– Ժամանակին Տիգրան Պետրոսյանի, իսկ այսօր Լեւոն Արոնյանի անունները բարձր են պահում Հայաստանի դիրքը շախմատի միջազգային ասպարեզում։ Մի շրջան, սակայն, կարծես մի տեսակ ընդմիջում եղավ այս ասպարեզում։
– Մեծ ընդմիջում չի եղել, շախմատն աստիճանաբար միշտ էլ աճել է: Ուղղակի վերջին տարիների ձեռքբերումներն ավելի նկատելի են։ Անկախանալուց հետո մեր շախմատիստները կարողացան դուրս գալ միջազգային մրցումների, որը Խորհրդային Միության պայմաններում հնարավոր չէր, եւ բավական հաջողություններ ունեցան։ Էլ չեմ ասում, որ ամենավատ տարիներին՝ 1992-93 թվականներին, որոշվեց Հայաստանում շախմատային օլիմպիադա անցկացնել: Այդ թվերից արդեն Հայաստանը դարձել էր շախմատային պետություն, իսկ հիմա՝ գերպետություն: Մեր շախմատիստներն իրենց ընդհանուր վարկանիշով հիմա երրորդն են աշխարհում։ Եթե ճիշտ եմ հիշում՝ վերջին 5 տարիներին լավագույն 5-ից դուրս չենք եղել։ Հայաստանի ոչ մի սպորտային բնագավառ այսպիսի հաջողություն չի ունեցել։ Շախմատային ամենաբարձր կետը Օլիմպիադան է, եւ շատ քիչ պետություններ կարող են հպարտանալ, որ Օլիմպիական չեմպիոն են ունեցել։ Հայաստանի պես փոքր պետությունն օլիմպիական չեմպիոն լինելու համար շատ գործոններ պետք է ունենար՝ լավագույն թիմ, լավագույն մարզական վիճակ եւ լավագույն պայմաններ։ Վերջին Օլիմպիադայում այս ամենը համընկավ. եւ՛ ֆինանսական օգնությունը, եւ՛ տղաների լավ պատրաստվածությունը նպաստեցին հաղթանակին։
– Ցանկացած մարզաձեւ ապրում եւ զարգանում է ֆինանսական աջակցությամբ։ Նախկին եւ ներկայիս իշխանությունների վերաբերմունքը շախմատի նկատմամբ ինչպիսի՞ն է եղել։
– Մեր հանրապետության առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, շախմատասեր էր: Իշխանությունները ինչպես հիմա, նախկինում էլ լավ են վերաբերվել շախմատին։ Իշխանական միջոցները սպորտի համար շատ քիչ են։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ շախմատը, օրինակ, ֆուտբոլի համեմատ, ավելի քիչ ֆինանսներ է պահանջում։ Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք էլ փող ունեցող մարդիկ օգնել են շախմատին։ Երբ Լ. Տեր-Պետրոսյանը 1996թ.-ից հետո այլեւս չէր աջակցում շախմատին, մեր միակ օգնողը ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է եղել ու կա։ Եթե ֆինանսական միջոցները չլինեին, մենք դժվար թե կարողանայինք պահել շախմատը։ Հայաստանում ֆինանսի պակասի պատճառով շատ սպորտաձեւեր պարզապես վերացան։
– Այսօր աշխարհի լավագույն շախմատիստները շատ երիտասարդ են։ Այս սպորտը, փաստորեն, երիտասարդանո՞ւմ է։
– Երբ համակարգիչը մուտք գործեց շախմատ, շախմատային տարիքը շատ իջավ։ 12 տարեկան գրոսմայստեր կա արդեն։ Հիմա շախմատիստի համար լավագույն տարիքը 20-26 տարեկանն է, այսինքն՝ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, նրանք լավագույն տարիքում են։ Համակարգչային մուտքը փոքր-ինչ վնասեց ստեղծագործականին, չնայած տաղանդավորների՝ Կրամնիկի, Անանդի, Արոնյանի խաղի մեջ այդ ստեղծագործական մոտեցումը կա։ Նույն Լեւոնին արտասահմանյան մամուլը հանճար է անվանում։ Գաբրիելն էլ է շատ ընդունակ։ Պարզապես Լեւոնի հետ լավագույն մարզիչներն են պարապել, իսկ Գաբրիելն այդ առումով մի քիչ տուժել է։ Սակայն հիմա կարծես բացը լրացվում է։ Օրինակ, այս վերջին տուրնիրում Գաբրիելը 7-ից 6,5 միավոր հավաքեց։ Սա փայլուն հաղթանակ է։ Այսինքն՝ նա շուտով կմոտենա Լեւոնին։
– Հայ կանայք շախմատում զիջում են տղամարդկանց։ Շախմատն ապացուցում է, որ տղամարդկանց միտքն ավելի՞ սուր է, թե՞…
– Մտքի կամ տրամաբանության հարցը չի։ Ֆիզիկական հարց է։ Կանանց համար դժվար է 4-5 ժամ կենտրոնացած մնալը։ Կանանց շախմատում Էլինա Դանիելյան եւ Լիլիթ Մկրտչյան անուններն են հիմնականում բան ասում։ Ցավոք, մնացած շախմատիստուհիներն էապես զիջում են։ Մի տարի մեր աղջիկներն այս երկու շախմատիստուհիների շնորհիվ Եվրոպայի չեմպիոն դարձան։ Հիմա մենք խնդիր ունենք։ Եթե ժամանակին թիմը բաղկացած էր 3 հոգուց, որից մեկը պահեստային էր, ապա հիմա 4 հոգի պետք է խաղան, մեկը լինի պահեստային։ Իսկ այս պարագայում մենք կին կադրեր չունենք։
– Շախմատ պարապած մարդիկ ավելի լա՞վ են մտածում։
– Շախմատ պարապած մարդիկ տարբերվում են նրանցից, ովքեր շախմատ չեն խաղում։ Տրամաբանությունը, իհարկե, զարգանում է։ Ժամանակին մտածում էինք շախմատը դպրոց մտցնել՝ որպես պարտադիր առարկա։ Սակայն օբյեկտիվ պատճառներով՝ ծրագիրը չիրականացավ. գույքի հարց էր, բացի այդ, այդքան մարզիչ չունենք։ Հետո շախմատ պարապած մարդիկ ավելի հավաքված են, ամեն քայլ անելուց առաջ մտածում են։
– Իսկ ի՞նչ էին մտածում շախմատիստները քաղաքական բնույթի հայտարարություններ անելիս։ Շախմատն ու քաղաքականությունը կապ ունե՞ն իրար հետ։
– Կարծում եմ, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի։ Մեր տղաների վերջերս արած հայտարարությունը մի քիչ սխալ է մեկնաբանվում, կամ գուցե իրենք են սխալ ասել։ Ես չգիտեմ, ինքս չեմ կարդացել։ Ես այդ հայտարարությունը քաղաքական չեմ համարում։ Իմ նկարն էլ թերթերից մեկում դրված էր Վանո Սիրադեղյանի հետ. հետո ի՞նչ։ Սխալ է, եթե դուք կարծում եք, որ շախմատիստները պաշտպանում են Հանրապետական կուսակցությանը։ Պետք չէ, որ շախմատիստները որեւէ կուսակցության պաշտպանեն։ Նրանք պաշտպանում էին վաղամեռիկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Երկուսն էլ շատ են հովանավորել հայկական շախմատը։ Կարծում եմ, որ աշխարհում չկա մի պետություն, որտեղ շախմատիստներին այնպես հովանավորեն, ինչպես որ Սերժ Սարգսյանն արեց Օլիմպիադայի ժամանակ։ Նա, չնայած իր աշխատանքային ծանրաբեռնվածությանը, որպես ֆեդերացիայի նախագահ, սկզբից մինչեւ վերջ շախմատիստների հետ էր, ոգեւորում եւ համախմբում էր տղաներին։ Տարօրինակ չէ՞ր լինի, եթե նրանք չպաշտպանեին Սերժ Սարգսյանին։ Միտքը հետեւյալն է՝ եթե Սերժ Սարգսյանը լինի ղեկավար պաշտոնում եւ աշխատի ճիշտ այնպես, ինչպես ֆեդերացիայի համար է աշխատում, ուրեմն լավ կլինի երկրի համար։
– Մայիսի 4-6-ը Երեւանում տեղի կունենա Լեւոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ շախմատային հանդիպումը։ Ի՞նչ ենք սպասում այս հանդիպումից։
– Սա պարզապես գովազդ է, որի վրա մեծ գումարներ են ծախսվում։ Այս մեծության շախմատիստը համաձայնել է գալ՝ շատ լավ իմանալով, որ Լեւոն Արոնյանը շատ ուժեղ եւ արագ է շախմատում։ Իսկ այս հանդիպումը կնպաստի նրան, որ սեպտեմբերին շախմատի դպրոցը, հավանաբար, ավելի շատ սան կունենա։