Գյուղական համայնքների զարգացում.

01/04/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ իշխանությունները եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները նոր-նոր սկսել են բարձրաձայնել ու անհանգստանալ, որ երկրի բուռն տնտեսական աճը գյուղական համայնքներ չի հասնում: Եվ, որ սփյուռքահայերը հայրենիք գալով՝ տեսնում են օր օրի վերակառուցվող Երեւանը եւ, դրան զուգահեռ՝ գյուղական համայնքների համատարած աղքատությունը: Հասկացել են, որ գյուղական համայնքների համար անհրաժեշտ է առանձին ծրագրեր մշակել եւ իրականացնել: Այդ նպատակով անցյալ տարի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը փորձ կատարեց արտերկրից ժամանած մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել Հայաստանի գյուղերի վրա: Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին նրանց հավատացնում էր, որ թեպետ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը նախատեսվածից ավելի արագ է իրականացվում, այնուամենայնիվ, գյուղերում կենսամակարդակը շարունակում է մնալ ցածր: Վ. Օսկանյանը սփյուռքահայերին հորդորում էր, որ նրանցից յուրաքանչյուրը ստանձնի Հայաստանի աղքատ եւ սահմանամերձ մի գյուղի համար որոշակի ծրագրեր իրականացնելու պարտականությունը: Դեռեւս այն ժամանակ Արտգործնախարարությունն առանձնացրել էր այդպիսի 50 գյուղեր, որոնցից սփյուռքահայերը պետք է ընտրեին, թե որ գյուղին աջակցեն: Ըստ այդ ծրագրի՝ սփյուռքահայերը հանգանակություն պետք է անեին՝ աղքատ գյուղերում ջրամատակարարման համակարգ կառուցելու, գազիֆիկացում, դպրոցների եւ առողջապահական հիմնարկների վերանորոգում, ճանապարհաշինարարություն իրականացնելու համար: Երեկ պարոն Օսկանյանը հայտարարեց, թե 40 գյուղերի մասին խոստումներ եղել են, որոնք մնում են ուժի մեջ: Իսկ ծրագրի մեկնարկը կլինի այս տարվա մայիսի վերջից: Ավելացնենք, որ այդ ծրագրերը պետք է իրականացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Երեկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը նույն՝ գյուղական համայնքների զարգացման թեմայով խորհրդաժողով էին հրավիրել: Մասնակցում էին միջազգային եւ հասարակական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ Վարդան Օսկանյանը, ով կարեւորելով այս ծրագիրը՝ հիշեց նաեւ համաժողովից հետո ձեռք բերած խոստումների մասին: Արտգործնախարարն իր ելույթում հայտարարեց, թե արդեն ընտրել են սահմանամերձ 5 գյուղեր, որոնց աղքատության հաղթահարման ծրագիրը կիրականացնեն մայիսից: Նա չկոնկրետացրեց, թե դրանք որ գյուղերն են, բայց ասաց, որ դրանք գտնվում են մի մարզում եւ իրարից 4-5 կմ հեռավորության վրա: Ծրագիրը մոդելային է եւ պետք է իրականացվի արագացված տեմպերով՝ 3-5 տարվա ընթացքում: Պետք է աշխատեն այդ համայնքներում վերականգնել եւ վերանորոգել 12 ենթակառույցներ՝ սկսած հեռախոսային եւ ինտերնետ կապերից մինչեւ ջրամատակարարում, գազիֆիկացում, ճանապարհային եւ այլ համակարգերի կառուցում, դպրոցների եւ բուժկետերի վերանորոգում: «Բավականին մեծ խանդավառություն կա սփյուռքում այս ծրագրի շուրջ, եւ համոզված եմ, որ իսկապես հնարավորություն կլինի ներդրում ունենալ գյուղական շրջաններում իրավիճակը փոխելու առումով»,- երեկ ասաց Վ. Օսկանյանը:

Գյուղական համայնքներում աղքատության հաղթահարման ծրագրերին անդրադարձան նաեւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանը, Գյուղատնտեսության նախարարությունից Հրաչյա Ծփնեցյանը: Կ. Վիդալը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը գյուղական համայնքների զարգացման աշխատանքներ իրականացնում է դեռեւս 2004 թվականից եւ 2006 թվականից, եւ եւս 20 սահմանային համայնքներ էլ արդեն ընդգրկվել են իրենց զարգացման ծրագրում: Հ. Արմենյանի խոսքով՝ եթե սփյուռքի բոլոր դոլարներն առանց համակարգված ծրագրերի ծախսվեն Հայաստանի գյուղերում, ապա բան չի փոխվի: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Հայաստանի գյուղական համայնքների զարգացման հարցով մտահոգված են միայն Միջազգային կառույցի ներկայացուցիչներն ու սփյուռքահայերը, Հ. Ծփնեցյանը տեղեկացրեց, որ ՀՀ Գյուղնախարարությունն էլ իր մասով է աջակցում ծրագրին՝ «բավականին մատչելի» պայմաններով՝ 10-12 տոկոսով 4 մլն դոլար վարկ հատկացնելով տնտեսություններին: Իհարկե, սա բանկերի հատկացրած վարկերի 16-18 տոկոսի համեմատ ցածր է, բայց գյուղական աղքատ տնտեսությունների համար մնում է անհասանելի սահման:

Հնչեցին մտքեր, թե մասնավոր կառույցներին պետք է շահագրգռել, որպեսզի իրենց բիզնեսը ծավալեն նաեւ գյուղերում, որպեսզի աշխատատեղեր ստեղծեն: Բացի այդ նշվեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի արդյունքում տարիներ հետո պետք է 6 տոկոսով կրճատվի գյուղական համայնքների աղքատությունը: Իհարկե, խոսքերը գեղեցիկ են, ծրագրերը՝ նույնպես, հեռանկարները՝ առավելեւս, եւ անզուսպ ցանկություն է առաջանում հավատալ, որ հաջորդ տասնամյակում պետության, սփյուռքահայերի եւ միջազգային կառույցների օգնությամբ Հայաստանի գյուղերը կզարգանան, կունենան ոռոգման եւ խմելու ջրի նորմալ համակարգեր, անցանելի ճանապարհներ, գազիֆիկացում, արժանավայել դպրոց, հեռախոսակապ ու անգամ՝ ինտերնետ կապ: Որ հայ գյուղացին բավականությամբ կմշակի իր հողը, կբուծի իր անասունը, արտադրանքը կիրացնի հասանելի դարձած շուկաներում եւ իր ընտանիքի գոյությունը պահպանելու համար չի գնա արտասահմաններում աշխատելու եւ, ի վերջո, իր ընտանիքի հետ միասին չի արտագաղթի:

Իհարկե, սա փայլուն ծրագիր է, եւ մի պահ եկեք չկասկածենք, որ դա իրականություն կդառնա: Սփյուռքահայերը գումարներ կտան, մեր իշխանություններն էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ միասին այդ գումարների մեծ մասը չեն փոշիացնի, կոպեկ-կոպեկ կծախսեն գյուղերի վրա, գյուղացին ավելի շատ մթերք կարտադրի, վերամշակող գործարաններն էլ դրանք կվերածեն արտադրանքի: Բա հետո՞: Հայաստանը տեղական սննդամթերքի պակաս կարծես թե չունի: Այդ դեպքում ի՞նչ է անելու ավելացած մասը: Կասեք՝ արտահանելու է: Այստեղ արդեն մենք կանգնում ենք փակուղու առաջ: Հայաստանից արտահանման ծավալներն արդեն գնալով պակասում են: Պատճառը վերջին մի քանի տարիներին դոլարի արժեզրկումն է եւ բեռնափոխադրումների բարձր սակագները: Այս երկու հանգամանքները պատճառ են դառնում, որ Հայաստանում արտադրվող ապրանքն ունենա բարձր ինքնարժեք եւ պակաս մրցունակ լինի արտասահմանյան շուկաներում: Բացի այդ, գիտենք, որ Հայաստանն արտահանման ճանապարհների եւ բեռնափոխադրումների մեծ խնդիր ունի: Վերջերս մամուլում հրապարակում եղավ, թե Ֆրանսիայում մարտի վերջին «Էքսպո-Լիոն» ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանից փետրվարի 3-ին դուրս եկած բեռները մինչեւ հիմա տեղ չեն հասել: Հայաստանի համար նախատեսված տաղավարներում մեր արտադրողները ցուցադրելու համար ոչինչ չեն ունեցել: Թեկուզ այս մեկ օրինակը բավարար է հասկանալու համար, թե մեր երկրում ծրագրերն ու դրանց իրականացումը որքան հեռու են իրարից:

Գյուղական համայնքների զարգացման այս ծրագրի մասին հայտարարելուց հետո տարբեր մեկնաբանություններ եղան, թե ինչո՞ւ է Վարդան Օսկանյանը միայն այս պահին «կպել» այս գաղափարին: Առջեւում՝ ՀՀ ԱԺ, իսկ 2008թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններն են, եւ Վ. Օսկանյանի անունը շոշափվում է ՀՀ նախագահի հավանական թեկնածուների ցանկում: Մինչեւ 2008թ. Վ. Օսկանյանն այս ծրագրի շնորհիվ քաղաքական լավ քարոզարշավ կապահովի իր համար: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կլինի գյուղերի զարգացման ծրագիրը, եթե Վ. Օսկանյանն առաջադրվի որպես ՀՀ նախագահի թեկնածու ու չանցնի: Ծրագիրը «կջրվի՞», թե՞…