Բեռլինից «ժեշտը» չեն բերել

01/04/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կազմվերլուծական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Սարգսյանի ասելիքը տրանսպորտային միջոցներ ունեցողների համար «գույժի» պես մի բան կարելի է համարել:

2007թ. մարտի 24-ից ուժի մեջ է մտել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը: Օրենքն արդեն մեկ շաբաթ ուժի մեջ է, եւ Ոստիկանությունն արդեն հասցրել է մի շարք տուգանքներ գրել օրենքի տառին համապատասխան, ուստի հանրության լայն շրջաններին տեղյակ պահելու Ոստիկանության այս նախաձեռնությունը մի փոքր կարելի է ուշացած համարել: Թարմացված օրենքը տրանսպորտային միջոցների կողմից կատարվող խախտումների համար «աստղաբաշխական» թվերի հասնող տուգանքներ է սահմանել: Օրենքից նշենք մի քանի ուշագրավ թվեր: Մթեցված ապակիներով տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 50 հազար դրամի չափով, առանց թույլտվության լուսաձայնային սարքերի տեղադրումը` 100 հազար դրամի, տրանսպորտային միջոցը հաշվառման չներկայացնելը` 20 հազար դրամի, տեխզննում չանցնելը` 50 հազար դրամի, ինքնաշեն համարանիշով երթեւեկելը` 10 հազար դրամի չափով: Հանրությանը թերեւս կհետաքրքրի, որ ուղեւորափոխադրումների կանոնները խախտած տրանսպորտամիջոցը տուգանվելու է 10 հազար դրամի չափով: 5 հազար դրամ տուգանք է հասնում տրանսպորտային միջոցից աղբ նետողներին: Տաքսիների համար նույնպես դժվար ժամանակներ են սկսում: Մեծ խնդիր է նրանց կանգառելու վայրի հարցը. տուգանքը 20 հազար դրամ է: Տուգանքից բացի, որոշ դեպքերում որպես պատժամիջոց է կիրառվելու վարորդական իրավունքից զրկումը: Իսկ ոստիկանների որոշումները չկատարելու համար տուգանքը 200 հազար դրամ է սահմանված: Տույժ, տուգանքներ սահմանող ցանկն ահռելի է, եւ թերեւս տրանսպորտային միջոց ունեցողներն այդ ցանկին հետագայում կտիրապետեն սեփական փորձի հիման վրա: «Կարգ ու կանոնին միտված օրենքը մեծացրել է կոռուպցիոն ռիսկերը»,- տեղերից նետում էին ասուլիսին մասնակից լրագրողները: Պարզ է, որ Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Սարգսյանն ի պաշտոնե լիազորված չէր պատասխանել նմանատիպ զգացմունքային հարցադրումներին, սակայն փոխգնդապետը չուներ նաեւ այն հարցի պատասխանը, թե ե՞րբ են խաչմերուկներում տեղադրվելու տեսալուսանկարող սարքավորումները: Սա շատ կարեւոր պահ է, քանի որ օրենքն է պահանջում համակարգային փոփոխությունները սկսել հենց ոստիկանի հետ շփումները նվազեցնելուց: Այլապես օրենքը կիրառվում է մասնակի, եւ պարզից էլ պարզ է, որ սկզբնական շրջանում ամեն կերպ աշխատելու են տուգանքներով հավաքել սարքավորումներ գնելու փողը: Բացի այս էլ, օրենքը սահմանափակել է կամայական տեղում կայանելու հնարավորությունը: Իսկ թե որտե՞ղ պետք է կայանեն տրանսպորտային միջոցները` լուծումները պարզ չեն: Կա՞ն արդյոք առանձնացված տարածքներ, կառուցվելո՞ւ են արդյոք բազմահարկ կայանատեղիներ, ինչպես վարվում են տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնված երկրներում: Պատասխանը` «չգիտեմ» էգ Օրենքի առաջ բոլորը հավասար են տրամաբանությամբ, խախտումներ կատարելու դեպքում պետական պաշտոնյայի համար էլ տուգանքի չափը նույնքան է, որքան նշված է օրենքում: Իսկ խորհրդային տարիներին հասարակությանը վատ օրինակ ծառայած պաշտոնյան իր աշխատավայրում արժանանում էր որոշակի տուգանքների: Մեր իրողությունում զվարճալի կլիներ տեսնել, թե ինչպես է իր «ջիպից» իջնող նախարարն արժանանում իր աշխատակիցների նախատինքին:

Օրենքն ու իրողությունը մի կետում էլ իրար չեն լրացնում: Ոստիկանության ավտոտեսուչ, մայոր Հարությունյանը, հենց նոր օրենքի կյանքի կոչման օրը, կանգնեցրել է քաղաքացի Վարդան Մելքոնյանի վարած տրանսպորտային միջոցը եւ տուգանել 10 հազար դրամով` ինքնաշեն համարանիշեր փակցնելու համար: Վարդան Մելքոնյանը մեզ պատմում է, որ անմիջապես դիմել է Հանրապետական պետավտոտեսչությանը, նոր` քառակուսի համարանիշ ստանալու համար, սակայն իրավասու մարմինները տեղեկացրել են, որ համարանիշ չեն կարող տալ, քանի որ թիթեղ չունեն: «Իրենց ասելով՝ Գերմանիայից առաքված «ժեշտը» գտնվում է Վրաստանի «Փոթի» նավահանգստում: Ե՞րբ է այն տեղ հասնելու, ոչ ոք ժամկետ չի նշում: Ասում են` հետաքրքրվեք, հենց որ ստանանք` եկեք: Դեռ պաշտոնյաներից մեկն էլ ինձ խորհուրդ տվեց իրենց տրամադրած ուղղանկյուն համարանիշը փակցնել ապակու տակ, ու այդպես էլ վարվել եմ: Զավեշտը նրանում է, որ օրենքը հաշվառման համարները տեղում չփակցնելու համար էլ է 5 հազար դրամ տուգանք սահմանում»,- պատմում է անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացի Վ. Մելքոնյանը:

Մի բան ակնհայտ է, որ «համակարգաշինության» այս փուլում շատ մարդիկ ստիպված են լինելու իրենց սեփական մեքենաները «նվիրել» պետությանը: Քանի որ, երբեմն տուգանքն ավելի մեծ է, քան իրենց վարած մեքենայի գինը: