնվելով տրամաբանության վրա, որոշակի եզրակացություններ անել: Սակայն միշտ չէ, որ պետք է հավատալ տրամաբանությանը, որովհետեւ դավադրությունների տեսությունները, սովորաբար, իսկ ես հիմնվում եմ գիտական լուրջ վերլուծությունների վրա, մի քանի խիստ հատկանշական գծեր ունեն: Նախ` դավադրությունների տեսությունները չափազանց բարդ մեխանիզմ են, հետեւաբար՝ առողջ բանականությունը միանգամից մերժում է դրանց իրականացումը: Այսինքն` դժվար թե բարդ կառույցը հնարավոր լինի իրականացնել քիչ թվով մարդկանցով եւ փոքր միջոցների ներգրավվածությամբ: Իսկ եթե մարդկանց քանակը մեծ է, ապա դավադրությունը գաղտնի պահել հնարավոր չէ: Փաստ է, որ դավադրությունները շատ են, սակայն դրանցից քչերն են իրենց նպատակին հասնում»: Պարոն Հովհաննիսյանի կարծիքով` մարդիկ հաճույքով են ընդունում նման տեսությունները, որովհետեւ դրանց մեջ որոշակի միստիկա կա, մարդիկ ավելի հակված են բարդ դեպքերում չվստահել պարզ բացատրություններին եւ փորձում են գտնել իրենց ներքին վախերն արդարացնող հիմնավորումներ: «Եթե մենք խոսենք կոնկրետ մեր հասարակության մասին, ապա հիվանդ հասարակություն է, անընդհատ կա աղետի սպասում (ոչ թե գենետիկորեն, այլ կոնկրետ հիմա): Պատահական չէ նաեւ, որ վարչապետի մահվան օրը լուրեր տարածվեցին ազգի համար կարեւոր այլ լուսապսակ ունեցող մարդկանց մահվան մասին: Ինչո՞ւ: Ինչ-որ մի բան սխալ է գնում, եւ պատժվում ենք: Հասկանո՞ւմ եք, մի մտայնություն կա` ա՛յ, էս էլ վատ եղավ, էս էլ վատ կլինի: Ինչի՞ վատ եղավ, որովհետեւ լավը չենք մենք: Հասարակության մեջ ներքին համոզում կա, որ մենք խախտել ենք մեր արժեքները, հավատարիմ չենք էն պատվիրաններին, որոնց պիտի հավատարիմ լինեինք: Դրա համար էլ պատժվում ենք: Սրանից էլ բխում են «հիմնավորված» թվացող տեսությունները` էսպես եղավ, որովհետեւ էսպես էր պետք: Իմ վերլուծությունը կոնկրետ էս դեպքերի համար ես ներկայացրեցի` մենք հիվանդ ենք: Երթուղայինում լսում եմ` ինչ-որ մեկն ասում է, թե մեզ աչքով են տվել: Իմ ծանոթներից մեկն էլ ասաց` տեսա՞ր` ինչ եղավ: Ամեն ինչ եղավ, որ վատ լինի: Բայց ինչո՞ւ պիտի վատ լինի: Իմ պատասխանը սա է` որովհետեւ մենք ինքներս լավը չենք»: Պարոն Հովհաննիսյանի հետ զրույցից հետո, տուն վերադառնալիս, տաքսու վարորդն ասաց. «Լավ մարդ էր, դրա համար էլ գլուխը կերան»:
N քաղաքում չինովնիկությունը լուր ստացավ` իրենց կողմերը ռեւիզոր է գալիս: Խուճապն ու շփոթությունն իր կուլմինացիային հասավ, երբ պարզվեց, որ ռեւիզորը գալիս է ինկոգնիտո: Միմյանց ընդհատելով` չինովնիկները փորձում էին գլխի ընկնել ռեւիզորի գալստյան բուն նպատակը, մինչեւ որ նրանցից ամենահեռատեսն ու իմաստունը` Լյապկին-Տյապկինը, գլխի ընկավ` Ռուսաստանն ուզում է պատերազմ սկսել, եւ «մինիստերիայից» մարդ են ուղարկել, որ ստուգի` հո իրենց կողմերում խժդժություններ չկա՞ն: Իսկ Հանրային հեռուստաընկերությամբ արդեն ոչ թե Բեթհովենի, այլ Արմենչիկի երաժշտությունն է: Հետեւաբար՝ կարելի է վստահորեն պնդել` մեր հանրապետությունում ոչ մի խժդժություն չկա: Մեր հանրապետությունում խաղաղ է, ինչպես ճահիճում: