«Մարդկանց սրտում ահ չկա»

01/04/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

– Հանրության ուշադրության կենտրոնում հայտնվող մարդիկ որեւէ երեւույթի մասին իրենց կարծիքը հայտնելիս հաճախ մեր փոքր քաղաքում կարողանում են ազդել հասարակության վրա։ Դա լա՞վ է։

– Հանրաճանաչ մարդն, անկասկած, ուզի թե չուզի, հայտնվում է ուշադրության կենտրոնում եւ ստիպված է լինում հետեւել իր նիստուկացին, պահվածքին եւ խոսքերին։ Եվ անկախ իրենից՝ ներքուստ կոմպլեքսավորվում է, քանի որ չի կարող նախկինի պես իրեն ազատ զգալ։ Ճանաչումը հաճախ փոխում է մարդուն, շատ քչերը կան, որ կարողանում են նույնը մնալ։ Ես ինքս ինձ հանրաճանաչ մարդ չեմ համարում ու երբեք չեմ ձգտում հասարակությունից անկախ ապրել, ընդհակառակը՝ միշտ ձգտում եմ դեպի հանդիսատեսը գնալ, իսկ հանդիսատեսն ինձ համար իմ համաքաղաքացիներն են։ Կյանքից փախչելու, առանձնանալու, կորելու իմաստը չեմ տեսնում։

– Ճանաչված մարդկանց՝ դերասաններին, երգիչներին, սպորտսմեններին, հաճախ օգտագործում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Դա կարծես ոչ մեկին ոչ զարմացնում է, ոչ էլ դժգոհություն է առաջացնում։

– Իհարկե, օգտագործում են, եւ ամեն չորս տարին մեկ այդ պրոցեսն ակտիվանում է։ Ամեն ինչ շատ ակտիվ եւ շատ կոպիտ է արվում։ Կան քաղաքական գործիչներ, որոնք գոնե փորձում են հանդիպել եւ երբեմն զրուցել քեզ հետ, բայց կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ինչ-որ մեկին են ուղարկում քեզ մոտ։ Նա գալիս է եւ, կոպիտ ասած, հարցնում է. «Ի՞նչ արժես դու»։ Եթե առաջին տարբերակը որոշ իմաստով կարելի է ավելի ընդունելի համարել (դե, մարդն ուզում է քո կարծիքն իմանալ ու քեզ դեպի իր գաղափարները «տանել»), ապա երկրորդ տիպի քաղաքական գործիչների պահվածքն ուղղակի այլանդակություն է, ուրիշ բառ գտնել չեմ կարող։ Բայց, ցավոք սրտի, երկրորդների մոտ հաճախ ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես ուզել են։ Ու այդ քաղաքական գործիչները լավ հասկանում են, որ եթե մի քանիսին կարողացան գնել, ապա բոլորին էլ կարող են գնել, որ բոլորն են այդպիսին։ Ասում են՝ «Սա էլ է մնացածի նման, իմացեք՝ ի՞նչ է ուզում, տվե՛ք, թող գա»։ Դա շատ տխուր ու զզվելի է, բայց այդպիսին է վիճակը։

– Եվ շատերը իրենց գինն ասո՞ւմ են։

– Այո։

– Բայց չէ՞ որ այդպիսով իրենք իրենց են վարկաբեկում։ Ասենք, մեկ ամսվա համար գումար ստացան, բա հետո՞…

– Իսկ ո՞ւմ աչքում նա իրեն վարկաբեկված պիտի զգա։ Ձայն վաճառելը մեր երկրում ընդունված ձեւ է, որը ոչնչով չի տարբերվում օրգաններ վաճառելու փորձերից։ Բոլորս գիտենք, թե ինչպես են մարդուն մաս-մաս գնում՝ առանձին առնում են լյարդը, հետո՝ երիկամները… Եվ մարդիկ կան, որոնք երիկամը վաճառելով միայն, կարող են իրենց գոյությունը պահպանել։ Կամ ականջն են վաճառում, կամ էլ՝ քիթը։

– Այսինքն՝ մարդիկ Հայաստանում ստիպվա՞ծ են իրենց ձայները վաճառում, համարելով, որ եթե իրենց ձայնը, միեւնույն է, ոչինչ չի որոշելու, ուրեմն ավելի լավ է այն վաճառե՞լ։

– Ոմանք ստիպված են դա անում, իսկ ոմանք էլ չափից շատ են փող սիրում։ Վաճառելով ձայնդ, դու վաճառում ես հոգիդ։ Մեզ մոտ այն մարդը, ով ինչ-որ պաշտոնի է հասնում, մտածում է, որ այդ պաշտոնական կյանքը շատ կարճ է տեւելու, եւ պետք է որքան հնարավոր է «գռփել»։ Իսկ մենք՝ ոչ պաշտոնյաներս, հաճախ նույն կերպ ենք մտածում, ուզում ենք այսօր մեր ձայնը վաճառել, մեր մի քանի հազար դրամը ստանալ, իսկ հետո ինչ ուզում է՝ թող լինի։ Այդպես մտածելով՝ մենք երբեք ոտքի չենք կանգնի եւ թույլ չենք տա, որ մեր երկիրը կայանա։ Եթե մի անգամ ես հասկանամ, որ եթե այսօր ինձ համար ավելի լավ կլինի հաց չուտել ու երեխայիս առանց կաթ թողնել, բայց վաղը երեխայիս համար ոչ միայն կաթ, այլեւ՝ թթվասեր կարող եմ գնել, ամեն ինչ լավ կլինի։ Այսօր հրաժարվելով ձայնիս դիմաց տրված հինգ հազար դրամից, ես ավելի լավ բանի պիտի սպասեմ։ Բայց մեզ մոտ այդ մտածելակերպը չի ձեւավորվել։ Հիմա մոտենում են ընտրությունները, մարդկանց մի մասը փորձելու է ձայներ «որսալ», իսկ մյուս մասը փորձելու է գտնել այդ «որսորդներին»՝ իրենց ձայներն առաջարկելու համար։

– Գուցե մե՞նք չենք հավատում, որ վաղը լավ կլինի, ու կկարողանանք թթվասեր գնել երեխայի համար։

– Համաձայն եմ, որ քաղաքական դաշտում արդեն վաղուց թարմություն չկա։ Բայց ես կարծում եմ, որ իմ հանրապետությանն այսօր «ուժեղ ձեռք» է հարկավոր։ Ես ուժեղ լիդերի կողմնակիցն եմ։ Նույնիսկ շատ ուժեղ։ Գուցե առաջին հերթին հենց իմ հասցեին եմ զզվելի բան ասում, բայց համոզված եմ, որ մեզ վախի զգացում է հարկավոր։ Հիմա վախի զգացում չկա, եւ բոլորն ամենաթող են դարձել, ով ինչ ուզում՝ անում է, իր հնարավորությունների սահմաններում, իհարկե։ Այդ պատճառով էլ մարդիկ շատ հանգիստ մեքենան մայթերի վրայով են քշում, կարող են քեզ էլ քո բնակարանից հանել ու դուրս շպրտել, բնակարանդ էլ վաճառել։ Մարդկանց սրտում ահ չկա, ոչ ոք չի մտածում, որ վաղն իր մոտ կգան ու կհարցնեն՝ տղա ջան, ի՞նչ ես անում։ Այսինքն, չկա այն իրավական ուժը, որից մարդը վախենում է։ Էլ չեմ ասում հարգանքի մասին։

– Վախը լավ բան չէ…

– Շատ վատ բան է, բայց անպայման պետք է դրա միջով անցնել։ Բոլոր այն երկրները, որոնք ազատության կայացած հոգեվիճակ չունեն, ամեն ինչ վախից են սկսում։ Եթե վախ չլինի, ոչինչ չի լինի։ Մենք հիմա անկախ եւ ազատ լինելուն գաղափարապես պատրաստ չենք։ Մեր անկախությունը ձեռք ենք բերել արյան, մարդկանց կյանքերի գնով, բայց պատրաստ չենք այդ անկախությանը, մտածում ենք՝ ա՛յ, հիմա ազատ ենք, երկիրը մերն է, ով ինչ ուզում է՝ պետք է տանի երկրից։

– Դու որեւէ մի վստահելի ու ազնիվ քաղաքական գործչի հորիզոնում տեսնո՞ւմ ես։

– Կարծում եմ, որ այդպիսի մարդիկ կան, եւ նրանք, բացի իրենց աթոռից ու պաշտոնից կառչելը, վաղվա օրվա համար օգտակար ինչ-որ բաներ են անում։ Ես հանգիստ եմ ինձ զգում, քանի որ նեյտրալ եմ ու երբեք որեւէ մեկին գովաբանելու համար նրանց տված բարիքներից չեմ օգտվել։ Բայց պետք է նշեմ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, ում շնորհիվ այսօր մեր թատրոնները կարողանում են աշխատել։ Նա թատրոններին միայն ընտրություններից տասն օր առաջ չէր օգնում՝ ձայներ կորզելու համար, նա անում էր դա իր աշխատանքային բոլոր տարիների ընթացքում եւ որոշակի ստաբիլ վիճակ էր ստեղծում։ Նա օգնում էր արվեստագետներին, եւ ոչ միայն փող էր տալիս նրանց, այլ՝ նրանց ներկայացումներն էր նայում, նրանց գրքերն էր կարդում։ Հիմա մեր մշակույթի, սպորտի, արտաքին գործերի բոլոր հարցերով զբաղվում է մեր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Նա շատ ուժեղ ու խելացի մարդ է, բայց ես դրա մեջ որոշակի տարօրինակություն եմ տեսնում, մտածում եմ՝ բա մեր մյուս նախարարություններն ինչո՞վ են զբաղված եւ ինչի՞ համար են ստեղծված։ Իսկ միգուցե մեր բանակն այնքան հզոր է, իսկ իրավիճակն այնքան կայուն է, որ նա կարող է այլ հարցերով զբաղվել, կամ էլ նա այնպիսի մարդ է, որը միայն մեկ գործով զբաղվել չի կարողանում ու փորձում է միանգամից մի քանի գործ անել։ Եվ երբ ես նայում եմ այն քաղաքական գործիչներին, որոնց միջոցով մեր բոլորիս վաղվա օրն է կերտվելու, ճիշտ ասած, ինձ անզոր եմ զգում ու ուզում եմ պարտվածի նման ձեռքերս վեր բարձրացնել։ Շատ մարդիկ են մուտք գործել քաղաքական դաշտ, բայց ես միայն մեկ կամ երկու մարդու անուն կարող եմ նշել։ Այն խոստումները, որոնք տրվում են այս օրերին (ընդ որում՝ տասն օր հետո այդ խոստումներն անհամեմատ ավելի շատ են տրվելու)՝ դատարկ են։ Նայում ես խոստումներ տվող մարդու աչքերին, հետո էլ կարդում ես նրա կենսագրականն ու մտածում ես, որ այդ մարդը, երեւի, օդից է ծնվել, քանի որ մինչեւ 1990 թվականը բոլորի կենսագրությունը գրեթե անհայտ է, մաքուր է։ Եվ այդ մաքրված կենսագրություն ունեցող մարդն այսօր գալիս է ու ուզում է ինձ սովորեցնել, թե ինչպես պետք է ես ապրեմ, ինչպես ընկալեմ արվեստն ու ինչպես զբաղվեմ իմ գործով։ Ես կսկսեմ շատ հարգել, օրինակ, Գագիկ Ծառուկյանին, երբ նա իր թեւերը «քշտեր» եւ որպես Օլիպիական կոմիտեի նախագահ՝ ասեր. «Ընկերներ ջան, խորհրդարանով թող զբաղվեն քաղաքագետները, ֆինանսիստները, իրավաբանները, օրենքներն ուսումնասիրող մարդիկ, իսկ ես իմ ամբողջ ուժով, եռանդով եւ բոլոր հնարավորություններով տրվում եմ սպորտին եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի հայկական սպորտը կայանա»։ Նա կարող է համախմբել մարզիկներին ու շատ զիլ օլիմպիական թիմ հավաքել։ Սպորտի մեջ, բացի փողից, նաեւ մենեջմենթ է պետք։ Եվ նա, որպես նախկին սպորտսմեն եւ լավ մենեջեր, կարող է դա անել։

– Իսկ ինչո՞ւ են բոլորը, նաեւ՝ արվեստի մարդիկ, ուզում խորհրդարան մտնել։

– Որովհետեւ այդպիսով այսօր նրանք ապահովում են իրենց վաղվա օրն ու սեփական անվտանգությունը։ Միմիայն դա, ուրիշ ոչինչ։ Եթե արվեստագետն է ուզում խորհրդարան մտնել, ուրեմն նա այլեւս անելիք չունի։ Ստեղծագործ մարդն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։ Դա սխալ է, որովհետեւ նա կործանվում է որպես ստեղծագործող անձ եւ չի կայանում որպես քաղաքական գործիչ։ Իսկ եթե հերթը հասնի արվեստի մասին օրենքների ստեղծմանը, թող հրավիրեն մեր արվեստագետներին, խորհրդակցեն նրանց հետ, միասին մշակեն օրենքները։

– Եթե դու որոշեիր քաղաքականությամբ զբաղվել, քեզ բավական շատ ձայներ կտային։

– Իսկ հետո ի՞նչ… Ասենք՝ պատգամավոր դարձա, անցավ մի քանի ամիս, ու ինձ այլեւս բեմում չեն տեսնի։ Իսկ ես առանց իմ հանդիսատեսի ապրել չեմ կարող։

– Համատեղել չի՞ ստացվի։

– Ելնելով մեր հայկական մենթալիտետից, բեմն ինձ արդեն, այսպես ասած, չի սազելու։ Ես պիտի կոստյումներ հագնեմ, աթոռին նստեմ եւ միայն կոճակ սեղմեմ։ Ես դրանով ոչ մեկին օգուտ չեմ տա, հիմա ես բեմում անում եմ այն, ինչն իմ փոխարեն եւ իմ տեղում ոչ ոք չի անի։ Հիմա ես գտնվում եմ այնտեղ, որտեղ ինձ շատ լավ եմ զգում։

– Քաղաքականությունը շատ նման է թատրոնին, երկուսում էլ դերակատարներ, ռեժիսորներ ու հովանավորներ կան։ Գուցե հովանավորներ եւ դերասաններ կան, բայց լավ ռեժիսորներ չկան։ Միգուցե արտասահմանի՞ց հրավիրեն։

– Հայաստան դրսից ռեժիսոր բերել չի ստացվի, եւ Վրաստանի օրինակը մեզ համար չէ։ Մենք պետք է մեր միջից ընտրենք այնպիսի ռեժիսորի, որը կկարողանա մարդավայել ներկայացում անել, եւ, որը ամոթ չի լինի աշխարհին ցույց տալ։

– Ընտրությունների գնալո՞ւ ես։

– Անպայման, ես միշտ եմ գնում ընտրությունների եւ գիտեմ՝ ում եմ ընտրելու։

– Ծանո՞թ ես կուսակցությունների ծրագրերի հետ։

– Բոլոր մեր կուսակցությունների ծրագրերը նույնն են, կարծես մեկը մյուսից են արտատպել։ Նույնիսկ վախենում եմ ասել, թե մենք որքան կուսակցություն ունենք։ Եվ ոչ մի կուսակցություն չի ասում, որ քանդելու, փլուզելու, գողանալու ու կողոպտելու է գալիս։ Բոլորն ուզում են կառուցել, վերակառուցել, մարդկանց բարեկեցիկ կյանքն ապահովել, երեխաների, թոշակառուների կյանքը բարելավել։ Երեւի նորաստեղծ կուսակցություններից շատերն այդ ծրագրերը որեւէ թերթում են կարդացել, մտածել են՝ ա՛յ սա լավ ծրագիր է, եկեք մարդկանց սրա շուրջ հավաքենք։ Ամեն ինչ այնքան լավ է գրված, որ եթե որեւէ կուսակցության ծրագիրը կարդաս ու հավատաս, վազելով կգնաս նրա ետեւից։ Այսինքն, հիմա կուսակցություն բացելը բիզնես է դարձել։

– Իսկ լա՞վ է լինելու, թե՞ մենք շարունակելու ենք վակուումի մեջ ապրել։

– Լավի մասին խոսելը վաղ է, քանի որ մեր ցանկություններն ու մեր հնարավորությունները համահունչ չեն իրար։ Մենք հիմա մի բան ենք ուզում, բայց բոլորովին այլ բան ենք անում։ Ասում ենք՝ ոչինչ, «յոլա գնանք» նրանով, ինչ ունենք։ Մենք հոգեպես ազատ չենք։