Թալինի նախկին ավանային շենքում, որը ժամանակին ծառայել է որպես քաղաքապետարան, 1990 թվականից բնակվում են Բաքվից Հայաստան գաղթած ընտանիքներ։ Այստեղ մարդիկ ապրում են ծանր պայմաններում. չորս հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է փոքրիկ սենյակում, ուր ազատ տեղաշարժվելն անգամ անհնար է, իսկ ձյան հալոցքից խոնավացած պատերի մեջ շնչելը՝ անտանելի։ 2005թ. մարզկենտրոնից եկել եւ սերտիֆիկատներ էին առաջարկել, որոնց օգնությամբ նրանք կարող էին Արագածոտնի մարզի որեւէ գյուղում կամ քաղաքում տուն գնել։ Սակայն փախստականները բողոքում են, որ սերտիֆիկատի տրամադրած գումարով՝ 875.000 դրամ, նույնիսկ մեկ սենյականոց բնակարան գնել հնարավոր չէ, քանի որ այս սերտիֆիկատների մասին իմանալով՝ բնակիչներն ավելի էին թանկացրել վաճառվող բնակարանների գները։
Վկայագրերը տրվել էին Քաղաքաշինության նախարարության Փախստականների վարչության եւ ՀՀ կառավարության կողմից 2005-2006թթ. իրականացվող վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանների ապահովման ծրագրի շրջանակներում։ Փախստական, երեք երեխաների մայր Ռոմելա Ազարյանը բողոքում էր, որ գումարն առձեռն չէին տալիս. «Մեզ ասում էին՝ 3 ամսում տուն գտեք, եթե չէինք գտնում, էլի 3 ամիս էին ավելացնում, ու այսպես 3 ամսով կմնանք նույն տեղում, մինչեւ մեռնենք, նոր այդ ժամանակ մեզ կհանեն այստեղից, տանեն թաղեն»։
Թալինի սոցիալական ծառայության կենտրոնի փախստականների հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Հերիքնազ Լախոյանից տեղեկացանք, որ տուն գնելու դեպքում գործարքն իրականացվում է նոտարական վավերացումով, իսկ գումարը փոխանցվում է բնակչի հաշվի վրա։ Փախստականներից մի քանիսը՝ Ղազարյան Զաբելան, Ավանեսովա Դիանան եւ Թելունց Նանան, կարողացել են բնակարան ձեռք բերել. վերջինը գնել է Աշնակ գյուղի մանկապարտեզի շենքը։ Մյուս փախստականները, ովքեր չեն կարողացել բնակարան գնել, հետ են վերադարձրել վկայագրերը։
«Քանի անգամ իրենց ասել եմ, որ հնարավոր չէ այդ գնով տուն գտնել, նույնիսկ օրինակ էլ եմ բերել, որ ամենախղճուկ վիճակում գտնվող շինությունն էլ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով է վաճառվում։ Նույնիսկ խնդրել եմ, որ տուն չգտնելու դեպքում՝ այդ վկայագրով հատկացված գումարը մեզ տան, գոնե մի բանով օգուտ կտա մեր առանց այն էլ ծանր վիճակին, բայց ասացին, որ այդպիսի բան անելու իրավունք չունեն, միայն տուն գնելու դեպքում իրավունք ունեն գումարը փոխանցել»,- պատմում է արդեն 18 տարի նախկին Ավանային սովետի շենքում բնակվող փախստական Անյուտա Պողոսովան։
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Կարեն Շահազիզյանը նշեց, որ գործընթացը մարզի երեք շրջաններում՝ Ծաղկահովիտ, Թալին, Ապարան, արդեն ավարտվել է։ 94 փախստականներից 86-ը ստացել են սերտիֆիկատներ, որոնցից 51-ը գնել են բնակարաններ։ Իսկ թե ինչու է գումարն այդքան քիչ հատկացվել՝ Կ. Շահազիզյանը պատասխանեց. «Մարզպետարանի եւ Փախստականների եւ միգրացիայի վարչության կողմից տվյալ շրջանի բնակարանների վաճառքի շուկայական գները համապատասխանեցվել են վկայագրերի գներին։ Ասեմ, որ 4 սենյականոց բնակարան ոչ ոք չի ստացել, բայց նման դեպք է պատահել, երբ փախստականը հատկացված գումարի մեծ մասով բնակարան է գնել, եւ գումարի մնացած մասը նույնպես փոխանցել ենք իրեն»։
Դեռեւս հայտնի չէ՝ 2007թ. նման ծրագիր կիրականացվի՞, թե՞ ոչ։ Ըստ Կարեն Շահազիզյանի՝ հնարավոր է, որ նույն փախստականները երկրորդ անգամ չստանան նույնանման վկայագրեր. «Հաջորդ անգամ նախքան վկայականներ բաժանելը՝ ուսումնասիրություններ կանցկացվեն՝ կապված փախստականների սոցիալական վիճակի հետ, ու, եթե պարզվի, որ ոչ մի փոփոխություն չկա՝ այդ ժամանակ համապատասխան փաստաթղթերով նրանց նորից կտրամադրվի վկայագիր»։
Վերջին երկու տարիների ընթացքում Թալինում 3 նոր բնակելի շենք է կառուցվել, սակայն փախստականներից ոչ ոք չի կարող բնակվել այդտեղ։ Թալինի քաղաքապետի տեղակալ Գաբրիել Ավետիսյանը, ով նաեւ Թալինում նոր կառուցված բնակարանների բաշխման հանձնաժողովի անդամ է, պատասխանեց. «Փախստականներից ոչ ոք չի կարող բնակվել, քանի որ բոլոր բնակարանները չորս սենյականոց են, հետեւաբար՝ բնակվող ընտանիքներից յուրաքանչյուրը պետք է բաղկացած լինի 7 անձից։ Բացի այս, Թալինում կան շատ կարիքավոր ընտանիքներ, որոնք փախստականներ չեն, օգնելիս առաջին հերթին կաշխատենք նրանց օգնել, չնայած տարբերություն չենք դնում. կարիքավորը մնում է կարիքավոր»։
Ինչպես պարզեցինք՝ փախստականներից ոչ մի ընտանիք 7 անձից չի բաղկացած։
«Ամուսինս 7 տարի աշխատում էր տաջիկների կողմից կառուցվող տների շինարարության վրա։ Այն ժամանակ մեզ ասել էին, որ երբ տների կառուցումը վերջանա, մենք էլ բնակարան կստանանք, բայց տաջիկների նախաձեռնությամբ տուն կառուցելը կիսատ մնաց, շատերը ստացան իրենց բնակարանները, իսկ մենք էլի մնացինք»,- պատմում է Ավանային սովետի շենքում բնակվող Ռոզա Ազարյանը։ Ռոզա տատիկի ամուսինը մահացել է մի քանի տարի առաջ, իսկ կիսակառույց շենքը, որի մասին նշվեց, Թալինում հայտնի է որպես «Տաջիկստրոյի շենք»։
1989-ից Թալինում տաջիկները, մոնղոլները շինարարական աշխատանքներ էին կատարում (երկրաշարժից հետո Թալինը համարվում էր աղետի գոտի)։ Նոր կառուցվող բնակարանները պետք է տրամադրվեին վատ պայմաններում ապրող թալինցիներին ու անօթեւան փախստականներին։ Բայց քանի որ նրանց ծրագիրն անավարտ մնաց՝ տաջիկները հեռացան Թալինից, իսկ հետո Գյուղնախարարության ենթակայությամբ ստեղծվեց Կենտրոնացված օբյեկտների միացյալ դիրեկցիա, որի շնորհիվ էլ շինարարությունը շարունակվեց։ Սակայն այստեղ էլ թալինցիների բախտը չբերեց, քանի որ կառավարության գումարը չբավականացրեց շինարարությունն ավարտելուն, եւ շենքը մնաց կիսակառույց։ Ճիշտ է, շատ փախստականներ կարողացան բնակարաններ ստանալ, սակայն կան փախստականներ, որոնք ապրում են ծանր պայմաններում եւ օգնություն ստանալու որեւէ ակնկալիք չունեն ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ մարզպետարանից։
«Աստված գիտի, 10 տարի էլ երեւի պիտի մնանք, որ էս հիմնարկից հանեն, տանեն։ Ով գալիս է մի բանով օգնելու, առաջինը հարցնում է՝ գունավոր տելեվիզոր ունե՞ք, ուրեմն փախստական չեք։ Ասում եմ՝ հիմա լյուբոյ բոմժի տանն էլ գունավոր տելեվիզոր կա, 16 տարի աշխատել եմ, որ մի գունավոր տելեվիզոր է՞լ չունենամ։ Հարցնում են՝ աթոռ ունե՞ք, ուրեմն փախստական չեք։ Ուզբեկի նման պիտի ոտքերդ տակդ ծալես-նստես, որ իմանան՝ փախստական ես»,- դժգոհում է Անյուտա Պողոսովան։
Քաղաքապետի տեղակալի խոսքերով՝ երեք նոր կառուցված շենքերից բացի, նախագծված է կառուցել եւս վեց բնակելի շենք։ Միայն դրա համար բավական գումար է հարկավոր, որը Թալինի բյուջեն դեռ չունի. «Գումար լինելու դեպքում ես առաջին հերթին կողմ կլինեի, որ կիսակառույց շենքը վերակառուցվեր. այդպես կլուծվեին շատերի խնդիրները, այդ թվում՝ փախստականների, հետո նոր մյուս շենքերի կառուցման մասին կմտածեինք»։