Երեկ կեսօրից հետո չէր դադարում օտարերկրյա դիվանագետների, ՀՀ ներկա ու նախկին պաշտոնյաների եւ հասարակ քաղաքացիների հոսքն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ նրանք վերջին հրաժեշտն էին տալիս մարտի 25-ին հանկարծամահ եղած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:
Վարչապետի դին առավոտյան 10:30-ին դուրս բերվեց նրա՝ Ավանում գտնվող բնակարանից, ապա հուղարկավորության թափորը շարժվեց դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, այնտեղից՝ ՀՀ կառավարության շենք, որտեղ էլ մի փոքր կանգառից հետո թաղման թափորը շարժվեց դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք: Չնայած անձրեւոտ եղանակին՝ այստեղ արդեն հավաքվել էր մարդկանց հոծ բազմություն: Վարչապետի մեծադիր լուսանկարը փակցված էր շենքի մուտքի մոտ: Շենք մտնել ցանկացողների թիվը շատ էր, ու մարդիկ ստիպված էին երկար հերթ կանգնել, մինչ ներս մտնելը: Շատերն այդպես էլ ժամանակի սղության պատճառով շենք մտնելու հնարավորություն չստացան: Իրավապահները մարդկանց միայն խումբ-խումբ էին թույլ տալիս ներս մտնել: Պատճառն այն էր, որ մետաղորսիչ սարքերով անվտանգության համար ստուգում էին բոլոր ներս մտնողներին, ինչն էլ դանդաղեցնում էր մարդկանց մուտքը շենք: Ներս մտնել ցանկացողների թիվը շատ էր, ու շենքի մուտքի մոտ քաշքշոց սկսվեց մարդկանց եւ իրավապահների միջեւ: Մարդիկ պահանջում էին իրավապահներից՝ ազատել մուտքը եւ բոլորին թույլ տալ ներս մտնել, իսկ իրավապահներն ասում էին, որ ոչ ոք առանց ստուգվելու ներս չի մտնելու: Իսկ ներսում հավաքված էին վարչապետի հարազատները, կուսակիցները, ԱԺ ընդդիմադիր եւ իշխանամետ պատգամավորներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ, արվեստագետներ, բազմաթիվ շարքային քաղաքացիներ եւ այլք: Նրանք հերթով պատվո պահակ էին կանգնում վարչապետի աճյունի մոտ: Վերջին րոպեներին պատվո պահակ էին կանգնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Այնուհետեւ հոգեհանգստի եւ հոգու օրհնության կարգ մատուցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Օրվա ընթացքում տարբեր երկրների պատվիրակությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների բազմաթիվ խմբեր այցելեցին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք՝ վերջին հրաժեշտը տալու վարչապետին եւ ցավակցելու նրա հարազատներին: «Ես ցավում եմ: Սա մեծ կորուստ էր Հայաստանի եւ մեզ համար»,- վարչապետի հարազատներին ցավակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հունաստանի փոխարտգործնախարար Թեոդոր Կասիմիսը: Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանի խոսքերով էլ՝ ի դեմս Ա. Մարգարյանի, կորցրել ենք ոչ միայն պետության պաշտոնատար անձի, այլ նաեւ պետական, քաղաքական եւ ազգային գործչի: «Անգնահատելի է Ա. Մարգարյանի դերն ինչպես վերջին տարիների տնտեսական կայունացման, այնպես էլ երկրի քաղաքական կայունացման մեջ: Նրա հիշատակը բոլորիս սրտերում միշտ վառ կմնա»,- հավելեց ԼՂ վարչապետը: Իսկ «Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանն էլ նշեց, թե վարչապետներ շատ ենք ունեցել ու շատ կունենանք: «Ինձ համար ինքն ազգային ազատագրական պայքարի կարեւորագույն փուլի կարեւորագույն դեմքերից մեկն է, մեկը՝ անկախության հանրաքվեի ճանապարհով ռազմավարություն որդեգրած «Ազգային միացյալ կուսակցության» խորհրդի հինգ անդամներից: Ամենակարեւոր բանը, որ ինքը պետք է ներկայանա որպես մեծագույն ազգային գործիչ՝ այն է, որ մեծ հաղթանակի կերտողներից մեկն է եղել: Ճիշտ է, մեր ճանապարհներն ինչ-որ փուլից տարբեր են եղել, բայց շատ եմ ցավում, որ ինքն այլեւս մեզ հետ չի լինելու»,- նշեց Պ. Հայրիկյանը: Վարչապետին հրաժեշտ տալու էր եկել նաեւ Հարավային Կովկասում եւ Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա եւս նշեց, որ կորուստը շատ մեծ է, եւ ինքը ցավակցում է Հայաստանին ու հայ ժողովրդին: Օպերայի շենք էին եկել նաեւ մեր երկրում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Վերջինս նշեց, որ հանգուցյալ վարչապետը լավ եւ կառուցողական գործընկեր էր: Մ. Բրայզան հայտարարեց, թե օրն իր համար շատ տխուր է, քանզի անձամբ ճանաչում էր Ա. Մարգարյանին: Վարչապետի մահվան կապակցությամբ նա եւս ցավակցեց Հայաստանին ու հայ ժողովրդին: Վարչապետի հուղարկավորությանը մասնակցում էր նաեւ Ուկրաինայի արտգործնախարար Արսենի Յացենյուկը, ում խոսքերով՝ վարչապետի կորստից հետո երկիրը պետք է շարունակի ապրել: «Մարդու կորուստը ողբերգություն է ընտանիքի համար, իսկ պետական ղեկավարի կորուստը՝ երկրի: Համոզված եմ, որ Հայաստանը կհաղթահարի սա եւ կշարունակի ապրել»,- նշեց նա: Օպերայի շենքում Ա. Մարգարյանին վերջին հրաժեշտը տալու էր եկել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, Անդրանիկ Մարգարյան պետական, քաղաքական գործչի ամենակարեւոր հատկանիշը նրա բարությունն էր: «Բարի, հանդուրժող, քաղաքական դաշտում յուրօրինակ մերանի դեր խաղացող քաղաքական գործիչ էր: Միշտ աչքի է ընկել ոչ ծայրահեղական դիրքորոշումներով, հավասարակշիռ կեցվածքով: Ես կարծում եմ, որ մենք կորցրեցինք լավ մարդու»,- հավելեց ՕԵԿ ղեկավարը: Իսկ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով՝ Ա. Մարգարյանը կարեւոր դեր է խաղացել հայկական անկախ պետականության ձեւավորման գործում: «Ա. Մարգարյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի եւ պետության համար: Մեր հիշողություններում նա կմնա որպես անհատ, ով ուներ մարդկային բարձր արժանապատվություն»,- նշեց Ս. Դեմիրճյանը: Վարչապետին վերջին հրաժեշտը տալու էին եկել նաեւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Վրաստանում Թուրքիայի դեսպանը, Լատվիայի բնապահպանության նախարարը, նաեւ օտարերկրյա բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Ուշագրավ է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ներկա չէր վարչապետի հուղարկավորությանը: Ժամը 14:30-ին վարչապետ Ա. Մարգարյանի աճյունը դուրս բերվեց Օպերայի շենքից եւ տեղափոխվեց Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ եւ տեղի ունեցավ վարչապետի հուղարկավորությունը: