Ժողովրդագրական վիճակի մասին Ղարաբաղում սկսել են հաճախակի խոսել: Պատճառը թերեւս այն է, որ վիճակագրական տվյալներն այդքան էլ գոհացուցիչ չեն:
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետության բնակչության թվաքանակը 2007թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 137.747 մարդ: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ՝ բնակչության թվաքանակը Ստեփանակերտում ավելացել է 419 մարդով կամ 0.8 տոկոսով, Հադրութի շրջանում` 3.4 տոկոսով, Շահումյանի շրջանում` 7.6 տոկոսով, Շուշիի շրջանում` 4.6 տոկոսով: Բնակչության թվաքանակը նվազել է Քաշաթաղի շրջանում` 1152 մարդով կամ 11.8 տոկոսով, Մարտակերտի շրջանում` 59 մարդով կամ 0.3 տոկոսով, Մարտունու շրջանում` 38 մարդով կամ` 0.2 տոկոսով:
Երկրի ժողովրդագրական վիճակի մասին սկսեցին ավելի ակտիվորեն խոսել այն ժամանակ, երբ որոշ շրջաններում բնակչության թիվը սկսեց նվազել, եւ աստիճանաբար լրատվամիջոցները սկսեցին խոսել այն մասին, որ Ղարաբաղի տարբեր բնակավայրերում չամուսնացած երիտասարդները շատ են, ինչը նույնպես մեծ խոչընդոտ է Ղարաբաղի ժողովրդագրական աճի համար: ԼՂՀ Ազգային ժողովի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը գտնում է, որ 8-10 տարի առաջ հանրապետության իշխանությունների կողմից հնչեցված այն միտքը, թե առաջիկա 10 տարում Ղարաբաղում բնակչության թվի աճ կունենանք` թիվը հասցնելով 300 հազարի, այդպես էլ մնացել է որպես լավագույն ցանկություն. «Իմ կարծիքով, ԼՂՀ իշխանությունների կողմից այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվում են, սակայն համարել, որ այն բավարար է մեր հանրապետության ապագան ավելի ապահով ու լավ տեսնելու համար` հեռու է իրականությունից»,- ասաց Ա. Ավանեսյանը՝ ցավով նշելով, որ մեր կողքին կան մարդիկ, «որոնք ամեն պատեհ կամ անպատեհ առիթներով պատրաստ են լքել հայրենիքը»: Հանձնաժողովի նախագահի կարծիքով, հարցերի չլուծված լինելը պայմանավորված է նաեւ նրանով, որ պետական որոշ ծրագրեր ոչ ճիշտ են իրականացվում: Օրինակ` վերաբնակեցման պետական ծրագիրը, որի համար վերջին տարիներին հատկացվում է 1մլրդ դրամ: Ա. Ավանեսյանի կարծիքով, այդ գումարի մի մասը պետք է տրամադրել այն մարդկանց, ովքեր գալիս են Ղարաբաղ` ապրելու եւ արարելու համար: «Կառաջարկեի գումարի մյուս մասը տրամադրել բնիկ ղարաբաղցի զարգացող ընտանիքների զավակներին, ովքեր հասունացել եւ նոր ընտանիք կազմելու միտում ունեն եւ պատրաստ են: Այս դեպքում որոշ երիտասարդներ ստիպված չեն լինի լքել հայրենիքը, եւ վստահ կլինենք, որ կունենանք հանրապետության բնակչության իրական աճ»: Հայտնի է, որ Ղարաբաղի մի շարք բնակավայրերում չամուսնացածների թիվը շատ ավելի լուրջ է: Օրինակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում 80-ից ավելի չամուսնացած երիտասարդներ կան, իսկ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում դրանց թիվը հասնում է 40-ի: Ստեփանակերտում էլ են 30-ից բարձր չամուսնացած երիտասարդները շատ, որոնց մեծամասնությունն աղջիկներ են:
Շատերը պատճառաբանում են, որ սոցիալական պայմանների պատճառով չեն ամուսնանում. մեկը՝ տուն չունի, մյուսը՝ աշխատանք, եւ այլն: Իսկ երիտասարդներին բնակարանով ապահովելու ուղղությամբ մինչ օրս պետության կողմից ոչինչ չի արվել, բացի այն, որ այս տարի նախատեսված է առաջին անգամ շուրջ 700 մլն դրամի չափով հիպոթեքային վարկ տրամադրել երիտասարդ ընտանիքներին: