Սկիզբը՝ նախորդ չորս համարներում
Երբ Իսահակ Նյուտոնը գրում էր իր երրորդ օրենքը (F= -F), դեռ չգիտեր, որ բավական ժամանակ անց բազմաչարչար Հայաստանն ի վերջո պիտի անկախանար, ու նրա քաղաքական համակարգը պիտի ձեւավորվեր հենց այդ օրենքի տառով։ Իհարկե, անգլիացի գիտնականի սահմանած օրենքն այնքան ունիվերսալ էր, որ կարող էր կիրառվել ամենուր եւ ամեն ժամանակ, բայց կիրառվելը մի բան է, ինչ-որ բանի ձեւավորման հիմքում պառկելն՝ այլ։
Հայաստանի Հանրապետության համար 1995-ը շրջադարձային ժամանակաշրջան էր՝ պայմանավորված նախորդ տարվա մայիսին կնքված հրադադարով եւ դրա մի քանի հետեւանքներով։ Առաջինն՝ իշխանությունը սկսել էր ավելի ինտենսիվ եւ արդյունավետ կերպով զբաղվել ներքին կարգուկանոնով ու տնտեսությամբ, ինչն անհամբեր էր դարձնում ընդդիմությանը։ Երկրորդը՝ ընդդիմությունը պատերազմի ավարտով իշխանափոխության նախագծեր իրականացնելու ավելի մեծ ազատություն էր ձեռք բերել։ Վերացել էր պատերազմի ընթացքում իշխանությունը փոխելու բարոյական արգելքն ու հարեւան երկրների արատավոր փորձը կրկնելու վախը։ Եվ երրորդը՝ զինվորական հասարակությունը մեկ տարվա ընթացքում համակերպվել էր պատերազմի դադարի եւ «նոր հորիզոններ» չնվաճելու մտքին։ Այսինքն՝ հիշյալ հասարակությունն իր տեղն էր փնտրում։
Տարիներ առաջ մի տեսաֆիլմի համար ուսումնասիրություն կատարելիս առիթ ունեցա դիտելու Երկրապահ կամավորականների միության հիմնադիր համագումարի ամբողջական տեսագրությունը։ Վազգեն Սարգսյանի ելույթը, ներկաների հարցերն ու հնչեցրած մտահոգությունները խոսում էին այն մասին, որ ստեղծվում է պատերազմից վերադարձած զինվորականների մի կազմակերպություն, որը պիտի կանոնակարգեր, պետության ու կառավարության առջեւ դներ Հայրենիքի համար կռված այդ մարդկանց խնդիրները։ Երկրի քաղաքական կյանքին մասնակցելու, առավելեւս՝ դրանում ազդեցիկ ներկայություն ունենալու ոչ մի մտադրություն չէր նկատվում։ Համագումարի հուզառատ, սենտիմենտալության հասնող մթնոլորտից ենթադրել անգամ չէր կարելի, որ Երկրապահը շատ չանցած դառնալու է իշխանության մարտական դրուժինան։
Եվ եթե այսօր մենք ստիպված ենք լինում օրենսդիրներ ընտրել երբեմնի դաշտային հրամանատարներից, դրա համար «պարտական ենք» ոչ թե ՀՀՇ-ին կամ Վազգեն Սարգսյանին, այլ Իսահակ Նյուտոնի սահմանած երրորդ օրենքին, համաձայն որի՝ դրական ուժը (ազդեցություն) հավասար է բացասական ուժին (հակազդեցություն)։
Ժամանակի ընդդիմությունը հաղթանակած զինվորականությանը կազմակերպելու ոչ մի նախագիծ չուներ, բացի զարմանքից, թե այդ մարդիկ ինչու իրենց կողքին չեն արդարության պայքարում։ Եթե փորձեր նախագծել, պիտի ստանար նույն կազմակերպվածքը՝ ԵԿՄ-ն, որովհետեւ այդ ժամանակի իրականության մեջ խելամիտ այլ տարբերակ չկար։
Ենթադրենք, Վազգեն Սարգսյանը հապաղում էր, ականջի ետեւ էր գցում իր զինակիցների կազմակերպման հարցը, ի՞նչ պիտի լիներ այդ դեպքում։ Նույն ԵԿՄ-ն պիտի ստեղծեր ընդդիմությունը (մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարարի իր հեղինակությամբ) եւ ի՞նչ պիտի աներ, մարտական այդ դրուժինան պիտի առաջնորդեր դեպի պալատ։ Այսօր մենք դարձյալ ստիպված պիտի լինեինք օրենսդիրներ ընտրել դաշտային հրամանատարներից եւ ֆեոդալական իրականություն ունենալ Հայաստանի առանձին մասերում, եթե ոչ՝ ամբողջ տարածքում։
Ընդդիմությունը չէր կարող օգտագործել հաղթանակած զինվորականության ներուժն ու նրան ասել՝ ցտեսություն, որովհետեւ հաջորդ հանդիպումը պիտի լիներ հաջորդ իշխանափոխության ժամանակ եւ… բավականին տհաճ։
Եթե նայենք 1995-ին ընտրված խորհրդարանի կազմը, միանգամից պարզ կդառնա, որ հաղթանակած զինվորականությունից քաղաքական ոլորտում ներգրավվել են մարդիկ, ովքեր կարող էին ներկայացնել զուգահեռ այդ հասարակության շահերը՝ Ալբերտ Բազեյան, Սմբատ Այվազյան, Մյասնիկ Մալխասյան եւ այլք։ Այդ ներկայությունն՝ ի տարբերություն այսօրվա իրավիճակի, ոչ թե բիզնես պլան էր, այլ զուգահեռ հասարակությունն աստիճանաբար հիմնական հասարակության մեջ տարրալուծելու իդեա։
Բայց Հայաստանին տրված չէր այդ խնդրի լուծման հանդարտ ընթացքը։ Քաղաքական համակարգը վերաձեւվում էր ազդեցություն-հակազդեցություն հստակ տրամաբանությամբ, եւ հաղթանակած զինվորականության ինտեգրացիայի նախագիծը ձախողվում էր։
Նորմալ հասարակություններում քաղաքական համակարգը կառուցվում է ուժերի հավասարակշռության վրա։ Դա նախագահական ընտրության եզրափակիչ դուրս եկած երկու թեկնածուների ձայների հարաբերակցությունը չէ, այլ պետական մեքենային հակակշռող կազմակերպվածքների ամբողջությունը՝ քաղաքական ուժեր, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, ազատամիտ անհատներ։
Իսկ մեզ մոտ ստացվեց այնպես, որ ենթադրելի դրական ու կարծելի բացասական բեւեռները կանգնեցին դեմ դիմաց, եւ բացասականի «մինուս» նշանի դերը վերապահվեց պատերազմից հաղթանակով վերադարձած զինվորականությանը, որը մինչեւ օրս էլ շարունակում է իր հաղթական երթը։
Շարունակելի