2006թ. նոյեմբերին Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը վերանայեց մեր երկրին մատակարարվող գազի սակագինը: Հայաստանցի պատվիրակների գործադրած ջանքերը չարդարացրին հույսերը, եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մնում էր անցնել իր բուն պարտականություններին:
Այն է՝ հաստատել ներքին սպառման նոր սակագները: Գազի գներին չենք անդրադառնա, քանի որ ներկայումս թե բնակչությունը եւ թե արտադրական ձեռնարկություններն այդ բեռի կրողը չեն: Պետությունը պարտավորվեց երեք տարի ժամկետով սուբսիդավորել գազի հին ու նոր գների մասով առաջացած տարբերությունը: Միայն նշենք, որ պետական միջոցներից այս պարագայում ամենաքիչը բաժին է ընկնում բնակչությանը, քանի որ էներգակիրների սպառման ցուցանիշով բնակչությունը կազմում է 15 տոկոս, էներգետիկ միավորները՝ 50 տոկոս եւ արդյունաբերությունը՝ 35 տոկոս: Այս ժամանակավոր միջոցառման ավարտին սպառած գազի համար բոլորն էլ վճարելու են կրկնակի: Համաձայն պետական մարմինների հայտարարությունների՝ երեք տարի հետո կառավարությունը կսուբսիդավորի միմիայն անապահով խավին, իսկ միջին խավը վճարունակ է, եւ պետությունն այստեղ անելիք չունի: Խնդիրը բարդանում է արդյունաբերական ձեռնարկությունների համար եւ այստեղ էլ կառավարությունն իր դեղատոմսն ուներ. ժամանակն է, որ արդյունաբերական գործարանների սեփականատերերը մտածեն լուրջ ներդրումների մասին եւ աշխատեն նորարարական տեխնոլոգիաներով:
Պետական տեսակետը, թե տնտեսության զարգացման գերակա ճյուղ է հայտարարվել ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումը, այդպես էլ լոզունգից այն կողմ չի անցնում: Եվ այդպես էլ չի ուրվագծվում, թե ինչպես են ինովացիոն տեխնոլոգիաները ներդրվելու արտադրության մեջ: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Գիտության, տեխնոլոգիաների եւ ինովացիոն քաղաքականության վարչության պետ Աշոտ Խանդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտահետազոտական ինստիտուտները որեւէ ձեռնարկությունից գազի թանկացման ֆոնին, էլեկտրաէներգիայի խնայողության գծով պատվերներ չեն ստացել: Թեպետ այս առաջադրանքի կատարման բոլոր հնարավորություններն «Էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտն» ունի: Աշոտ Խանդանյանը չի ժխտում, որ ինովացիան ու արտադրությունն այսօր իրար հետ լեզու չեն գտնում: Առաջինները գործ անելու համար փող չունեն, իսկ վերջիններն էլ չեն ուզում փող ծախսել: Բացի այդ էլ՝ արդյունաբերողի համար կարող է տնտեսապես շահավետ լինի վճարել էներգակիրների համար, քան ապրանքի ինքնարժեքն իջեցնելու նպատակով հսկայական ներդրումներ անել: Պրն Խանդանյանից տեղեկանում ենք, որ աշխարհում ինովացիաների մեջ ամենամեծ ներդրողներից է համարվում Ճապոնիան եւ այն էլ՝ ոչ իր սեփական երկրում: Մեր երկրում էլ այս կապը չի գործում, եւ դեռ հեռու են գիտական տնտեսություն ունենալու ժամանակները: Այնուամենայնիվ, Ա. Խանդանյանը նշում է մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք ունեն տեղական պատվիրատուներ: Սա համարենք պետական տեսակետ:
Իսկ ահա գիտական հատվածում այնքան էլ չեն կիսում պետական տեսակետը եւ կարծում են, որ ժամանակն է՝ կառավարությունը լոզունգներից գործի անցնի: Մեր զրուցակիցը «Պլաստ պոլիմեր» ՓԲԸ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Պատվական Ոսկանյանն է: Ի դեպ, այս ինստիտուտն ունի պետական կարգավիճակ եւ գտնվում է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ենթակայության տակ:
– Կառավարության համար շատ հեշտ է ասել՝ ազատ շուկայական երկիր ենք, եւ ձեռքերը ծալած նստել: Մինչդեռ աշխարհի առաջատար երկրների փորձը վկայում է, որ պետությունն, ունենալով արտադրական հատվածում առկա հիմնախնդիրների «քարտեզը», հենց ինքն է դառնում գիտահետազոտական ինստիտուտների պատվիրատուն:
– Կարծում եք, որ պետությունը պետք է միջամտի՞ մասնավոր հատվածի գործերին:
– ԱՄՆ-ում ամեն մի նորարարության համար ֆինանսական պարտավորություններ են ստանձնում ԱՄՆ ֆեդերալ բյուջեն, նահանգային բյուջեն եւ տվյալ պատվիրատուն: Հայաստանում պետությունը նույնպես պետք է ֆինանսավորման մասնաբաժին ունենա, որն էլ արտադրողի համար խթան կհանդիսանա:
– Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ կառավարությունն էլ է ավելացրել գիտությանը հատկացվող բյուջեն: Ի՞նչ նպատակների համար է ծախսվում այն:
– Գիտությունը ֆինանսավորվում է 3 ուղղությամբ՝ նպատակային, բազային եւ թեմատիկ: Նպատակայինի դեպքում պետությունը ֆինանսավորում է գիտության այն ճյուղը, որը հայտարարել է գերակա: Բազային ֆինանսավորման նպատակն է՝ պահպանել այս կամ այն ինստիտուտի ենթակառուցվածքները, իսկ թեմատիկն էլ տրվում է առանձին թեմաների համար: Հայաստանում չի գործում նպատակայինի եւ թեմատիկի կապը, ուստի թեմատիկի վրա փող ծախսելը նշանակում է փոշիացնել միջոցները: Գիտական միտքն էլ ապրանք է, որը պետք է կարողանալ վաճառել: Իսկ մեր գիտնականները վաճառելու փորձ չունեն, այստեղ էլ մարկետինգի մասնագետներ են անհրաժեշտ:
– Բոլոր դեպքերում սեփական արտադրանքը շուկայում վաճառելու փորձ ձեր ինստիտուտն ունի: Ինչպե՞ս է հաջողվել:
– Ես գնացել եմ «Գրանդ տոբակո» ընկերության տնօրենի մոտ եւ առաջարկել իր ծխախոտի արտադրության հոսքագծերում օգտագործել մեր արտադրած սոսինձը, որը որակական հատկանիշներով չէր զիջում իրենց կողմից ներմուծվող ապրանքին: Համագործակցում ենք նաեւ «Երեւանի ոսկու գործարանի» հետ քիմիական կիսաֆաբրիկատների եւ զտման խնդրում: Իսկ ահա «Արարատ ցեմենտ» գործարանը ցեմենտի արտադրության մեջ խնդիր ուներ քիմիական միացությունների հարցում, եւ խնդիրը կարգավորելու մեր առաջարկն այդպես էլ առաջարկ է մնացել: «Կապանի պղնձահարստացուցիչ գործարանի» անգլիացի սեփականատերը ձեռքը թափ տվեց, երբ ասացինք՝ եկեք ճշտենք, թե որտեղ կորուստներ ունեք: Իսկ «Ալավերդու պնձամոլիբդենային կոմբինատն» էլ ահռելի էկոլոգիական խնդիրներ ունի, սակայն նորարարական առաջարկների համար փող չունեն: Մեր տնտեսությունը պատրաստ չէ ինովացիաներին: Պատրաստ կլինի, եթե գազի ու ծախսերի այնքան բարձրացում լինի, որ իր ապրանքը շուկայում իրացնելն անհնարին դառնա: Այսօր նրանք դեռ մրցունակ են, թեպետ բոլորն էլ աշխատում են բավականին հետամնաց տեխնոլոգիաներով: Սակայն սա ժամանակավոր գործընթաց է, վաղը շուկայում տեղ չեն ունենալու:
– ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունից ասում են, որ պատվիրատուներին պետք է փնտրել արտերկրում…
– Արտասահմանում Հայաստանի տեղը չգիտեն, եւ հանկարծ ասում ես, որ ես գիտություն եմ անում եւ այն էլ՝ ձեզնից էլ լավ: Մեզ լուրջ չեն վերաբերվի: Հայաստանի գիտական միտքը դրսում «բրենդ» չունի: Իսկ ապրանքդ կարող ես վաճառել, եթե քեզ ճանաչում են: Դրսից մի քանի առաջարկներն էլ ծանոթ-բարեկամական կապերի արդյունք են: Միջպետական պայմանագրերն էլ, որպես կանոն, թղթից այն կողմ չեն անցնում: Սա իմ փորձից եմ ասում: