«Հետք» ինտերնետային կայքի պատրաստած «Դատապարտվել է պատվերով» հրապարակմանը, որ տպագրվեց «168 Ժամում», արձագանքեցին հոդվածի հերոսի՝ Հրաչ Վարդանյանի նախկին գործընկեր մի քանի կանայք, ովքեր աշխատում են «ԱրմենՏելում»: Այդ կանայք պնդում էին, որ նյութի հեղինակը հոդվածը ներկայացրել է միակողմանի եւ հարկ չի համարել լսել նաեւ երկրորդ կողմի փաստարկները:
Հիշեցնենք, որ 2004թ. հունվարի 19-ին «ԱրմենՏելի» էլեկտրամանտյոր Հրաչ Վարդանյանին հեռացրել են աշխատանքից: Վերջինս մինչ օրս պնդում է, որ ինքը դիմել է «ԱրմենՏելի» ղեկավարությանը` տեղեկացնելով, որ ինքը որեւէ դիմում չի գրել: Հ. Վարդանյանը նաեւ իբրեւ թե իր անունից գրված կեղծ դիմումի կապակցությամբ Գլխավոր դատախազությունում հայտարարություն է տվել, որը փոխանցվել է Զեյթունի ոստիկանություն: Այնուհետեւ կրկին հայտարարություն է գրել, որն ուղարկվել է Կենտրոնի, ապա Մարաշի ոստիկանություն: Մինչդեռ, խմբագրություն եկած «ԱրմենՏելի» աշխատակիցները վկայում են, որ իրականում Հ. Վարդանյանին աշխատանքից հեռացնելու պատճառը եղել է նրա ոչ պատշաճ վարքագիծը: Ամեն ինչ սկսվել է այսպես. 2004թ. հունվարի 13-ին Հ. Վարդանյանը զանգահարել է «ԱրմենՏել»՝ կանչերի ցուցակին ծանոթանալու նպատակով: Հեռախոսազանգին պատասխանել է նույն հիմնարկության աշխատակից օպերատորը, որը Հ. Վարդանյանի նախկին կինն է եղել: Նախկին կնոջ ձայնը լսելուն պես Հ. Վարդանյանի «արյունը խփել» է գլխին, թե` «Էս ազիզ օրով դու ինչի՞ վերցրիր հեռախոսը»: Հ. Վարդանյանը սկսել է հայհոյել նախկին կնոջը, նա էլ լսափողը ցած է դրել: 15 րոպե անց Հ. Վարդանյանը հարբած վիճակում եկել է «ԱրմենՏել» եւ հարձակվել է երկրորդ հերթափոխը սպասարկող, համակարգչի մոտ նստած նախկին կնոջ վրա, ով համարձակվել էր իր «հեռախոսազանգին պատասխանել»: «Մենք` սենյակում գտնվող աշխատողներս, ականատես ենք եղել, թե ոնց է կնոջ մազերից բռնած քարշ տալիս ու ծեծում: Ցունամիի նման ներս մտավ ու սկսեց խեղճ աղջկան ջարդել: Մեր ավագը միջամտեց, բայց ինքն անկառավարելի էր: Աշխատողները փորձում էին ետ պահել, բայց հնարավոր չէր: Ես ներկա եմ եղել, թե ինչպես է մազերից քարշ տվել, գցել եւ ոտքով խփել: Նրա ոտքն էլ եմ բռնել, ձեռքն էլ, փորձել եմ կանխել: Իմ միջամտությունից հետո էլ ինձ է բրթել, ասել եմ` մարդ կանչեք, միլիցիա զանգ տվեք, թե չէ՝ մեզ կսպանի: Մենք աղմուկ ենք բարձրացրել, ղեկավարությանն ենք դիմել»,- ասում են «ԱրմենՏելի» աշխատակիցներն, ովքեր մեզ խնդրեցին իրենց անուն-ազգանունները չնշել, քանի որ Հ. Վարդանյանն, ըստ իրենց` զենք է կրում եւ ցանկացած պահի կարող է իրենց վնասել: Այս միջադեպից հետո, հունվարի 19-ին էլեկտրամանտյոր Հ. Վարդանյանը հեռացվել է աշխատանքից, իսկ նրա հավաստիացումներին, թե իր փոխարեն կեղծ դիմում են գրել` «ԱրմենՏելի» աշխատակիցներն այսպես են արձագանքում. «Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է նա դիմումը գրել: Սուտ է ասում, թե իր փոխարեն կեղծ դիմում են գրել, մենք մեր աչքով տեսել ենք իր դիմումը»: Մայիսի 24-ին Կենտրոնի ոստիկանապետի որոշմամբ` քրեական գործ է հարուցվել Հ. Վարդանյանի դեմ եւ ուղարկվել է նախաքննության: Կենտրոն եւ Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանը Հ. Վարդանյանին դատապարտել է 4 ամիս ուղղիչ աշխատանքի` աշխատավարձի 10%-ի պահումով: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները քննության առնելով այս գործը՝ վճիռը թողել են անփոփոխ: Դիմել է նաեւ Սահմանադրական դատարան եւ պատրաստվում է գործն ուղարկել Եվրոդատարան: Մի խոսքով, Հ. Վարդանյանը 3 տարվա վաղեմություն ունեցող իր սարքած «շիլաշփոթի» թղթաբանությունն առած՝ դիմում է ցանկացած տեղ, որտեղ իրեն կլսեն եւ ընթացք կտան այս գործին: «Մենք` բոլորս էլ, դատարաններում վկայություններ ենք տվել, պատմել ենք, թե նրան ինչու են աշխատանքից ազատել, թե ինչպես է հարբած վիճակում սկանդալ սարքել, նախկին կնոջը ծեծել ու ամենալկտի հայհոյանքներով աղմուկ բարձրացրել: Դատարանը միանգամայն օբյեկտիվ վճիռ է կայացրել, բայց նա ամբողջ օրը դռներն ընկած կեղծ բաներ է պատմում, բոլորի ուշադրությունը հրավիրում է իր վրա ու մեզ էլ վարկաբեկում է»,- վստահեցնում են աշխատակիցները` հավելելով, որ Հ. Վարդանյանը լինելով էլեկտրամանտյոր՝ աշխատանքային ժամերին գազային ատրճանակ էր կրում: Վերջինս ատրճանակ կրելու համար «ԱրմենՏելի» ղեկավարության կողմից բազմիցս նկատողություն է ստացել, պատժվել է, սակայն շարունակել է այն կրել, թեեւ, ի դեպ, դրա համար ունեցել է համապատասխան թույլտվությունը: