Դժվար է հիշել, թե մեկ էլ երբ էր մեր ժողովուրդն այսքան համախմբվել ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի շուրջ, ինչպես երեկ էր` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրաժեշտի արարողության ժամանակ: Չնայած տեղացող անձրեւին, երեկ Ազատության հրապարակ էին եկել հազարավոր մարդիկ եւ անձրեւի տակ ժամերով սպասում էին Օպերայի շենք մտնելու իրենց հերթին: Սակայն, ժամանակի սղության պատճառով, ոչ բոլորը հնարավորություն ունեցան մտնելու ներս:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դին Ավանի իր բնակարանից երեկ դուրս բերվեց առավոտյան ժամը 10:30-ին: Նախատեսվածի համաձայն, թափորը շարժվեց դեպի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ, այնուհետեւ` ՀՀ Կառավարության շենք: Տեղացող անձրեւի պատճառով, թաղման թափորը կարճատեւ դադարից հետո շարժվեց դեպի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, ուր վաղ առավոտից մարդկանց բազմություն էր հավաքվել:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հրաժեշտ տալու էին եկել Հայաստանի գրեթե բոլոր` իշխանամետ թե ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, նախկին վարչապետերն ու նախկին պաշտոնյաները, գործարարներն ու պարզապես շարքային քաղաքացիները: Վարչապետի հարազատների հետ ցավակցողներին դիմավորում էին նաեւ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, բազմաթիվ հանրապետականներ ու կառավարության անդամներ: Հրաժեշտ տալու եկած քաղաքական ուժերի ղեկավարները` անկախ նրանից` իշխանամե՞տ են, թե՞ ընդդիմադիր, Անդրանիկ Մարգարյանի մասին խոսում էին որպես լավ ընկերոջ, ազգային ու պետական մեծ գործչի, շփվելու մեծ մշակույթ ունեցող մարդու մասին:
Բոլորն էլ Ա. Մարգարյանին համարում էին հանդուրժող եւ իշխանություն-ընդդիմություն լարվածությունը մեղմող քաղաքական գործիչ, որի բացակայության պայմաններում այդ լարվածությունն այլեւս «կոտրող» չի լինելու: Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հավաստմամբ, Անդրանիկ Մարգարյանին հաջողվել էր այս տարիների ընթացքում Հայաստանն աստիճանաբար դուրս հանել բարդ իրավիճակից եւ դնել զարգացման ուղու վրա: «Անվերադարձ հեռացավ մարդ, ով ոչ միայն ՀՀ կառավարության ղեկին էր 7 տարի, այլեւ մարդ, ով զգալի ներդրում ուներ երկրի անկախության ձեռքբերման գործում: Ա. Մարգարյանը մեկն էր, այն սակավաթիվ քաղաքական գործիչներից, ով շփվելու կուլտուրա ուներ: Եվ պատահական չէ, որ նրան հարգում էին թե իր համախոհները, թե ընդդիմախոսները: Նա դեռ շատ բան ուներ անելու, որ չհասցրեց»,- ասաց Խ. Հարությունյանը: Իսկ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի գնահատմամբ, Անդրանիկ Մարգարյանն այն պետական եւ ազգային գործիչն էր, ում «մահը մեծ հարված էր հայոց պետականությանը»: «Հուսով եմ, որ այն արժեքները, որոնց համար պայքարում էր Ա. Մարգարյանը, կմնան մեզ համար նպատակներ, եւ մենք կկարողանանք կառուցել մեր երազանքի պետությունը»: Երեկ հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր նաեւ «Օրինաց երկիրը»: Եվ` անկախ նրանից, թե վերջին ամիսների ընթացքում ՕԵԿ ներկայացուցիչներն ինչպիսի մեղադրանքներ էին հնչեցնում Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կուսակցության հասցեին, Արթուր Բաղդասարյանի հետ միասին նաեւ պատվո պահակ կանգնեցին Ա. Մարգարյանի դիակի մոտ: Իսկ Օպերայի շենքից դուրս գալիս, Ա. Բաղդասարյանն Անդրանիկ Մարգարյանին բնորոշեց՝ որպես բացառիկ ու հանդուրժող մարդու. «Ի դեմս Ա. Մարգարյանի՝ Հայաստանը կորցրեց լավ մարդու: Մենք զգում ենք կորստի ծանրությունը: Նա հանդուրժող եւ բացառիկ մարդ էր: Քաղաքական գործիչ Ա. Մարգարյանի ամենակարեւոր առանձնահատկությունը նրա բարությունն էր»: Անդրանիկ Մարգարյանի մահը մեծ կորուստ է համարում նաեւ ընդդիմադիր ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը. «Ա. Մարգարյանը կարեւոր դեր է խաղացել հայկական անկախ պետականության ձեւավորման գործում: Ա. Մարգարյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի եւ պետության համար: Մեր հիշողություններում նա կմնա որպես անհատ, ով ուներ մարդկային բարձր արժանապատվություն»: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գեղարվեստի ազգային ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի հավաստմամբ՝ Անդրանիկ Մարգարյան «տեսակի պակասը մենք դեռեւս զգալու ենք». «Եթե իրեն խնդրանք էր հասնում, որն ուներ հիմքեր, անպայման լուծում էր»,- ասում էր նա: Ա. Իսաբեկյանը երեկ լրագրողների հետ զրույցում նաեւ բացառել է, թե Ա. Մարգարյանի բացակայության պատճառով կսրվեն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները. «Վատ իրողություն է վարչապետի մահը, բայց չեմ կարծում, որ մի մարդու գնալով` Հայաստանը պետք է ընկնի վատ վիճակների մեջ: Հայաստանը կայանալու շրջանում է որպես պետություն, եւ նրանք, ովքեր կարող ուժեր են, պետք է շարունակեն այն գործերը, որ նա կիսատ թողեց: Կարող ուժեր ունի եւ՛ Հանրապետականը, եւ՛ մյուս կուսակցությունները»: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի բնորոշմամբ էլ Ա. Մարգարյանը «ազնվական տաճկահայի տիպար էր», նվիրված քաղաքական գործիչ ու լավ մարդ էր: «Նա մեր կռնակից գնաց, շատ ափսոս»,- ասաց Հ. Քոթանջյանը: Գրող-հրապարակախոս Զորի Բալայանի խոսքերով էլ` Ա. Մարգարյանի համար ամենասարսափելին պառակտումն էր. «Եվ պատահական չէ, որ ազգն այսպես ոտքի կանգնեց առանց գույների. բոլորն իրենն էին եւ հավասար,- ասում էր Զ. Բալայանը,- Կորուստը սարսափելի է, եւ կարծում եմ, պիտի որոնումներ կատարենք իրեն փոխարինողին գտնելու համար»: Վլադիմիր Մովսիսյանի գնահատմամբ էլ` Ա. Մարգարյանը Հայաստանի համար եւ որդի էր, եւ հայր: «Նա չտառապեց վեհության մոլուցքով: Սովորական հայ մարդու կեցվածքով, պահվածքով, մարդավարի մարդ էր: Ինչքան ուզում է մարդը խելք ունենա, եթե շնորհք չունի, այն մի կոպեկ չարժե: Ինքը շատ շնորհքով մարդ էր, հմայք ուներ եւ ամեն օր պայքարում էր, որ մեր երկիրը ազգային համաձայնության տեր լինի»,- ասում էր Վ. Մովսիսյանը: Երեկ որպես հարգանքի տուրք՝ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հերթով` զինվորականների հետ միասին, պատվո պահակ էին կանգնում: Առաջինը, ով փոխարինեց հանրապետականներին, «Ազգային Միաբանություն» կուսակցությունն էր` Արտաշես Գեղամյանի առաջնորդությամբ: Այստեղ էլ մեծ հերթ էր կուտակվել` 5 րոպեն մեկ հերթափոխությունը ստանձնելու համար: Ժամը 13:30-ին հոգեհանգստի արարողությանը միացան նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Բելլա Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանը պատվո պահակ կանգնեց ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Իսկ ժամը 14:00-ին հոգեւորականների ուղեկցությամբ եկավ նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ու անձամբ մատուցեց հոգեհանգստի կարգը: 14.30-ին Անդրանիկ Մարգարյանի դին դուրս բերվեց Օպերայի շենքից: Դրսում հավաքված մարդկանց բազմությունը՝ հազարավոր մարդկանց ուղեկցությամբ, Անդրանիկ Մարգարյանին ուղեկցեց մինչեւ Կոմիտասի անվան Պանթեոն: Պանթեոն տանող ճանապարհին նույնպես խմբված մարդիկ կային: Բոլորը դուրս էին եկել փողոց, իսկ ԵԿՄ շենքի մոտ երկրապահները դրոշները պարզած սպասում էին, թե երբ է մահվան թափորն անցնելու իրենց շենքի կողքով, որի վարչության անդամ էր նաեւ Ա. Մարգարյանը: Մինչ մահվան թափորն Օպերայից կհասներ Պանթեոն, այնտեղ արդեն մեծ բազմություն կար հավաքված: Հոգեւոր արարողությունից հետո Տ. Թորոսյանն ընթերցեց մահախոսականը: Նա համոզված է, հայրենիքի նկատմամբ ունեցած Ա. Մարգարյանի անսահման սերն էր, որը երբեք թույլ չտվեց, որպեսզի «քաղաքական ասպարեզի դաժան ախտն ու չարությունը քաղաքական մրցակիցների նկատմամբ բուն դնի իր հոգում կամ կուսակցությունում»: «Ծանր է մեր պետության ու ժողովրդի կորուստը, եւ անսահման է բոլորիս վիշտը: Սակայն կարծում եմ, որ պարտավոր ենք գեթ մեկ ակնթարթ կանգ առնել ու պատմության ընթացքը գնահատել առօրյա խորշից ու աղմուկից փոքր-ինչ վերացած: Եվ կարող ենք տեսնել, որ մեծ է նաեւ մեր սփոփանքը. Ա.Մարգարյանը կհիշվի որպես մեր նորագույն պատմության մեջ ազգային դիմագծով, ուրույն ձեռագրով ու ընդգծված անհատականությամբ առանձնացված ակնառու ազգային, պետական, քաղաքական գործիչ»,- ասաց նա` ավելացնելով, որ վարչապետն առանց աղմուկի աշխատում էր օգնել բոլորին՝ մշակույթի գործչին, գիտնականին ու շինականին, ուսուցչին ու ազատամարտիկին: «Երբեմն կատակում էր՝ միեւնույն է, ասում էր, չարածներս են հիշելու: Բայց ժողովուրդը հիշել է նրա բաժանած սերն ու այս օրերին ափեափ վերադարձնում է եւ՛ իրեն, եւ՛ մեզ»,- ասաց Տ. Թորոսյանը` հավելելով, որ Ա. Մարգարյանն անսահման բարի ու հոգատար, համբերատար ու հանդուրժող, համախմբող ու ոգեւորող անհատականություն էր: «Նա անմնացորդ նվիրումով եւ անտրտունջ այրվում էր՝ սփռելով լույս, բարություն եւ խաղաղություն: Խաղաղություն քեզ երկնային կյանքում, թանկագին վարչապետ, սիրելի ընկեր, իսկական հայ: Լույս իջնի շիրիմիդ»,- եզրափակեց Տ. Թորոսյանը: