«Գերագույն խորհուրդ.պատգամավորական ակումբ» կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը եւ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ընտրությունների օրինականությունը վերահսկող հանձնախմբի անունից նամակ են հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, մատնանշելով, թե ինչպես է Երեւանի քաղաքապետը պատրաստվում խախտել Ընտրական օրենսգիրքը: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 16.03.07թ. համարում, Երեւանի քաղաքապետարանը «Ի գիտություն ՀՀ Ազգային ժողովի 2007թ. մայիսի 12-ին կայանալիք ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների եւ քաղաքացիների» վերնագրով տեղեկատվություն է տարածել այն մասին, որ «ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության իրականացման սկզբունքները, որպես արտաքին գովազդի ոլորտ կանոնակարգված են նաեւ Երեւանի քաղաքապետի 27.04.2006թ. «Երեւան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնները.» N0 640-Ն որոշմամբ»,- ասված է ԿԸՀ-ին ուղղված նամակում: Դրա հեղինակները փաստում են, այդ որոշման հիմնարար դրույթները հակասում են Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջներին, խախտելով ընտրության մասնակիցների «հավասար հիմունքներով, անարգել» քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը: ԿԸՀ-ին ուղղված նամակի հեղինակները մասնավորապես նշում են այն հոդվածները, որոնք խախտում է քաղաքապետարանը: «1. քարոզչական պաստառները փակցվում են «քարոզչությունը սկսվելուց հինգ օր հետո համայնքի ղեկավարի կողմից համայնքի տարածքում առանձնացված հատուկ տեղերում» (ԸՕ-21-րդ հոդվածի 2-րդ կետ), այլ ոչ թե ըստ գովազդատուի եւ համայնքի ղեկավարի ցանկության ցանկացած չափի եւ որտեղ պատահի, այդ թվում, էլեկտրական սյուների վրա (ՔՈ-12-րդ կետ): 2. բոլոր մասնակիցներին հատուկ տեղերում տրամադրվում են հավասար մակերեսներ (ԸՕ-21-րդ հոդվածի 2-րդ կետ), այլ ոչ թե ինչ-որ մրցույթներում «հաղթողներ են» որոշում (քաղաքապետարանի որոշում-13-րդ կետ)»,- նամակում նշել են դրա հեղինակները: Հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1/3 կետի պահանջները, նամակի հեղինակները ԿԸՀ-ին առաջարկում են միջոցներ ձեռնարկել Երեւանի քաղաքապետարանի օրենքին հակասող գործողությունների հետեւանքների վերացման ուղղությամբ: