Ղարաբաղում շարունակվում է նախընտրական «հարաբերական անդորրը»: Քաղաքական ոչ մի ուժ դեռեւս չի հայտարարել իր դիրքորոշման մասին: Մեր տվյալներով, ՀՅԴ-ն իր դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, կարտահայտի մարտի 30-ին: Իսկ «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները հայտնի չէ, թե երբ կարտահայտեն իրենց տեսակետները:
ԼՂՀ նախագահի հնարավոր թեկնածուների մասին շարունակում են խոսել հասարակության տարբեր շրջանակներում: Հիմնականում մարդիկ խոսում են ԼՂՀ Անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի մասին: Առայժմ բոլորը ենթադրություններ են, քանի որ ոչ ոք չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:
Բնակիչների շրջանում մեր փոքրիկ հարցումներից պարզ դարձավ, որ շատերն են դժգոհ այդ անորոշ վիճակից: «Այսպիսի հանգիստ նախընտրական շրջան Ղարաբաղի պատմության մեջ չեմ հիշում, երբ ընտրություններից հաշված ամիսներ առաջ դեռ պարզ չէ, թե ովքեր են մտադիր առաջադրվել»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Ստեփանակերտի բնակիչ Արթուր Ավանեսյանը: Իսկ Մարտունի քաղաքի բնակիչ Վաչիկ Դանիելյանը գտնում է, որ նախընտրական շրջանի հանգստությունը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում ընդդիմության պարտությունից հետո իշխանությունները մրցակցություն չեն զգում, «այդ իսկ պատճառով էլ չեն շտապում արտահայտել իրենց դիրքորոշումը»:
Ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանը գտնում է, որ ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները բավական մեծ արձագանք են գտել ինչպես Ղարաբաղում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս:
Նա գտնում է, որ ներքին կյանքում իրավիճակը շատ ավելի հանգիստ է, եւ չի նկատվում այն աժիոտաժը, որը Ղարաբաղից դուրս արտահայտվում է տարբեր մեկնաբանությունների եւ վերլուծությունների ձեւով: «Սա կարելի է այսպես բացատրել. ԼՂՀ-ն որպես պետականություն, իրոք, կայացել է, եւ ներքին քաղաքական դաշտը կայուն է: Այդ իսկ պատճառով Ղարաբաղի ներսում բավականին հանգիստ մթնոլորտ է: Հենց Ղարաբաղի կայունությունը եւ ղարաբաղյան գործոնի նշանակությունը` համայն հայության քաղաքական դաշտում բնորոշում է նաեւ Ղարաբաղից դուրս այս ընտրությունների հանդեպ ցուցաբերվող լուրջ ուշադրությունը: Այս պարագայում նման զարգացումները ունեն եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ այս հետաքրքրությունն, իրոք, բարձրացնում է Ղարաբաղի գործոնը` միջազգային հանրության աչքերում: Մյուս կողմից՝ բացասականն այն է, որ որոշ ուժեր, գիտակցելով կամ նույնիսկ չգիտակցելով դա, իրենց գործունեությամբ փաստորեն բավականին վտանգավոր կեցվածք են ընդունել: Օրինակ` ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ որոշ շրջանակներ համառորեն կերտում են «ընդդիմադիր» թեկնածուներին»,- նշում է Դ. Բաբայանը: Նա գտնում է, որ այդ զարգացումը կարող է ունենալ խիստ բացասական ազդեցություն, եթե «ընդդիմադիր» թեկնածուները, ասենք, վերջին պահին կամավոր հրաժարվեն նախագահական պայքարից` ակնկալելով դրանով իսկ ստեղծել ինչ-որ դիրք` նոր ձեւավորվող վարչակարգում: Այդ դեպքում, ըստ քաղաքագետի, տեղի կունենա ընդդիմադիր ուժերի տրոհում, «քանի որ մինչ այսօր կարեւոր ընդդիմադիր ուժերը չեն ներկայացրել իրենց ընդհանուր թեկնածուին»: «Եվ չի բացառվում, որ որեւէ ընդդիմադիր ուժի կողմից առաջադրած թեկնածուն չպաշտպանվի մյուս ընդդիմադիր ուժի կողմից: Հետեւաբար, եթե այդ թեկնածուն առաջադրվում է, ապա ընդդիմությունը տրոհվում է: Նման զարգացումը ժողովրդավարությունը պահպանող ուժերի համար, իհարկե, անցանկալի է: Իսկ եթե թեկնածուն կամավոր հրաժարվում է նախագահական պայքարից, այն էլ՝ վերջին պահին, ապա ղարաբաղյան հասարակության եւ ընդդիմության այն հատվածը, որը հույսեր էր կապում նման զարգացման հետ, ուղղակի հիասթափվում է եւ կորցնում քաղաքական կորովը: Արդյունքում նույնպես տուժում է ղարաբաղյան ժողովրդավարությունը: Հաշվի առնելով, որ ժողովրդավարությունը մեզ համար կենսական նշանակություն ունեցող մի երեւույթ է, որի միջոցով հնարավոր է մեր օգտին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ապա ցանկացած քայլ կատարելիս պետք է առաջնորդվենք դասականի կարգախոսով` «ամեն օր գլուխդ դնելով բարձի վրա` մի քիչ մտածիր ազգիդ շահերի մասին: Այս դեպքում կշահենք բոլորս»,- համոզված է Դավիթ Բաբայանը:
Ընտրությունների նախապատրաստական քայլերից մեկը, թերեւս, մոտակա օրերս նախատեսվող խորհրդարանական լսումներն են, որոնց ընթացքում կքննարկվեն ԼՂՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները: