Մարտի 30-ին, ՀՅԴ Արցախի կազմակերպությունը շրջանային ժողով է հրավիրել, որտեղ, ինչպես մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հետ կապված հարցերը: Նա նաեւ նշել է, որ դիրքորոշումը կարտահայտեն ապրիլի 2-ին` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Տեղեկացնենք, որ Դաշնակցությունը` «Շարժում 88» կուսակցության հետ մեկտեղ, ԼՂՀ 33-տեղանոց խորհրդարանում 3 տեղ ունեն: ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, ԼՂՀ-ի քաղաքական ուժերից առաջինը կհայտարարի ընտրություններում իր դիրքորոշման մասին: Կուսակցությունը կամ թեկնածու կառաջադրի, կամ էլ կսատարի թեկնածուներից որեւէ մեկին, քանի որ կուսակցության ներկայացուցիչները միշտ էլ շեշտում են ընտրություններում իրենց ակտիվ մասնակցություն ունենալու մտադրության մասին: Ապրիլի առաջին օրերին ԼՂՀ ԱԺ-ի նիստում կնշանակվի ընտրությունների օրը, իսկ ապրիլի 20-ին կմեկնարկի թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի մայիսի 10-ին: Իսկ մինչ այդ` մարտի 31-ին ԼՂՀ ԱԺ-ում նախատեսվում են լսումներ, որի ընթացքում քննության կառնվեն Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները: