Կհաջողվի՞ պահպանել միասնական թիմը

01/04/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահը, անկասկած, որոշակի խմբագրումներ է մտցնելու Հայաստանի քաղաքական կյանքում։ Երկրի տնտեսական կյանքում որեւէ նկատելի փոփոխություն չի լինի, որովհետեւ ի վերջո աշխատելու է նույն կառավարությունը՝ նույն ծրագրով։ Բայց քաղաքական դաշտում տեղաշարժերն անխուսափելի են, որովհետեւ ընտրություններից մեկուկես ամիս առաջ վախճանվել է հանրապետության ամենահզոր քաղաքական ուժի առաջին դեմքը։

Իսկ ինչպիսի՞ն կլինեն այդ տեղաշարժերը։ Ըստ էության, այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչ զարգացումներ տեղի կունենան ՀՀԿ-ի ներսում եւ այդ կուսակցության «ազդեցության գոտում»։ Իհարկե, որեւէ այլ երկրում իշխող կուսակցության առաջին դեմքի կորուստը միայն կհամախմբեր այդ կուսակցության անդամներին ու համակիրներին, բայց Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Նախ՝ որովհետեւ Հայաստանում մեծ է մարդկային գործոնի դերը, եւ մեզանում այն նույն հասարակությունը, որը խիստ բացասական վերաբերմունք ուներ իշխանությունների նկատմամբ, ընդգծված բարեհաճությամբ էր վերաբերվում իշխող քաղաքական ուժի ղեկավարին։ Եվ երկրորդ՝ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, միատարր չէ, եւ, կարելի է ասել, կազմված է մի քանի շերտերից (կամ, եթե կուզեք, խմբերից)։ Այդ շերտերը բոլորին են հայտնի. հին, գաղափարական մարտիկներ (հին գվարդիա), իշխանական կուսակցությանն անդամագրված պետական պաշտոնյաներ (կոմունիստների իշխանության ժամանակ նրանք Կոմկուսի անդամ էին, վաղը կարող են այլ կուսակցության անդամագրվել), եւ, այսպես կոչված, «հայերեն մի քիչ լավ չիմացողներ» (ձեւակերպումը մեր չէ)։

Հասկանալի է, որ ձեւավորված այս թիմի ներսում տարաձայնություններ կային, բայց մեծ հաշվով՝ թիմն արդյունավետ էր աշխատում (հին գվարդիան գաղափարական «մասն» էր ապահովում, պաշտոնյաները տեղերում ռեալ իշխանությունն էին իրականացնում, եւ այլն)։

Հիմա խնդիրը մեծ հաշվով հետեւյալն է՝ կկարողանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը պահպանել ՀՀԿ-ի այս երեք «բաղադրիչների» միասնությունը։

Իրականում սա չափազանց բարդ խնդիր է։ Եվ դրա հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ Անդրանիկ Մարգարյանը հասարակության կողմից ընկալվում էր որպես հստակ գաղափարախոսություն ունեցող կուսակցության առաջնորդ, իսկ Սերժ Սարգսյանը ոչ թե որպես քաղաքական գործիչ է ընկալվում, այլ որպես հսկայական տնտեսական ու ֆինանսական լծակներ ունեցող պաշտոնյա։ Երկրորդ՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի (կամ՝ ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստանի») միջեւ գոնե տակտիկական հարցերում տարաձայնություններ կան, հասկանալի է, որ «կողքից» վարչապետի մահն օգտագործվելու է ՀՀԿ-ն թուլացնելու նպատակով։ Ընդ որում, դրա համար կան բոլոր հնարավորությունները, որովհետեւ գաղտնիք չէ, որ ՀՀԿ վերնախավում կան նաեւ ակնհայտորեն նախապատվությունը Քոչարյանին տվողներ։

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ստիպված կլինի շատ արագ «գաղափարականացվել» եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել կուսակցական խնդիրներին։ Իսկ դա շատ դժվար կլինի, որովհետեւ նա ստիպված պիտի լինի միաժամանակ եւ՛ կատարել վարչապետի ֆունկցիաները, եւ՛ ամբողջովին վերահսկողության տակ պահել բանակը, եւ՛ հետեւել, որ կուսակցության ներսում «ֆրակցիաներ» չառաջանան։ «Աշխատանքի բաժանման» մասին այս դեպքում խոսք լինել չի կարող, որովհետեւ ներքաղաքական իրավիճակը շատ խախուտ է, եւ դժվար է հարյուր տոկոսով վստահելի մարդ գտնելը։ Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի այս ամենը, կարելի է վստահ լինել, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում առաջին տեղը կզբաղեցնի։

Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Սերժ Սարգսյանին այնուամենայնիվ չհաջողվի միասնական պահել թիմը։ Այդ դեպքում ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում շատ ավելի քիչ ձայներ կհավաքի, քան ենթադրվում էր, իսկ պաշտոնական քարոզչությունը շատ հեշտությամբ դա կբացատրի վարչապետի մահվամբ եւ ՀՀԿ-ի ընկճվածությամբ։ Իսկ դա արդեն ընտրություններից հետո Քոչարյանի համար կարող է մանեւրելու փայլուն հնարավորություն ստեղծել։ Ասենք՝ ձեւավորվելիք կոալիցիայում ՀՀԿ-ն կարող է բավարարվել «կրտսեր գործընկերոջ» դերով կամ ընդհանրապես չընդգրկվել կոալիցիայում («Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն եւ, եթե պետք լինի, էլի մեկ-երկու ուժ կարող են շատ հանգիստ մեծամասնություն ձեւավորել առանց ՀՀԿ-ի)։

Այսպես թե այնպես, արդեն երկու-երեք օրից ներքաղաքական բուռն զարգացումներ են սպասվում։ Մինչեւ ընտությունները չափազանց քիչ ժամանակ է մնացել, հետեւաբար՝ կամ ընդհանրապես վերադասավորումներ չեն լինելու, կամ, եթե լինեն, տեղի են ունենալու շատ արագ։ Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ մայիսի 12-ին առաջին հերթին 2008-ի նախագահական ընտրությունների հարցն է որոշվելու։ Եվ փաստորեն՝ որոշվելու է ցայտնոտի պայմաններում։