Երեկ ժողովուրդը վերջին հրաժեշտն էր տալիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ ժողովուրդը նրան ընդունում էր որպես յուրային: Համաձայնեք, որ այսօրվա իշխանություններում նրա պես մարդիկ, մեղմ ասած, քիչ կան: Ավելին, տպավորությունն այնպիսին էր, որ Անդրանիկ Մարգարյանը եղել է «յուրային՝ օտարների մեջ եւ օտար՝ յուրայինների մեջ», եւ այդ փաստն առավելագույնս դրական է օգտագործել թե՛ իր, թե՛ իր կուսակցության եւ թե՛ հայ քաղաքական դաշտի համար:
Փաստը մնում է փաստ, որ մենք` հայերս, ոչնչից դասեր չենք քաղում, եւ «գնա մեռի՝ արի սիրեմ» տիպիկ հայկական արտահայտությունը շարունակում է մնալ օրակարգում:
Սկսած Չարենցից եւ վերջացրած Վազգեն Սարգսյանով, Կարեն Դեմիրճյանով, Հրանտ Մաթեւոսյանով եւ Անդրանիկ Մարգարյանով, հայերը, որպես կանոն, իրենց սերը տվյալ գործչի նկատմամբ արտահայտել են նրա մահվանից հետո: Ընդամենը մի քանի օր առաջ որոշ թերթեր չէին զլանում ամեն կերպ նրան մրոտել, իսկ այսօր դիֆերամբներ են գրում նրա մասին, իսկ քաղաքական գործիչները (թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ) ներկայացնում են Անդրանիկ Մարգարյանին՝ որպես բացառիկ քաղաքական գործիչ: Երեք ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Հանրապետական կուսակցության պրոբլեմը վատ PR-ի մեջ է: Սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր բոլորը միաբերան նշում են Անդրանիկ Մարգարյանի մարդկային հատկանիշների մասին, ինչ թերեւս բացառիկ երեւույթ է հայաստանյան քաղաքական դաշտում: Այսինքն՝ խնդիրն ամենեւին էլ վատ կամ լավ PR-ը չէ: Որովհետեւ ժողովուրդը ոչ թե PR-ներին կամ ինքնագովազդներին է հավատում, կամ, առավել եւս, հայկական լրատվական հաղորդումներին ու սոցհարցումներին, այլ հավատում է սեփական հոգուն: Որովհետեւ հոգին փողով, կարտոշկայով կամ տուկի թելով գնել հնարավոր չէ: Հոգով կամ սիրում են, կամ ատում: Իսկ ատում են շատ-շատերին:
«… Սիրում եմ կյանքը, արժանապատվությունս, ընտանիքս, նպատակներս (որի համար զոհել եմ, զոհում եմ, կզոհեմ կյանքս եւ բոլորին)»: Այսպես էր գրել վարչապետն իր նամակներից մեկում: Իսկ նպատակներից մեկն էլ անկախ Հայաստանը տեսնելն էր: Ինչ-որ չափով նրա այդ նպատակն իրականացել էր: Ասում եմ՝ ինչ-որ չափով, քանզի դժվար թե նա երազած լիներ մի Հայաստանի մասին, որտեղ մարդիկ վախենում են ոչ միայն բարձրաձայն քննադատել այս կամ այն չինովնիկին ու օլիգարխին, այլեւ վախենում էին նույնիսկ իրենց սերն ու հարգանքը բարձրաձայն արտահայտել: Այս եզրակացության կարելի է գալ նաեւ տեսնելով այն բազմահոծ զանգվածը, որը եկել էր իր հարգանքի տուրքը մատուցելու մի մարդու, որին սիրում ու հարգում էր, սակայն, մինչ օրս, փաստորեն, վախենում էր արտահայտվել:
Ավելի սարսափելի երեւույթ էլ կա. երբ «այն աշխարհ» են շտապում ուղարկել նրանց, ում սիրում են նրանց կենդանության օրոք: Երեւի հենց դա էր պատճառը, որ երկու օր առաջ հանրապետությունում լուրեր տարածվեցին, իբրեւ թե կյանքից հեռացել են Շառլ Ազնավուրն ու Սոս Սարգսյանը: Փառք Աստծո, լուրերը հերքվեցին:
Այս օրերին էլ ես մնում եմ լավատես: Լավատես եմ, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ անգամ իշխանության մեջ դեռ կան մարդիկ, որոնց ժողովուրդը սիրում եւ հարգում է (այլ հարց է, որ ժամանակին չի արտահայտում իր սերը), որ թեեւ բազմաթիվ քաղաքական գործիչների կարծիքով՝ մարդկային հատկանիշները քաղաքական կատեգորիա չեն, սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին երկու-երեք օրերը, ժողովուրդը թքած ունի նման կարծիքների վրա: Լավատես եմ, որովհետեւ համոզվեցի, որ բացի շինծու իշխանական եւ ընդդիմադիր կուսակցականներից, որոնց հետաքրքրում է միայն պաշտոնը եւ սեփական անձը, դեռ կան քաղաքական գործիչներ, որոնք ունեն գաղափարներ եւ թիմ, որոնց համար կկանգնեն մինչեւ վերջ:
Իսկ դա նշանակում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ, ավելին` ամեն ինչ դեռ առջեւում է: