Կայուն եւ դաշինքային

01/04/2007

«Հայաստանի հետ հարաբերությունները կայուն, դաշինքային բնույթ են կրում: Նա մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, ԱՊՀ ինտեգրման միջուկի մասնիկներից մեկը»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում, որը տեղադրվել է երկրի Արտգործնախարարության կայք-էջում: «Կաշխատենք թուլացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը, զարգացնել էներգետիկ համագործակցությունը, ավելի բարձր մակարդակի հասցնել տարածաշրջանում երկու երկրների արտաքին քաղաքականության համակարգումը եւ ամրապնդել հումանիտար համագործակցությունը»,- նշված է փաստաթղթում: Ադրբեջանը, ըստ հայեցակարգի, «առաջիկայում եւ երկարատեւ հեռանկարում Ռուսաստանի համար ռազմավարական կարեւոր գործընկեր է»: «Մեր հարաբերություններում հաստատված հարգալից տոնը, վստահության մթնոլորտն ու իրավահավասարությունն իրենց արդարացրել են. Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է շարունակել Ռուսաստանին մոտենալու քաղաքականությունը»,- նշված է փաստաթղթում: Այստեղ Վրաստանի մասին ասված է հետեւյալը. «Վրաստանի քաղաքական իշխանությունը՝ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, կառուցված է էթնիկ ազգայնականության վրա եւ վայելում է մի շարք արեւմտյան երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի աջակցությունը: Թբիլիսին տանում է գոյություն ունեցող խաղաղապահ եւ բանակցային ֆորմատների չեզոքացում, արդյունքում՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ իրավիճակը բարդանում է: Վրաստանը ձգտում է այդ խնդիրների նկատմամբ բարձրացնել միջազգային հանրության ուշադրությունը, ներգրավել եվրաատլանտյան կառույցներին եւ այդպիսով հակամարտությունները կարգավորել իր պայմաններով, այն է՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան միասնական Վրաստանի մաս կազմեն»: Համաձայն փաստաթղթի, Վրաստանի հակամարտությունների ֆոնի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նվազ սուր հարց է, իսկ ներկայումս տարվող քաղաքականությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղղակի բանակցություններին նպաստելը համարվում է օպտիմալ քաղաքականություն: «Անդրկովկասյան տարածաշրջանն առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային անվտանգությունն ապահովելու առումով: Տարածաշրջանի իրավիճակը մնում է լարված, իսկ Վրաստանի դեպքում՝ պայթյունավտանգ: Առկա «սառեցված հակամարտությունները» տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի կողմից օգտագործվում են տարածաշրջանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու նպատակով՝ ի վնաս մեր դիրքերի»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթղթում: