«Հաղթանակով եկա ու մինչեւ հիմա պարտվում եմ»,- ասում է ազատամարտիկ Ռաֆիկը

01/04/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ռաֆիկ Դավթյանը մեր իրականության մասին սովորականից տարբեր է մտածում: Նրա ընկերներն ինձ հրավիրեցին իր «տուն», որովհետեւ Ռաֆիկ Դավթյանը Ղարաբաղյան պատերազմից վերադառնալուց հետո մեկուսացել, փակվել է բանտախուց հիշեցնող հանրակացարանի գորշ սենյակում եւ չի շփվում մարդկանց հետ: Հավանաբար ինքն իրեն պատժում է:

«Ուզում է մի քիչ կիսվել»,- ասում են նրանք: Ռաֆիկն ընկերների համար հերոս է, ու մեր զրույցից հետո` ինձ համար էլ է հերոս: Նրա արժանապատվությունն ու դավանած արժեքները զարմացնում են, որովհետեւ պատերազմի դաժան փորձություններից հրաշքով փրկված մարդը խաղաղ պայմաններում կամաց-կամաց մարում է: Նա 43 տարեկան է: Երկար տարիներ սահմանների վրա կնոջ, որդիների, ծնողների ու մեր համար հայրենիք է պաշտպանել, սակայն նույն տարիներին Երեւանում ընտանիքի անդամներին կորցրել է: «Երկու քույրերս 24, 28 տարեկան ջահել-ջահել մահացան, թաղմանը չեմ մասնակցել, հետո տղաս հիվանդացավ: Հաղթանակով եկա ու մինչեւ հիմա պարտվում եմ»,- պատմում է նա: Որդին` Դավիթը, հոգեկան խանգարում է ստացել եւ ժամանակ առ ժամանակ ինքնասպանության փորձեր է կատարում: Մայրն ասում է` «Երբ Ռաֆիկը կռվում էր` ես շատ էի վատանում, ուշագնաց էի լինում, փայտանում էի: Դե՛, ամեն րոպե մի լուր լսում ես: Երեխաս տառապում էր, որ չի կարողանում մեզ օգնել: Ամեն ինչ ներս էր գցում: Կամաց-կամաց նկատեցինք, որ ձեռքներիցս գնում է»: Այս ընտանիքում աշխատող չկա, որովհետեւ պատերազմից եկած մարդու առողջական վիճակը գնալով վատանում է: Նրանց ամսական եկամուտը կախված է Ռաֆիկի ընկերներից, որովհետեւ ժամանակին բոլորի թիկունքին կանգնած բարեսիրտ Ռաֆիկին այսօր օգնում են նրա ընկերները: Ընկերը նրանից թաքուն ասում է` «Ինքը շատ հարգված, շատ կարգին տղա է: Բոլորս ամաչում ենք, որ էս պայմաններում են ապրում մեր հերոսները: Ծխող տղա է, պատահում է՝ ծխախոտ չի ունենում, բայց սպանես՝ ուրիշից չի վերցնի: Գիշերը դուրս է գալիս բակ, որ հանկարծ տեսնող չլինի, իր հարազատ ընկերներից տեսնի, մի հատիկ ծխախոտ վերցնի, ներվերը հանգստացնի: Ախր մեր իսկական կռվող տղերքը սրա՞ն էին արժանի: Էս աղքատ թաղամասում մեկը մի բանի կարիք ունենա՝ Ռաֆիկը թիկունքին կանգնած է: 7 երեխա ունեցող հարեւանի երեխեն սոված լինի` իր բաժին մի կտոր հացը կտա նրանց: Ափսո՜ս, նրա նման տղերքը»: Բնակարանը 10 տարի առաջ «լավ» կյանքից կուտակված պարտքերի համար վաճառել է: Ռաֆիկը կնոջ եւ երկու տղաների հետ ապրում է Վարդաշենի Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում: Հպարտ այս տղամարդն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում եւ, որքան էլ փորձում է թաքցնել վիրավորանքը, միեւնույն է` կոկորդը սեղմած է խոսում. «Եթե Աշոտ Նավասարդյանը ողջ լիներ` իմ նման տղերքն էսքան ողորմելի վիճակում չէին լինի: Մեծատառով մարդ էր, խոսքերով չես բնորոշի: Նրա տանն էլ եմ եղել: Աշոտը եղբորս հրամանատարն էր, միասին հայրենիք էինք պաշտպանում, 12 տարի միասին կռվել ենք ու վերադառնալով՝ հիասթափվել, հիասթափվել եմ… Թուրքի գնդակից ավելի վիրավորական է, երբ ներսում ես վիրավորվում: Մարդիկ կան, ասում են` ինչի՞ ես կռվել, ո՞ւմ համար ես կռվել»: Իր ծանր վիճակից ելք փնտրելու համար դիմել է Էրեբունու նախկին թաղապետ, իր հետ կռված Արարատ Խրիմյանին, սակայն ինչպես ասում են` «Հին ընկերները երբեմն դավաճանում են»: Ներկայիս թաղապետ Մհեր Սեդրակյանը հանրակացարանում սենյակ է հատկացրել ազատամարտիկի համար: Ռաֆիկն ասում է, որ ինքն էլ իրեն չի ճանաչում, որովհետեւ ողորմելի է դարձել, կոտրվում ու հուսահատվում է: 1988-ին Վոլգոգրադի Գյուղինստիտուտում սովորելիս ազգային պատկանելության համար ինստիտուտից հեռացվել է: Թուրք դասախոսն է այդպես արել, իսկ հայերն, ի տարբերություն թուրքերի, հեռացնելուց բացի՝ քացով խփում են: «Վոլգոգրադից եկա ու գնացի կռվելու: 12 տարի ընտանիքիս թողեցի ու հայրենիքս պաշտպանեցի: Հայրենիքս պաշտպանեցի, բայց ընտանիքիցս ու ինձնից բան չմնաց»: Հարցնում եմ` «Երկրապահ կամավորական միության անդամ չե՞ք: Թոշակ չե՞ք ստանում»: Պատասխանում է` «Չեմ դիմել, ամեն ինչից հիասթափված եմ: Ծանր է, գիտե՞ք, երբ հաղթանակով վերադառնում ես, բայց էն սահմանների վրայից փախնողներն էդ հաղթանակով չգիտես ուր են հասնում, իսկ իմ նմանների կյանքն անիմաստ է դառնում: Էսօր մարդ գիտեմ՝ ազատամարտիկի 40.000 դրամ թոշակ է ստանում, բայց ավտոմատ բռնել չգիտի, շատ ցավալի է, ու իմ մոտ գլուխ է գովում, թե՝ թոշակ եմ ստանում: Էդ ամբողջը հարվածներ են, վիրավորվում ես»: Թեեւ ասում է, որ 40.000 դրամով իր ընտանիքը մեկ ամիս կապրեր, բայց այդ թոշակը ստանալու համար նա չի դիմել համապատասխան մարմիններին: «Պիտի դիմեի Սերժ Սարգսյանին, բայց չդիմեցի, հպարտությունս թույլ չէր տալիս»: Հարեւաններն ու ընկերները որոշել են ապրիլի 4-ին գնալ Պաշտպանության նախարարություն եւ Սերժ Սարգսյանին դիմում ներկայացնել ազատամարտիկին այս ծանր վիճակից հանելու համար թոշակ նշանակելու մասին, ինչն, ի դեպ, Ռաֆիկը պետք է տասնյակ տարիներ առաջ արած լիներ: Ռաֆիկը հիշում է` «Գրադի ժամանակ ընկել եմ անդունդը, ինձ փոսի միջից հանել, կյանքս փրկել են ղարաբաղցիները, հոսպիտալում չեմ իմացել՝ ի՞նչ է հետս կատարվել: Ոսկեպարում գերի եմ ընկել, 33 տարեկան հասակում մի քանի օրվա մեջ լրիվ մազերս սպիտակեց: Լրիվ ապրումներ, հիշողություններ են, որ մարդու հոգեկանից երբեք չեն ջնջվի»: Ռաֆիկի ընկեր Գեւորգն ասում է, որ նրա որդին` Դավիթը, շատ զգայուն տղա էր եւ հոր անօգնական վիճակի համար շատ էր տառապում, երբեմն էլ ինքն իրեն էր մեղադրում, որ իր ընտանիքի պայմանները չի կարողանում բարելավել, սթրեսներից դուրս չէր գալիս: Ծանրացած հիշողություններով ազատամարտիկը երբեմն ականատես է լինում, թե ինչպես է որդին փորձում առաստաղից պարան կապելով կամ երակները կտրելով ինքնասպանություն գործել: Մինչդեռ, անգամ այդ պահին էլ ասում է` «Երանի՜ Դավիթս առողջ լիներ ու բանակում ծառայեր ուրիշների պես»: Ասում եմ` «Շատ վիրավորված եք խոսում»: «Էն խոսքը չի: Բայց Աստված մի արասցե, եթե նորից կռիվ լինի` կգնամ ու առաջին գծում կկանգնեմ: Էս ապերոներին էլ կասեմ` եկե՛ք, կռվելու ժամանակն է, հերիք է վայելեք կռվից մնացած համով պտուղները: Ճիշտ է, նեղացած եմ, բայց մարդկանցից եմ նեղացած, իսկ հայրենիքից չեն նեղանում: Հայրենիքիս համար կգնամ»,- ասում է նա: Ռաֆիկին հրավիրել են զինվորական շտաբի ղեկավար աշխատելու, սակայն հրաժարվել է, քանի որ չի կարող զինվորից 2 դոլար վերցնել եւ ուղարկել տուն: Հանրակացարանի զինվորական ծառայության տարիքին մոտ տղաներին հավաքում ու հորդորում է գնալ բանակ եւ հայրենիքը սիրող զինվոր դառնալ: Ասում է` «Բանակի շնորհիվ ենք էսօր հանգիստ քնում: Ջահելները պիտի սիրեն մեր բանակը: 15 տարի առաջ մայրը որդուն լաց լինելով էր ուղարկում բանակ, իսկ էսօր խնդալով է ուղարկում»: Ռաֆիկը սահմանի վրա կռվելուց առավել դաժան բան է համարում ներսի կռիվը, երբ կռվում ես մարդկանց ու անարդարությունների դեմ: Երբ կռվում ես անձրեւի ու անձրեւաջրերի հետ, որովհետեւ թուրքին հաղթած մարդը տանիքից ծորացող կեղտաջրերին ու անձրեւաջրերին չի կարողանում հաղթել: Սոցիալական կռիվը հաղթահարելու համար մի քիչ փող ու մի քիչ էլ խորամանկություն է պետք:

Ռաֆիկ Դավթյան ազատամարտիկն ապրելով սոսկալի աղքատության մեջ՝ բարեբախտաբար, ողջ է: Նա մեր ժամանակների հերոսներից է: Նրա նմաններն այսօր պետք են մեր հասարակությանը: Այսօր նույնիսկ ավելի են պետք, քան պատերազմի ժամանակ: Նա այն լուսավոր մարդկանցից է, որ չնայած իր չարչարանքներին ու հոգու ցավին, կոչ է անում չնեղանալ հայրենիքից եւ ծառայել Հայոց բանակում: Այսօր պետք է մտածենք նրանց մասին: Վաղը ուշ կլինի: Նրանց նմաններին կորցնելուց հետո մեր բարձրաստիճան «կռվածները» կհագնեն ափսոսանքի դիմակն ու պաթոսով կասեն` «Լավագույն տղերքը հեռանում են»: