Երեկ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Երկրում տիրող ամենաթողության, սոցիալական անարդարության, համատարած կոռուպցիայի դեմ ուղղված ընդդիմության կազմակերպած վերջին մի քանի տարիների հանրահավաքներին նույնիսկ այսքան բազմություն չէր հավաքվում Ազատության հրապարակում, որքան երեկ էր: Երեկվա, այսպես ասած, համախմբումը բոլորովին այլ էր, եւ դա հասկացան թե իշխանությունները, թե ընդդիմությունը: Ժողովրդի հետ միասին միեւնույն տեղում միեւնույն առիթով համախմբվել էին եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ քաղաքական ուժերը, ովքեր զարմացած էին մարդկանց բազմությունից եւ Ա. Մարգարյանի նկատմամբ նրանց անկեղծ վերաբերմունքից: Ա. Մարգարյանի ուժը հենց այդ անկեղծությունն էր: Միայն այդ դեպքում մարդիկ` անկախ իրենց մասնագիտությունից, պաշտոնական դիրքից, տարիքից ու սոցիալական կարգավիճակից` կարող են համախմբվել նույն տեղում: Իսկ նման համախմբվածությանը, հավատացած եղեք, ոչ ոք չի կարող խոչընդոտել: Այնպես որ` առաջինը հենց ընդդիմությունը պետք է երեկվա համախմբումից հետեւություններ անի, ու չդժգոհի, թե մեր ժողովուրդն անտարբեր է երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ: