Անձն ու համակարգը

01/04/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության գործունեության ցանկացած գնահատական այսօր հապճեպ է: Այս օրերին միայն զգայական ընկալումը չէ, որ բարդացնում է խնդիրը: Յոթ տարվա գործունեության վերլուծությունն իրոք բարդ գործ է: Այդ յոթ տարիները երկրի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքում հակասական շրջան են: Իհարկե, կարելի է վերցնել 1999թ. տնտեսական ցուցանիշները ու դրանց ֆոնի վրա փաստարկել, թե որքան հաջողություններ ենք ունեցել: Հուզական այս օրերին անգամ «կովկասյան վագր» արտահայտությունը կարող է առանց հումորի ընկալվել: Այսօր շատերը չեն հիշում, թե ինչպիսին էր 1999թ. տնտեսության համար: 1998թ. նախագահական ընտրություններից հետո ձեւավորված վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարության գործունեությունը մեկ-երկու ամսից հետո արդեն անարդյունավետ էր: ՀՀ ամենաերիտասարդ կառավարությունն անընդմեջ վեճի մեջ էր խորհրդարանի հետ: Արդյունքում երիտասարդ կառավարիչներն ավելի շատ մտածում էին սեփական խնդիրների, քան տնտեսության մասին: Ուղիղ մեկ տարի հետո նրանք հաջորդ կառավարությանը ժառանգություն թողեցին մակրոտնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներով անկում ապրող տնտեսություն: Այդ անկումը կանխել չհաջողվեց եւս մեկ տարի: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ու դեպքերի հետագա ընթացքը, բնականաբար, բացասական լուրջ ազդեցություն թողեցին երկրի տնտեսության վրա: 2000թ. մայիսին ձեւավորված նոր՝ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը սկզբունքային խնդիրների առջեւ էր կանգնած: Դրանցից ամենակարեւորը թերեւս զարգացման հետագա ուղու հստակեցումն էր: 1990-ականներից սկսված ազատական տնտեսության գաղափարն այլեւս հասարակական կյանքում բացասական ընկալում ուներ: Հասարակության տառապանքը փորձ ուներ: Տնտեսական ազատական բարեփոխումներին զուգընթաց՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը կտրուկ վատացել էր: Հայաստանի տնտեսական համակարգում ձեւավորվել էր բացասական մի իրավիճակ, որ դեռ երկար տարիներ բնութագրական է լինելու: Ձեւավորված խիստ կենտրոնացված տնտեսությունը կարծես զարգացման ոչ մի հնարավորություն չէր թողնում: Ազգային ունեցվածքի մեծ մասն այլեւս կենտրոնացած էր (եւ շարունակում է մնալ) մոտ մեկ տասնյակ ընտանիքների ձեռքում: Նրանք հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով բացառելու էին (եւ են) բարեփոխումների ցանկացած փորձ: Այս ամենի հիման վրա համարյա բոլորը ենթադրում էին, որ նոր կառավարությունը երկար չի դիմանա: Վերլուծությունների մեջ, որպես էական, նշվում էր եւս մեկ փաստարկ՝ Անդրանիկ Մարգարյանն առաջին դեմքի փորձառություն չունի: Իսկապես մինչ այդ վարչապետը խարիզմա ունեցող քաղաքական գործչի համբավ չուներ: Սրան գումարած՝ երկրի քաղաքական դաշտում 1995թ. սկսված մի միտում կար, որ կարծես կայուն ավանդույթ էր դառնում: 1995թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ բոլոր կառավարությունները լարված ու ծանր հարաբերություններ ունեին Ազգային ժողովի հետ: Թե՛ Հրանտ Բագրատյանի, թե՛ Արմեն Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ, առավել եւս, Արմեն Դարբինյանի կառավարությունները: Վերջինիս, որպես կանոն, չէր հաջողվում որեւէ օրինագիծ «անցկացնել» խորհրդարանում: Ա՛յ, հենց այս ոլորտում էր, որ Անդրանիկ Մարգարյանին հաջողվեց զարմացնել բոլոր փորձագետներին: Նրան խորհրդարանական աշխատանքի փորձը հնարավորություն տվեց կոտրել այդ ավանդույթը: Կառավարության օրենսդրական բոլոր նախաձեռնությունները խորհրդարանը հաստատում էր: 2003-ին շատերն էին ենթադրում, որ նոր ընտրություններից հետո պատկերը կփոխվի: Հատկապես, որ վարչապետի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն ակնհայտ բավարար մեծամասնություն չէր կազմելու: Նախընտրական այդ շրջանի հարցազրույցներից մեկում Ա. Մարգարյանը հայտարարեց, որ երկրի ապագան տեսնում է ազատական բարեփոխումների խորացմամբ: Ավելին, նա քաղաքական հանդգնություն ունեցավ հայտարարելու, որ շնորհակալ է նախորդ բոլոր վարչապետներից եւ հատկապես գնահատում է Հրանտ Բագրատյանի աշխատանքը: Հայտարարությունն արվեց ճիշտ այն պահին, երբ բոլոր քաղաքական ուժերը շահարկում էին ժողովրդի դժգոհությունն ազատական բարեփոխումներից: Քաղաքական դաշտում ակտիվ դերակատարություն էին ստանձնել ոչ այն է՝ սոցիալիստական, ոչ այն է՝ ամբոխավարական «Օրինաց երկիրը» եւ սոցիալիստական ՀՅԴ-ն: Որքան էլ անհավանական է (ու տարօրինակ), վարչապետին հաջողվեց քաղաքական դաշինք ձեւավորել այդ ուժերի հետ: Ու նորից կառավարությունը խորհրդարանի հետ դժվարություններ չուներ: Հնարավոր է, որ այս պատկերը դրական չի բնութագրում Ազգային ժողովին: Իսկապես, բազում վերլուծություններում նշվում էր, որ խորհրդարանն ինքնուրույն մարմնից վերածվել էր կառավարության օրենսդրական նախագծերը «դակող» մարմնի: Բայց պետք չէ մոռանալ, որ ԱԺ ղեկավարն ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր: Նա, չնայած իշխանության բուրգում գրաված իր դիրքի եւ պատասխանատվության բաժնի, շարունակում էր պոպուլիստական բոցաշունչ ելույթները: Նախընտրական քարոզարշավի խոստումների բեռան տակ ՕԵԿ-ն անիրագործելի ծրագրեր էր հրապարակում: Ընդունեք, որ նման խորհրդարանի հետ աշխատելն իրոք առանձնահատուկ հմտություններ է պարունակում: Ընդհանրապես Ա. Մարգարյանի կառավարությանը հաջողվում էր ամեն տարի ավելի մեծ բյուջե պլանավորել ու կատարել դրանք: Շատ փորձագետներ սա համարում են տարօրինակ: Խիստ կենտրոնացած տնտեսական համակարգ ունեցող երկրում նման կառավարումը համարյա անհնար է: Ակնհայտ է, որ շատ բաներ վարչապետին հաջողվում էր անձնական որակների շնորհիվ: Հետեւաբար ապագա ընտրություններից հետո նոր կառավարությունը նորից կանգնած է լինելու նույն երկընտրանքի առջեւ՝ ազատակա՞ն, թե՞ կենտրոնացած-կլանային տնտեսություն: Ա՛յ հետո նոր պարզ կդառնա՝ կհաջողի՞ նոր կառավարությունը նույն համբերատարությամբ առաջ տանել իր ծրագրերը: